Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնում է, որ Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետով ՀՀ քաղաքացիների կողմից 14.08.2023թ. անարգել տեղաշարժի մասին Ադրբեջանի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում։
«Երբ Լաչինի միջանցքով հազիվ վերականգնվել է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի միջոցով բուժառուներին ՀՀ բուժհաստատություններ տեղափոխելու գործընթացը և ամեն երթ կազմակերպելու համար մի քանի օր տևող բանակցություններ են վարվում, որպեսզի ԿԽՄԿ տարբերանշանը կրող մեքենայից քաղաքացիական անձ չառևանգվի, Ադրբեջանը երեկ տեղեկություն է հրապարակել, թե իբր տեսեք՝ ինչպես են ՀՀ քաղաքացիները անարգել անցնում Հակարիի կամրջի վրա տեղադրված «անցակետով»: Զարմանալիորեն այդ պահին նույն վայրում էին հայտնվել նաև թուրքական լրատվամիջոցները:
Իրականում սակայն «անցակետով» անցած անձինք հանդիսանում էին Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմում քաղաքացիական ծառայություն իրականացնող անձինք, նրանք «անցակետ» են տեղափոխվել խաղաղապահ ուժերի կողմից և նրանց տրանսպորտային միջոցներով: Իսկ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից առաջ Ադրբեջանը փորձել է այդ դեպքն օգտագործել՝ հերթական բեմականացման նպատակով:
Տեսանյութերից ակնհայտորեն դիտվում է, թե ինչպես են ռուս խաղաղապահների տրանսպորտային միջոցները 14.08.2023թ. նրանց տեղակայման վայրից ճանապարհվում Լաչինի միջանցքի ուղղությամբ և ինչպես են «անցակետում» խաղաղապահների տեղակայման վայրից մարդիկ անցնում Հայաստանի Հանրապետություն»,- գրել է Գ.Ներսիսյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին կկայանա Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը