«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը թերթի առաջին էջում գրում է․ «Ինչո՞ւ է գիտակից մարդկությունը խուսափում վենդետաների, դատական սխալների պրակտիկայից, մերժում հաշվեհարդարները ու փորձում օրենքի եւ իրավունքի գերակայություն սահմանել։ Որովհետեւ յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ երբ գործում է անօրինականության եւ «բեսպրեդելի» մսաղացը, ցանկացած պահի ինքն ու իր մերձավորները կարող են հայտնվել այդ մսաղացի մեջ։
Բայց քաղաքակիրթ աշխարհը հատկապես ուշադիր է պետական բարձր ինստիտուտների հանդեպ՝ պետությունների ղեկավարներին, պառլամենտականներին հատուկ իմունիտետ են շնորհում ոչ միայն այն պատճառով, որ նրանք պետության առջեւ վաստակ ունեցող անձինք են, այլեւ այն պատճառով, որ նրանց պաշտպանվածությունը սերունդների համերաշխության, իշխանությունը խաղաղ փոխանցելու երաշխիք է։
Ես կտրականապես դեմ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին դատելուն։ Ոչ թե նրա համար, որ համոզված եմ նրանց անմեղության մեջ։ Այլ այն պարզ պատճառով, որ երբ սկսում ես դատել ու պատժել առաջին դեմքերին, խիստ մեծանում է վտանգը, որ նրանք ամեն ինչ կանեն, որ երբեք «նախկին» չդառնան։ Քանզի իշխանությունից հեռանալը համազոր է դառնում կյանքից ու ապրելու իրավունքից զրկվելուն։ Քանզի աթոռին կառչելը բանտ չընկնելու միակ եղանակն է մնում։ Ինչո՞ւ չի կարելի այսօր ՀՀԿ-ականներին հալածել ու քարկոծել, որովհետեւ վաղը-մյուս օրը այս ամենը տեսած ՔՊ-ականներն ամեն ինչ անելու են, որ իշխանությունից չզրկվեն։ Ինչո՞ւ չի կարելի հեղափոխությունից-իշխանափոխությունից հետո ունեցվածքի վերաբաշխում անել, քանզի այսօրվա բիզնեսմենները վաղն ամեն ինչ կանեն, որ իշխանությունը չփոխվի, եւ իրենց ունեցվածքին որեւէ վտանգ չսպառնա։ Ինչո՞ւ չի կարելի մարդկանց գործազուրկ դարձնել, որ նրանք վաղը ռեժիմն ատամներով չպաշտպանեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը