«Փաստ» օրաթերթը գրում է․ Օրվա իշխանությունների կողմից պերմանենտ տեղեկատվություններ են շրջանառվում, որ բանակում «աննախադեպ» բարեփոխումներ ու նորարարություններ են իրականացվում, սակայն, որպես կանոն, հաճախ ականատես ենք լինում ինչ-որ կոսմետիկ ու իրենցից ոչ մի լուրջ բովանդակություն չպարունակող քայլերի, իսկ ավելի հաճախ՝ քայլերի իսպառ բացակայության։
Օրերս կառավարության նիստում որոշում ընդունվեց, որ մարտի 1-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքները։ Նշենք, որ այս անգամ դրանք երեք ամսվա փոխարեն կտևեն 25 օր: Դրանք պարտադիր են լինելու 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար, և, ըստ պաշտոնական հայտարարությունների, քաղաքացին ինքն է ընտրելու, թե տարվա մեջ երբ կարող է ժամանակ տրամադրել։Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, հավաքներին մասնակցելու ժամկետը սեփական ցանկությամբ ընտրելու բաղադրիչը, կարծես, չի աշխատում, և մարդկանց պարտադրում են տեղավորվել իրենց կողմից ներկայացված ժամանակացույցում։ Ոչ բոլորին, իհարկե:
Բանն այն է, որ այս գործընթացում ևս իշխանությունները քաղաքական բաղադրիչ են ներդրել և հերթական անգամ փորձում են զորակոչը դարձնել «պատժիչ» գործիք։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանություններն իրենց տրամադրության տակ հատուկ ցուցակ ունեն, որտեղ ներառված են ընդդիմադիր հայացքներ ունեցող շրջանակների բազմաթիվ ակտիվ ներկայացուցիչներ։ Ըստ այդմ, նախատեսված է առաջինների մեջ հենց նրանց ներգրավել հավաքներին: Ավելին, մենք տեղեկություններ ունենք, որ այդ ցուցակից արդեն իսկ մի քանի հարյուրին ծանուցագրեր են ուղարկվել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը