27 06 2023

Աշխատատեղերի քանակի որոշակի աճ կա, բայց դա այնպիսի «փայլուն» տեսք չունի, ինչպես ներկայացնում են իշխանությունները․ «Փաստ»

Աշխատատեղերի քանակի որոշակի աճ կա, բայց դա այնպիսի «փայլուն» տեսք չունի, ինչպես ներկայացնում են իշխանությունները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել տնտեսական ցուցանիշներ նկարելու կամ դրանք ծայրահեղ սուբյեկտիվորեն, խիստ միակողմանի դիտանկյունից ներկայացնելու գործելակերպը։ Իսկ Փաշինյանի օրոք ներմուծվեցին թվային մանիպուլ յացիաների նորանոր տարրեր, երբ տնտեսության վիճակագրությունը հրամցվում է միայն ու միայն «աննախադեպիզմի» համատեքստում։ Պրակտիկայում ընդհանրապես ռեկորդային ցուցանիշներ կարող են արձանագրվել եզակի դեպքերում, սակայն եթե հետևենք Փաշինյանի հայտարարություններին, ապա կարող է տպավորություն առաջանալ, թե ամեն եռամսյակը մեկ ռեկորդներ ենք ունենում։ Ու այդ «աննախադեպ» ցուցանիշներն այնքան շատ են, որ ռեկորդներն արդեն դարձել են սովորական։ Իշխանությունները հասցրել են վարպետանալ տնտեսության մեջ ամեն մի փոքր տեղաշարժը ուռճացնելու գործում։

Ընդ որում, նրանց համար կարևորը ոչ թե բովանդակությունն է, այլ տպավորություն ստեղծելը։ Օրինակ՝ Փաշինյանը կառավարության նիստերում պարբերաբար հայտարարում է աշխատատեղերի ավելացման պատմական ռեկորդների մասին՝ ընդգծելով, թե կարճ ժամանակահատվածում ինչ մեծ արագությամբ են ավելացել աշխատատեղերը։ Ու շատ դեպքերում այն մարդկանց, ովքեր աչքի են ընկնում իշխանությունների նկատմամբ իրենց կույր հավատով, թվում է, թե երկիրը զարգանում է, դրա համար էլ մեծ թվով աշխատատեղեր են ստեղծվում, որի արդյունքում քաղաքացիներն ավելի լավ են ապրում։ Բայց այդ մարդիկ իրենց հարց չեն տալիս, որ եթե Հայաստանն ընթանում է աշխատատեղերի ռեկորդային ավելացման տեմպերով, ապա ինչո՞ւ է գործազրկությունը շարունակում լուրջ խնդիր մնալ բնակչության համար, իսկ աշխատանքային միգրացիան ու արտագաղթը՝ նույն տեմպերով շարունակվում։ Իրականում գործ ունենք մի երևույթի հետ, երբ ստվերից դուրս եկած աշխատատեղերը հայտարարագրվում կամ գրանցվում են, ու դրա արդյունքում աշխատատեղերի ավելացման տպավորություն է ստեղծվում։

Մյուս կողմից էլ՝ ճիշտ է՝ աշխատատեղերի քանակի որոշակի աճ կա, բայց դա այնպիսի «փայլուն» տեսք չունի, ինչպես ներկայացնում են իշխանությունները։ Պաշտոնական տվյալների համաձայն, 2022 թվականին գործազրկությունը նվազել է և կազմել 13 տոկոս՝ 2018 թվականի 19 տոկոսի համեմատ: Ստացվում է, որ չորս տարվա ընթացքում գործազրկությունը նվազել է 6 տոկոսով, բայց դա չի խանգարել, որ Հայաստանը ԵԱՏՄ պետությունների շրջանակներում մնա ամենաբարձր գործազրկությունն ունեցող երկիրը։ Բացի այդ, պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ գործազրկությունը նվազում է նաև նրա հաշվին, որ շատ գործազուրկներ հեռանում են Հայաստանից ու աշխատանք գտնում այլ երկրում։ Ուստի, Փաշինյանի կողմից ներկայացված տվյալները ոչ մի առանձնահատուկ ու ռեկորդային տարրեր չեն պարունակում իրենց մեջ։ Այլ հարց է, որ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները նույնիսկ զավեշտի աստիճանի են հասնում։

Օրինակ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է, թե Հայաստանում 100 000 թափուր աշխատատեղ կա։ Այդ դեպքում ստացվում է, որ թափուր աշխատատեղերի քանակը ոչ միայն բավարար է, այլ նաև կրկնակի ավելի է Հայաստանի բոլոր 50 հազար գործազուրկներին աշխատանքով ապահովելու համար։ Սակայն աշխատատեղերի թեման միայն դրանց ստեղծման հարցով չի սահմանափակվում։ Կարևոր է նաև աշխատավարձի բարձրացման հարցը։ Այս հարցում ևս իշխանություններն իրենց գործելաոճին հավատարիմ խեղաթյուրում են փաստերը։ Օրինակ՝ Փաշինյանը հայտարարում է, թե 2022 թվականի տվյալներով՝ գնաճի էֆեկտը հանած՝ 6,3 տոկոսով աշխատավարձը Հայաստանում բարձրացել է, ինչը էական ցուցանիշ է: Բայց, ինչպես նշում են փորձագետները, երբ ցուցանիշները դիտարկվում են ոչ թե անվանական, այլ իրական միջին ամսական աշխատավարձի և Հայաստանում 2022 թ.ին գրանցված միջին գնաճի համատեքստում, ապա լիովին այլ պատկեր ենք ստանում։ Բարձր գնաճի պայմաններում իրական աշխատավարձի աճը բավական ցածր է եղել, իսկ պետական հատվածում աշխատավարձներն ուղղակի նվազել են 4 տոկոսով։

Ստացվում է, որ անցյալ տարվա 12,6 տոկոս տնտեսական աճի պայմաններում իշխանություններն ընդունակ չեն եղել ապահովել պետական հատվածում աշխատավարձերի ավելացումը։ Ավելին՝ գնաճային ճնշման արդյունքում պետական աշխատողների սոցիալական դրությունն ավելի է բարդացել, նրանք սկսել են ավելի վատ ապրել։ Իսկ մասնավոր հատվածում աշխատատեղերի ու աշխատավարձերի աճը թերևս պայմանավորված է եղել հիմնականում այն հանգամանքով, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում մեծ թվով ռուսաստանցիներ են Հայաստան ժամանել, ինչի արդյունքում ավելացել է մատուցվող ծառայությունների ու ապրանքների սպառման պահանջարկը։ Փաստորեն, աշխատատեղերի ստեղծման ու աշխատավարձերի բարձրացման համար տնտեսական հիմքեր չեն ստեղծվել, և եթե Հայաստան ժամանած ռուսներն էլ հեռանան, ապա այս իրողությունը խորը բացասական հետք կթողնի մեր աշխատաշուկայի վրա։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ