Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի վերաբերյալ քրեական գործով զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատարանի կողմից փոփոխվել է և մեղադրյալը ազատ է արձակվել դատարանի դահլիճից։
««LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանը վերջին ամիսներին ստանձնել էր 2023թ. հունվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված «զինվորական կացարանում» հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրյալ, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանի պաշտպանությունը:
23.08.2024թ. դատարանը (նախագահությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի) որոշեց փոխել Գոռ Աղեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը այլընտրանքային խափանման միջոցներով և նրան կալանքից ազատեց հենց դատարանի դահլիճից:
Թեև դեռ կա երկարատև համբերատար աշխատանքի անհրաժեշտություն, այդուհանդերձ այս գործով պաշտպանության կողմը ունի բավարար ապացույցներ և համոզված է, որ դատավարության արդյունքում վերջնականապես հիմնավորվելու է Գոռ Աղեկյանի անմեղությունը:
2023թ. հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետությունը ցնցած այս դեպքի շուրջ դատաքննությունն ընթանում է հանրային ուշադրության ներքո, պարբերաբար հնչում են ամենատարբեր տեքստեր ու ենթատեքստեր պարունակող հայտարարություններ, գնահատականներ, այդուհանդերձ գործը նախագահող դատավոր Վարդան Հարությունյանին հաջողվում է բարձր պատասխանատվությամբ արդարադատություն իրականացնել՝ չնայած այս գործով նախադեպը չունեցող հոգեբանական ու էմոցիոնալ ծանրաբեռնվածությանը, դատավարության ողջ ընթացքում զգայուն ու նուրբ հարցերի շուրջ հաճախակի պոռթկումնալից իրավիճակներին»,- նշված է «LSA» փաստաբանական գրասենյակի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը