11 07 2024

Տարածքները թշնամուն հանձնելն այդ երբվանի՞ց են սկսել կոչվել «շինարարական աշխատանքներ»․ «Փաստ»

Տարածքները թշնամուն հանձնելն այդ երբվանի՞ց են սկսել կոչվել «շինարարական աշխատանքներ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին առաջին հայացքից անմեղ թվացող տեղեկություն է տարածվել Ճանապարհային դեպարտամենտի կողմից, թե՝ շինարարական աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի՝ Կիրանց գյուղով անցնող հատվածը: Առաջարկվում է շրջանցել Աճարկուտով...

Սա, կրկնենք, առաջին հայացքից անմեղ, անգամ՝ շարքային տեղեկություն է: Բոլոր նրանց համար, ում Կիրանց անվանումը ոչինչ չի ասում: Մինչդեռ, նկատենք, խոսքը այն սահմանամերձ գյուղի մասին է, որին պատկանող տարածքների մի որոշակի մասը Նիկոլ Փաշինյանն ու նրա քպական իշխանությունը վերջերս նվիրեցին Հայաստանի ու հայության թշնամի ադրբեջանական թուրքերին: Ստացվում է, որ նախ՝ մի որոշ ժամանակ Կիրանցը «փակ» է լինելու ավտոմոբիլային երթևեկության համար: Թե ինչ աշխատանքներ են տանում ու ինչ նպատակով, դեռևս անհայտ է: Բայց, ուզենք թե չուզենք, հարց է առաջանում՝ տարածքները թշնամուն հանձնելն այդ երբվանի՞ց են սկսել կոչվել «շինարարական աշխատանքներ»:

Մի քանի օր առաջ, նկատենք, Փաշինյանը գնացել էր Կիրանց ու մերձակա այլ տարածքներ, ինչպես կարելի էր հասկանալ՝ «այլընտրանքային ճանապարհների» անցկացման ընթացքին հետևելու: Թե՞ «շինարարական աշխատանքներ» ասելով՝ նկատի ունեն ընդհանրապես բոլոր ճանապարհների փակումը: Ի դեպ, երեկ պարզվեց, որ հեռահաղորդակցության օպերատորների մի մասի ինտերնետ և բջջային կապի խզումները պայմանավորված են նույն «շինարարական աշխատանքներով»:

Պարզ ասած՝ այնպես են «շինարարական աշխատել», որ տվել ու համապատասխան մալուխները կտրտել են: Երևի պիտի ինչ-որ տեղ ուրախ լինենք, որ միանգամից մայր գազատարը չեն պայթեցրել: Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս ամենը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե, ի թիվս ամենի, ինչ այլ առարկայական խնդիրների առջև է կանգնելու Հայաստանը «փաշինյանական» հանձնողականությունից: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչեր են սպասվում, եթե Փաշինյանի գործընկեր Ալիևը որոշի ժամանակ առ ժամանակ «շինարարական աշխատանքներ» կատարել մեր ինտերնետ կապի ու գազատարի մերձակայքում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ