16 08 2024

«Մեր տղան սրտի արատ ու ալերգիա ունի, սակայն ՊՆ-ն զորակոչել է բանակ». Ահազանգ

«Մեր տղան սրտի արատ ու ալերգիա ունի, սակայն ՊՆ-ն զորակոչել է բանակ». Ահազանգ

News.am-ի խմբագրություն ահազանգել է քաղաքացի, ում մտերիմի 18-ամյա որդուն երեկ զորակոչել են բանակ՝ առողջական խնդիրներ ունենալով հանդերձ։

Քաղաքացին, որի խնդրանքով, անուն-ազգանունը չենք հրապարակում, պնդում է, որ տղան ունի սրտի արատ եւ ալերգիա, ինչը 2 բուժզննման արդյունքում հաստատվել է, սակայն վերջին բուժզննման արդյունքում՝ հերքվել։ Ծնողները վստահ են՝ տղան առողջական խնդիրներ ունի, եւ իրենց համար կասկածելի է, թե ինչպես են նման եզրակացություն տվել․

«Նորակոչիկի մոտ բուժզննման արդյունքում հայտնաբերվել է սրտի արատ եւ ալերգիա։ Խնդիրները հաստատվել են եւս մեկ հետազոտությամբ։ Սակայն չգիտենք՝ ինչպես երրորդ հետազոտության արդյունքում պարզվել է, թե իբրեւ տղան առողջ է, եւ կարող է գնալ ծառայության։ Ծնողն ասում է՝ եթե առողջ է, ես ուզում եմ, որ որդին ծառայի, բայց եթե հիվանդ է, ես չեմ ուզում, որ գնա։ Տղան երեկ զորակոչվել է բանակ, արդեն զորամասում է, մենք բողոքարկել ենք այդ որոշումը, բավականին մեծ խոչընդոտներ ենք ունեցել այդ ընթացքում, բողոքը զինկոմիսարիատը չէր ընդունում, հետո առանց տվյալները նույնականացնելու, բողոքի թերթիկից միայն մի կտոր վերցրել ու տարել էին։ Կենտրոնական զինվորական կոմիսարիատում սակայն հաստատվել է, որ մեր տղան ունի առողջական խնդիրներ՝ ալերգիա ու սրտի արատ, բայց նույնիսկ հաստատման դեպքում անգամ տարան բանակ»։

Ծնողները պատրաստվում են Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացնել․ «Մենք սա այսպես չենք թողնելու, հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու նախ բժշկի դեմ, որը նման եզրակացություն է տվել, իբրեւ մեր տղան առողջ է, ինչպես նաեւ այն հիմքով, որ նույնիսկ վերջում երբ հաստատվել են առողջական խնդիրները, միեւնույն է զորակոչել են բանակ»։

Դեպքի առնչությամբ Պաշտպանության նախարարությունից պարզաբանեցին հետեւյալը․ «Զորակոչիկն ուղեգրվել է ինչպես նախնական, այնպես էլ ստուգիչ ու լրացուցիչ հետազոտությունների, եւ իրավասու բժշկական հանձնաժողովի փորձաքննության արդյունքում ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ