«Հրապարակ»-ը գրում է. «Գրել էինք, որ Արցախի գլխավոր դատախազությունում 44-օրյա պատերազմի և 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ քրեական վարույթ է հարուցվել։ Վարույթի շրջանակում Արցախում հարցաքննվել է նաև 2020թ․ մայիսի 29-ից մինչև նոյեմբերի 10-ը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Բաբայանը։ Մեզ հասանելի է դարձել հարուցված քրեական վարույթի շրջանակում Սամվել Բաբայանի տված ցուցմունքը։
Այն ժամանակ Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին տված ցուցմունքում Բաբայանը հայտնել է, որ 44-օրյա մահաբեր պատերազմի ժամանակ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները 2 անգամ դիմել են Փաշինյանին՝ պատերազմն ամեն գնով կանգնեցնելու խնդրանքով։ Ըստ այդ ցուցմունքի՝ Փաշինյանին նախ խնդրել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և այդ ժամանակ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը, իսկ երկրորդ անգամ՝ Արցախի ԱԺ-ում ընդգրկված քաղաքական ուժերը։ Սամվել Բաբայանը պատմել է, որ ինքը տեղյակ է եղել այդ խնդրանքներից և իր ցուցմունքում ասել է, որ երբ Փաշինյանը պատերազմը կանգնեցնելու համար դիմել է ՌԴ նախագահին, ադրբեջանական կողմն ավելի մեծ պահանջներ է ներկայացրել։
«Նոյեմբերի 9-ի երեկոյան ես տեղեկացել եմ, որ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել հայտնի հայտարարությունը, և այն կանխելու համար գնացել եմ ՀՀ կառավարություն, բայց արդեն ուշ էր, ինձ չի հաջողվել հանդիպել Փաշինյանին։ Ես Փաշինյանի այդ քայլը համարում եմ դավաճանություն։ Պատերազմի ընթացքում Արայիկ Հարությունյանի հետ պարբերաբար քննարկել ենք պատերազմի ընթացքն ու համոզվել, որ Պաշտպանության բանակն ի վիճակի չի եղել դիմակայելու հարձակմանը։ Արայիկ Հարությունյանը ցանկանում էր, որ օր առաջ ռազմական գործողությունները դադարեցվեն։ Սակայն գիտակցում էր, որ դա իրենից կախված չէ»,- ասել է Բաբայանը։
Բաբայանի ողջ ցուցմունքը չենք հրապարակում` անվտանգության նկատառումներից ելնելով։ Տեղեկացանք, որ նոյեմբերի 29-ին ԱԺ Քննիչ հանձնաժողովը հարցաքննելու է նաև Սամվել Բաբայանին՝ ելնելով նրա ցանկությունից։ Հանձնաժողովի ձևավորումից հետո Սամվել Բաբայանը, որպես անկախ խորհրդատու, պետք է մասնակցեր հանձնաժողովի աշխատանքներին, սակայն հետո կեսից փոշմանել էր՝ հայտարարելով, թե «կան խաղի կանոններ, եթե ինչ-որ մեկի անունն ունեն խայտառակելու, ինձ չունեն»։ Հետաքրքիր է, թե ինչ ցուցմունք է տալու Բաբայանը քննիչ հանձնաժողովին և արդյո՞ք պնդելու է արցախյան ցուցմունքում ասածները՝ Փաշինյանին անվանելով դավաճան, որն օր առաջ չի կանգնեցրել պատերազմը։
Երեկ մենք կապվեցինք Արցախի նախկին գլխավոր դատախազ, հետագայում պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ, ով վարել է այդ գործի քննությունը, սակայն նրա՝ պետնախարար նշանակվելուց հետո վարույթը կարճվել է։
- Պարոն Ներսիսյան, ԱԺ քննիչ հանձնաժողովից Ձեզ կանչե՞լ են հարցաքննության։
- Չէ։
- Դրա անհրաժեշտությունը չե՞ք տեսնում։
- Ես չեմ որոշում, եթե իրենք գտնեն՝ կարիք կա, կհրավիրեն։
- Դուք պատմելու ոչինչ չունե՞ք՝ որպես Արցախի նախկին գլխավոր դատախազ, ով տիրապետում է բացառիկ տեղեկությունների։
- Հանձնաժողովի քննարկման առարկան ես չեմ որոշում, իրենք են որոշում, եթե գտնեն, որ հարցեր կան ինձ ուղղված, ես կգնամ, պատրաստ եմ։
- Արցախի գլխավոր դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակներում Սամվել Բաբայանը, Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը հարցաքննվե՞լ են։
- Ես բազմաթիվ այլ հարցաքննություններ եմ կատարել այդ քրեական վարույթի շրջանակում։
- Մասնավորապես Սամվել Բաբայանին հարցաքննե՞լ եք։
- Այդ վարույթի շրջանակում՝ ոչ։
- 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթի շրջանակում չե՞ք հարցաքննել։
- Հիմա լավ չեմ հիշում, հնարավոր է, որ հարցաքննած լինեմ, որքան հիշում եմ՝ վստահաբար հարցաքննվել են Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը, որքան հիշում եմ՝ նաև Սամվել Բաբայանը։
- Սամվել Բաբայանի հարցաքննությունից հետևյալ դրվագը հիշո՞ւմ եք․ «Երկու անգամ դիմել են Փաշինյանին՝ պատերազմը կանգնեցնելու խնդրանքով»։
- Ես մանրամասնությունները չեմ կարող ասել, դրանք այնպիսի արձանագրություններ են, որոնք վարույթում են և հասանելի են. եթե անհրաժեշտությունը կա, կարող են վերցնել, ուսումնասիրել, ես չեմ հիշում»:
Մանրամասները՝ թերթի համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը