07 05 2019

Զոհրաբ Մնացականյանը բարձրացրել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցը

Զոհրաբ Մնացականյանը բարձրացրել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցը

Մայիսի 6-ին Բրատիսլավայում տեղի ունեցավ Վիշեգրադյան քառյակի եւ Արեւելյան գործընկերության երկրների նախարարական հանդիպումը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցեցին Վիշեգրադյան քառյակի երկրներ Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, Չեխիայի ԱԳ նախարար Թոմաս Պետրիչեկը, Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը, Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Արեւելյան գործընկերության անդամ երկրներ Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի ԱԳ նախարարներ եւ Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալներ:

Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարեւորեց նման ձեւաչափով հանդիպման անցկացումը Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված նախարարական հանդիպմանը եւ բարձրաստիճան համաժողովին ընդառաջ, ինչը հնարավորություն է ընձեռնում վերլուծել Արեւելյան գործընկերության անցած 10 տարիների ձեռքբերումները եւ մտքեր փոխանակել հաջորդ տասնամյակի տեսլականի շուրջ նաեւ Վիշեգրադյան քառյակի հետ:

Հանդես գալով նախարարական հանդիպմանը՝ ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը Արեւելյան գործընկերությունը բնութագրեց որպես ԵՄ հետ ՀՀ-ի համագործակցությունն օժանդակող կարեւոր հարթակ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առավել կարեւորեց Արեւելյան գործընկերության շրջանակում առանձին երկրների հետ իրականացվող համագործակցության տարբերակման եւ համախմբման մոտեցումների համադրումը, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության վերաբերյալ ԵՄ անդամ երկրների շրջանում համաձայնեցված ընկալման ձեւավորումը: Այս տեսակետից առանձնահատուկ ընդգծվեց, որ Հայաստանի համար Արեւելյան գործընկերությունը եվրոպական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված գործընկերություն է:

Հայաստանի ԱԳ նախարարը շեշտեց, որ Արեւելյան գործընկերության հիմքում պետք է լինի մարդը, նրա իրավունքների եւ ազատությունների առաջմղումը եւ ըստ այդմ մարդկանց միջեւ շփումների խրախուսումը: Այս համատեքստում նախարար Մնացականյանն արժեւորեց մուտքի արտոնագրերի ազատականացումը, որը նոր խթան կհանդիսանա Հայաստանի եւ ԵՄ անդամ պետությունների գործընկերության ամրապնդման համար:

Անդրադառնալով անվտանգության խնդիրներին եւ հակամարտությունների ազդեցություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծեց, որ հակամարտային իրավիճակները տարբեր են եւ ունեն տարբեր ազդեցություն գործընկեր երկրների վրա, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ցուցաբերել յուրովի մոտեցում՝ կապված կոնկրետ իրավիճակների առանձնահատկությունից:

Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը կարգավորող շրջանակային համաձայնագիր ՀԸԳՀ-ն, որը, ի թիվս այլ հնարավորությունների, կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացման եւ արդիականացման օրակարգի առաջմղմանը, ներառյալ ոլորտային համագործակցության միջոցով: Այս տեսակետից նախարար Մնացականյանը կարեւորեց փոխկապակցվածության տարածաշրջանային ծրագրերի համաչափ զարգացումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ