«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջիկայում շրջանառության կդնեն ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում են ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու առաջարկով դիմել Սահմանադրական դատարան:
Որպես Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում է, որ նա ձեռնարկատիրությամբ է զբաղվել, ինչն օրենքով անհամատեղելի է դատավորի կարգավիճակի հետ:
Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնանկության հարցը կարող են բարձրացնել խորհրդարանը եւ իրենք՝ ՍԴ դատավորները: Քանի որ մինչ այժմ ՍԴ դատավորները ոչինչ չեն արել, խորհրդարանականները որոշել են դատավորին պատժելու գործառույթը վերցնել իրենց վրա:
Նախագիծը մինչ լիագումար նիստերի օրակարգ ներառվելը երկշաբաթյա ժամկետում պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, որն այս դեպքում հավանաբար կլինի ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը: Դրական եզրակացություն ստանալու դեպքում այն կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
Բայց կա մի խնդիր. ընդդիմությունը այս հարցում կարիք ունի իշխանական ՔՊ-ի ձայների:
«ԱԺ կանոնակարգ» սահմանարական օրենքի համաձայն՝ խորհրդարանում համապատասխան նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ձայների 3/5-ով: Ստացվում է՝ որպեսզի ԱԺ-ն կարողանա դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ, անհրաժեշտ է լինելու 65 պատգամավորի համաձայնությունը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 35 ձայն, եւ ընդդիմությունը պետք է «դիմի» ՔՊ-ականներին՝ անհրաժեշտ ձայներ ստանալու համար:
Ընդդիմադիրները, սակայն, համոզված են, որ իրենց սրտի դատավորի դեմ գործընթացին իշխանականները չեն միանա, այլ կհովանավորեն փաստացի ՔՊ դատավորի ապօրինությունները:
Ամեն դեպքում, եթե նախագիծն ԱԺ-ում ընդունվի, կուղարկվի ՍԴ, որն էլ արդեն որոշում կկայացնի դատավորների լիազորությունները դադարեցնել-չդադարեցնելու մասով:
ՍԴ-ն դատավորի լիազորությունների դադարեցնելու որոշումը կարող է ընդունել դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով մեկամսյա ժամկետում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը