09 09 2023

«Իշաոտնուկի» վրա էլ ցանկության դեպքում նորմալ դիվանագիտություն կարելի է իրականացնել․ «Փաստ»

«Իշաոտնուկի» վրա էլ ցանկության դեպքում նորմալ դիվանագիտություն կարելի է իրականացնել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանը սկսել է հյուրընկալող երկրներում դեսպանատան շենքեր գնել, ու, իշխանությունների հավաստիացմամբ, այս գործընթացը սկսվելու է Լոնդոնում 17 մլն ֆունտ ստեռլինգով անշարժ գույք ձեռքբերելուց։ Խոսքը, ոչ ավել-ոչ պակաս, 5 հարկանի շենքի մասին է: Արդեն օրինաչափություն է դարձել, որ կառավարությունը բավական առատաձեռն է այն ուղղություններում, որոնց անհրաժեշտությունն այնքան էլ չկա, և մեծ գումարներ են ուղղվում հաճախ անկարևոր կամ ժամանակավրեպ ուղղություններով։ Օրինակները չթվարկենք, Սնուփ Դոգի համերգից մինչև պաշտոնյաների ճոխ պարգևավճարներ, հայտնի են մեր հանրությանը: Եթե Հայաստանը շատ լուրջ անվտանգության ու ընդհանրապես գոյատևման խնդիր չունենար, դեռ ինչ-որ տեղ կարող էին ընդունելի լինել շռայլ ծախսերը։

Բայց երբ իշխանություններն ընդունակ չեն բանակին ապահովել սպառազինություններով ու երաշխավորել մարդկանց անվտանգությունը, փոխարենը այլ ուղղություններով մեծ ծախսեր են անում, այս ամենը բազմաթիվ հարցեր է առաջ բերում։ Թերևս այս հարցադրումներին պատասխանելու նպատակով էլ Փաշինյանը կառավարության նիստում Լոնդոնում դեսպանատան շենքի ձեռքբերումը հիմնավորեց հետևյալ կերպ. «Ասում ենք՝ բա ո՞ւր է մեր դիվանագիտությունը. մեր դիվանագիտությունը մի զբոսայգում մի հատ իշաոտնուկ դրած, վրան նստած է՝ դրոշն էլ վերևը կախած, ասում ենք՝ սա մեր դեսպանատունն է»։ Ասել կուզի, թե այդ ծախսը ուղղված է դիվանագիտության մակարդակի բարելավմանը։ Բայց խնդիրն այն է, որ գույքային պայմանները շատ քիչ առնչություն ունեն դիվանագիտական գործունեության արդյունավետության հետ։ Անգամ «տաբուրետկայի», էլ չասած՝ «իշաոտնուկի» վրա էլ ցանկության դեպքում նորմալ դիվանագիտություն կարելի է իրականացնել, եթե դրա համար կա կամք, բայց, միևնույն ժամանակ, կարելի է ճոխ շենքերի մեջ ոչ մի բան չանել։

Այսինքն՝ շենքը չէ, որ կանխորոշում է դիվանագիտության հաջողությունը։ Երբ իշխանությունները կարողանան դիվանագիտական արդյունքներ գրանցել, այդ ժամանակ էլ կարող են շենքերի մասին մտածել։ Մյուս կողմից էլ՝ արդեն 5 տարի Փաշինյանը պաշտոնավարում է, նոր հիշե՞ց, որ պատշաճ մակարդակի դեսպանատներ չունենք։ Հաջորդը. 2018 թվականին Փաշինյանը հայտարարում էր, թե պետք է ձերբազատվել դեսպանների կամ գլխավոր հյուպատոսների պաշտոնում ոչ կադրային դիվանագետների նշանակման պրակտիկայից, բայց, ինչպես իր մյուս խոստումների դեպքում, կարճ ժամանակ անց հենց ինքն էլ խախտեց իր խոստումը։ Արդյունքում ոչ կադրային դիվանագետների՝ դեսպանների ու հյուպատոսների պաշտոնում նշանակելը դարձել է օրինաչափություն։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ դեսպանատները դարձել են քպականների ու իշխանությունների համակիրների աշխատանքի տեղավորման գործակալություն։ Իսկ դրա հաշվին պրոֆեսիոնալ դիվանագետների գործունեության դաշտը փոքրանում է։

Փորձը ցույց է տալիս, որ իշխանությունների համար պրոֆեսիոնալիզմը ինչպես արժեք չունի մյուս ոլորտներում, այնպես էլ դիվանագիտության մեջ։ Իսկ ավելի հստակ՝ իրենց ոչ թե երկրի շահերն են հետաքրքրում, այլ սեփական աթոռը։ Դրա արդյունքում է, որ մի ժամանակ փաբերում ժամանակ անցկացնողները, որոնք դիվանագիտությունից հեռու էին կիլոմետրերով, հանկարծ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, հայտնվեցին տարբեր, այդ թվում՝ դիվանագիտական պաշտոններում։ Եթե նույնիսկ այդ մարդիկ աշխատեն աշխարհի լավագույն շենքերում, միևնույնն է, մեր դիվանագիտության էությունը դրանից չի փոխվի։ Մինչև առանձնահատուկ կենտրոնացում չլինի աշխատանքի բովանդակության և պրոֆեսիոնալիզմի բարձրացման վրա, մինչև ցանկություն չլինի պահել սեփական երկրի շահերը, մինչև նորմալ, հայանպաստ, հայրենանպաստ իշխանություն չլինի մեր երկրում, Հայաստանի հետ դրսում հաշվի չեն նստի։ Ստեղծված են բոլոր անհրաժեշտ դիվանագիտական պայմանները, որպեսզի այդ դաշտում որոշակի հաջողություններ գրանցվեն։

Ադրբեջանը միջազգային իրավունքը, դիվանագիտական նորմերն ու մարդու իրավունքների սկզբունքները դարձրել է «պոլի շոր», մեկը մյուսի հետևից հանցագործություններ է իրականացնում՝ շրջափակման արդյունքում Արցախի մեր հայրենակիցներին պահելով պատանդի կարգավիճակում, բայց միջազգային դերակատարների կողմից դատարկ ու ոչինչ չասող կոչերից բացի գործնական քայլեր չեն ձեռնարկվում։ Սա վկայում է դիվանագիտական ձախողման մասին, որից Ադրբեջանն ավելի է ոգևորվում։ Իսկ այս պայմաններում այն դիվանագետները և պաշտոնյաները, որոնք ձախողել են տարբեր գործընկեր պետությունների հետ աշխատելու իրենց առաքելությունը, պետք է լքեին իրենց պաշտոնները։ Այլապես տպավորություն կարող է ստեղծվել, թե այդ մարդիկ պատասխանատվություն չեն կրում իրենց աշխատանքի արդյունքների համար։ Մյուս կարևոր ուղղությունը Սփյուռքի հետ աշխատանքն է, որը պատշաճ կերպով չի իրականացվում։

Եթե Սփյուռքի ներուժն օգտագործվի, շատ հարցեր կարելի է լուծել ու Հայաստանի միջազգային օրակարգն առաջ տանել։ Չի գործում նաև խորհրդարանական դիվանագիտությունը։ Հիմա իշխանական պատգամավորները պետք է կապեր ձեռք բերած լինեին, հայկական շահերն առաջ տանելու համար համագործակցեին տարբեր կառույցների հետ, բայց դրա փոխարեն անիմաստ գործուղումների են մեկնում պետբյուջեի հաշվին՝ որևէ օգուտ չտալով երկրին։ Այնպես որ, շենքային պայմանները միայն արտաքին տպավորությունն են: Այո, գուցե կարևոր, գուցե էական, բայց ոչ առաջնային նշանակություն ունեցող: Կրկնում ենք՝ ընդամենը ցանկություն է պետք սեփական երկրի շահերն առաջ տանելու և երկրի դիմագիծը պահելու համար: Եթե դա չկա, ոչ մի երկիր մեզանից ավելի հայ չի լինելու: Ուզում եք՝ ճոխ ապարտամենտներում աշխատեք, ուզում եք՝ «իշաոտնուկի» վրա, ուզում եք՝ հենց էշի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ