Բայց կարելի է առաջնորդվել նաև այն կանխավարկածով, որ Նիկոլ Փաշինյանը՝ անձամբ, ու նրա իշխանությունը՝ հավաքականորեն, հայրենասիրության պատմական նմուշներ են ու կյանք չեն խնայում Հայաստանի համար։ Այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանի պետական կառավարման համակարգը լցվում կադրերով, որոնք ամեն օր կրճատում են Հայաստանի կյանքը՝ որպես պետություն։ Կարճ պատասխանը կադրային սովն է։ Բայց դա ոչինչ չասող պատասխան է, որն ամբողջությամբ չի արտահայտում Հայաստանում հաստատված խորագույն բարոյական ու արժեքային ճգնաժամը և որից բխում է, թե երկրում պրոֆեսիոնալ ու բարձրորակ մասնագետներ չկան։ Դա, իհարկե, այդպես չէ, Հայաստանը յուրաքանչյուր ոլորտում ունի եթե ոչ՝ հարյուրավոր, ապա՝ առնվազն տասնյակ գերպրոֆեսիոնալ կադրեր, որոնք լավագույնս կարող են հաղթահարել երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ յուրաքանչյուրն իր բնագավառում։ Նրանք կան, բայց նրանք պետական կառավարման համակարգում չեն։ Եվ պատճառը միայն այն չէ, իսկ գուցե ընդհանրապես այն չէ, որ նրանց չեն հրավիրում պետական կառավարման համակարգ։
Իրականության մեջ լավ մասնագետները նաև արժանապատիվ մարդիկ են և պատրաստ չեն հանուն պաշտոնի ծառայել ցանկացած համակարգի։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ահա, այնքան է հեղինակազրկվել ու վարկաբեկվել, որ որևէ իրեն հարգող մասնագետ չի ցանկանում իր անունն ասոցացնել այդ իշխանության հետ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական կառավարման համակարգի նշաձողը, մնացած ամեն ինչի հետ զուգահեռ, իջեցրել է այնպես ու այնքան, որ ցանկացած արժանապատիվ մարդու համար ուղղակի ամոթալի է իր անունը կապել այս իշխանության հետ։
Բայց դա խնդրի միայն մի կողմն է։ Կա նաև երևույթի մյուս ասպեկտը։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին՝ հազիվ թե որևէ պաշտոնում նշանակի մեկին, ով բացի պրոֆեսիոնալ հատկանիշներից, ունի նաև անձնական արժանապատվություն, որովհետև այդպիսին ունեցողը պատրաստ չի լինելու կատարել իր բոլոր, այդ թվում՝ հակատրամաբանական ու հակապետական հանձնարարությունները։ Նիկոլ Փաշինյանին պետական կառավարման համակարգում անհրաժեշտ են արժանապատվությունը դեմքի մազածածկույթով փոխարինած մարդիկ, որոնց գործը ոչ թե պետության, այլ նրա իշխանության պահպանման խնդիրների լուծումն է։ Ողբերգական խորհրդանշականությամբ հենց այդպիսի դիմագծերով է Հայաստանը ներկայանում աշխարհին, որի ներկայացուցիչները Հայաստանից պահանջում ու ստանում են այն, ինչ Նիկոլ Փաշինյանը՝ սեփական ենթականերից․ արժանապատվության բացակայություն։