«Հրապարակ»-ը գրում է․
Մեծ հաշվով, մենք, ինչ-որ պահից սկսած, ոչ թե ինքնիշխան պետություն ենք, այլ պետության իմիտացիա ենք անում. դրոշ, գերբ, հիմն, ազգային դրամ ունենք, դեսպանություններ` աշխարհի շատ երկրներում, կառավարություն, պառլամենտ, դրանց անդամներն անգամ մեկնում են տարբեր երկրներ` այցելությունների, իրենք են պաշտոնական պատվիրակություններ ընդունում, ինչ-որ փաստաթղթեր են ստորագրում, միջոցառումներ անում: Բայց եթե քո անվտանգությունն այնքան խախուտ է, որ դու ոչ մի ռեսուրս չունես քեզ պաշտպանելու, եւ միակ հույսդ այն է, որ հարեւան պետությունները ձեռնպահ կմնան քեզ վրա հարձակվելուց, որովհետեւ այդ պահին դա իրենց ձեռնտու չէ, ուրեմն դու պետություն, ըստ էության, չունես:
Եթե դու սարսափահար զանգում ես տարբեր պետությունների ղեկավարներին եւ խնդրում` գործի դնել բոլոր լծակները, որ հարեւաններիդ զսպեն եւ միջնորդ դառնան ու կապ ստեղծեն քո ու հարեւանիդ միջեւ, եթե հարյուր անգամ կրկնում ես նույն նվաստացուցիչ ու ազգային շահիդ համար վնասակար տեքստը, թե` ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ՝ նրա կազմում, իսկ, այ, Ալիեւը Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, ուրեմն դու պետության ղեկավար չես, դու պետությունը լուծարած վերջին ղեկավարն ես: Թղթի վրա մնացած մի բուտաֆորիայի ղեկավար, որի ղեկավարած միավորի գոյությունը պայմանավորված է բացառապես հարեւանների կամքով եւ աշխարհի հայեցողությամբ:
Եթե դու փորձում ես ինքնուրույն քաղաքականություն վարել ու դեմքով շրջվել դեպի Արեւմուտք, իսկ երբ դեղին քարտ են ցույց տալիս Հյուսիսից, եւ դու խառնված նամակ ես գրում հյուսիսային հարեւանիդ ու համոզում, թե` ոչ մի հակառուսականություն չկա այդ քայլերի մեջ, ուրեմն դու պետությունն արդեն ոչնչացրել ես:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը