Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները երեխաներին թույլ չեն տալիս հայ–ադրբեջանական սահմանից 50 մետր հեռավորության վրա գտնվող նորակառույց դպրոցի բակի խաղահրապարակում խաղալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ բնակիչների զգուշավորության պատճառը վերջին շրջանում հակառակորդի տարածքում նկատվող կուտակումներն են։
«Մոտ տասը օր առաջ պատի մոտ թշնամու զորքերի կուտակումներ էին նկատվում, դեպի Աճարկուտ տանող ճանապարհից անգամ լսվում էին նրանց ձայները։ Սահմանազատման հետևանքով Ադրբեջանին անցած կամրջի վրա էլ ինչ–որ աշխատանքներ էին իրականացնում, տեխնիկա էր աշխատում»,–պատմեց Աճարկուտի բնակիչը։
Նրա խոսքով, հենց դա է եղել պատճառը, որ Կիրանցի բնակիչներն ավելի զգուշավոր են դարձել, և երեխաներին զգուշացնում են՝ հեռու մնալ պատից ընդամենը 30 մետր հեռավորության վրա գտնվող խաղադաշտից։
«Պաշտոնյաները խոստացել էին, որ նորակառույց դպրոցն անվտանգ է լինելու և խնդիրներ չեն առաջանալու, այդ պատճառով էլ առաջին մի քանի օրերի ընթացքում դպրոցի տնօրինությունը նման ցուցադրական ներկայացումներ էր կազմակերպում, երեխաներին տանում խաղահրապարակ, որպեսզի ցույց տան, իբր իսկապես անվտանգ է»,–ասաց Կարեն Ղազարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը