«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Երեւանում նոյեմբերի 5-ին ընդդիմության կազմակերպած հանրահավաքը համարում է Ստեփանակերտում հոկտեմբերի 30-ին կայացած հանրահավաքի շարունակությունը, որով իրենք արձանագրեցին, որ «մենք Արցախի կողքին ենք եւ տեր ենք մեր հայրենիքին»։
Ճիշտ է՝ Երեւանի հանրահավաքը զիջում էր Ստեփանակրտի հավաքին՝ իր էներգետիկայով ու բազմաքանակությամբ։
«Երկար ընդմիջումից հետո այդ օրակարգով հանրահավաքն այդ նպատակն ուներ։ Եվ էն կեղծ թվերը, որ 4-5 հազար մարդ է եղել, բացարձակ իրականությանը չի համապատասխանում, իմ գնահատմամբ՝ 12-15 հազար քաղաքացի է ներկա եղել հանրահավաքին։ Մենք պետք է հասկանանք՝ ինչ է հանրահավաքը։ Հանրահավաքը ժողովրդի հանրային կամքը դրսեւորելու ձեւ է, հանրահավաքը միջոց է՝ մարդկանց տեսակետը հանրային կերպով արտահայտելու։ Հիմա ասում են՝ հանրահավաք արեցիք՝ իշխանափոխություն չեղավ, գործողություն չարեցիք։ Ինձ հետաքրքիր է՝ հաճախ մարդիկ որ էդպիսի բաներ են ասում, երբ որ մայիս ամսին գործողություն էինք անում, մարդկանց ձերբակալում էին, բերման էին ենթարկում, բանտարկում էին, ծեծում էին, շենքեր ու փողոցներ էինք շրջափակում, էդ ասողներից, օրինակ, քանի՞սն է ձերբակալվել, բերման ենթարկվել։ Հիմա ես ասում եմ՝ էս հրապարակի մարդիկ իրոք մեր ազգային արժանապատվությունը պահողներն են, մեր հույսն ու լույսն են, այսինքն՝ հիասթափեցնել էս մարդկանց, կոտրել, որ որեւէ բան չլինի, ճիշտ չեմ համարում»,- մեզ հետ զրույցում հանրահավաքի էությունը բացատրեց Իշխան Սաղաթելյանը։
- Այդ օրը ես էլ եմ նկատել հիասթափություն հանրահավաքի մասնակիցների մոտ, որոնք ոչ թե սպասում էին, որ նույն օրը պետք է Նիկոլը հեռանար, այլ ասում էին՝ էլի նույն մարդիկ են խոսում, նույն տեքստերն են, նույն լոզունգները, նույն արձանագրումները, նույն հռետորաբանությունը։
- Ես նոր մարդ որտեղի՞ց գտնեմ, ասեք՝ գտնեմ։ Հիմա ես ասում եմ, որ բազմաթիվ մարդկանց առաջարկել եմ՝ գալ հանրահավաքին ելույթ ունենալ, չեն եկել։
- Ո՞ւմ, օրինակ։ Եկեք անկեղծ խոսենք, որ հասկանանք նաեւ՝ ովքեր են մերժողները, ովքեր են տուն ուղարկողները, ովքեր են խոչընդոտողները։
- Ես միշտ էդ հարցերից չեմ խոսում, որովհետեւ իմ նպատակը դա չէ։ Մեր նպատակն էս պայքարի շուրջ որքան հնարավոր է համախմբում անելն է, սա մի ուժի, մի անհատի գործ չէ, պետք է ուժերը կենտրոնացնել ու սրանցից ազատվել։ Եթե սկսեմ անուններ տալ, կարող է իմ անձնական տեսակետից լավ լինի, բայց ընդհանուր ընդդիմադիր դաշտին չի օգնի։
- Ձեր ասուլիսի ժամանակ ասացիք, որ լավ գիտեք, թե ովքեր են տուն ուղարկողները, նկատի ունեիք, հավանաբար, սեպտեմբերի 14-ի հավաքը։ Ովքե՞ր էին՝ կասե՞ք։ Ձեր գործընկեր Արթուր Խաչատրյանն ուղիղ հասկացրեց, որ խոսքն Էդգար Ղազարյանի եւ Կարին Տոնոյանի մասին է։
- Ես հիմա, անկեղծ, չեմ ուզում էդ հարցերին անդրադառնալ։ Ես ընդամենը հետեւյալն եմ ասում, որ մեր հարթակը բաց է եղել հանրային գործիչների համար, եւ Դուք տեսաք, որ շատ կարեւոր էր Սրբազանի ելույթը, եւ շատ խորհրդանշական էր Գուրգեն Մելիքյանի՝ հայտարարության տեքստ կարդալը։ Ես առաջարկել եմ Ձեզ հայտնի շատ անուններին, որ գան ոչ թե միանան մեզ, ոչ թե միանան շարժմանը, ոչ թե համախմբվեն մեր շուրջը, այլ Արցախին նվիրված հանրահավաքին ելույթ ունենան, բայց էդ մարդիկ չեն եկել՝ տարբեր պատճառներով։ Հիմա ինձնից որ անընդհատ պահանջում են նոր մարդ, ես որտեղի՞ց բերեմ էդ նոր մարդուն։
- Գուցե Ձե՞զ են ուզում փոխել, պարոն Սաղաթելյան, օրինակ՝ թող ընկեր Իշխանը գնա, մեկ ուրիշ ընկեր փոխարենը գա կամ մեկ այլ քաղաքական ուժ։ Գուցե մարդիկ Ձե՞զ չեն ուզում տեսնել հարթակում, հոգնել են Ձեր ելույթներից, Ձեզ են մեղադրում, որ սայլը տեղից չի շարժվում։
- Տեսեք, եթե կա մեկը, որ ուզում է մի բան անել, թող գնա անի։ Մենք իրեն միայն կօգնենք, կաջակցենք։ Եթե որեւէ մեկը չի անում, ու ես անում եմ, իմ կուսակցությունը, էսօրվա խորհրդարանական խմբակցություններն անում են՝ պետք չէ իրենց քննադատել անելու համար։ Պետք է քննադատել նրանց, ովքեր չեն անում։
- Տպավորություն է, որ Դուք հիմա ինքնազոհողության եք գնում՝ լավ գիտակցելով, որ վաղը Դուք եք դառնալու քավության նոխազը, կուժն ու կուլան Ձեր գլխին են կոտրվելու, Ձեզ են մեղադրելու ինչ-որ բան չհաջողելու մեջ։ Այս պահին էլ են մեղադրում։
- Անկեղծ՝ մի բան ասեմ․ քանի որ ես Հայրենիքի փրկության շարժման ժամանակ էս ամեն ինչի միջով անցել եմ, Դիմադրության շարժման ժամանակ ցանկացած աշխատանք, որ պլանավորում ես, մտածում ես, որ եթե հանկարծ վերջնական արդյունքի չհասնես, դա պատասխանատվություն է․ հաղթանակը հազար տեր ունի, իսկ պարտությունը որբ է, ու մարդիկ մեղավորներ են փնտրում։ Ես չեմ խուսափել էդ պատասխանատվությունից, ես հիմա էլ չեմ խուսափում, ամենահեշտն էս պահին այն է, որ ինչ-որ պատճառներ գտնես եւ խուսափես էդ պատասխանատվությունից։ Էսօր Հայաստանի քաղաքական, մտավորական շրջանակների ամենամեծ պրոբլեմն այն է, որ էդ պատասխանատվության տակ մտնող, էդ ռիսկերը եւ սլաքներն իրենց վրա վերցնող մարդկանց պակաս կա։
- Մյուս կողմից էլ, կարող են ասել՝ հարթակը դուք եք գրավել այսօր, այլ մարդկանց գուցե թույլ չեք տալիս բարձրանալ հարթակ, մոնոպոլիզացրել եք հարթակը, եւ թեկուզ ակամա՝ ոչ դիտավորյալ, բայց փաստացի ուժեղացնում եք այսօր Նիկոլի իշխանությունը, որովհետեւ նա էլ ցույց է տալիս ժողովրդին, որ, տեսեք՝ իմ այլընտրանքն իրենք են։
- Ուրեմն, հուլիսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 2-ն ազատ էր հարթակը, որեւէ հանրային միջոցառում չէինք կազմակերպում։ Սեպտեմբերի 2-ից մինչեւ նոյեմբերի 5-ը դարձյալ բոլոր հարթակներն ազատ էին։ Մենք որեւէ նախաձեռնությամբ հանդես չենք եկել, դե թող անեին։ Հիմա ասում եմ՝ առաջիկա օրերին ազատ է, խնդրեմ՝ նոր ուժեր, երրորդ ուժեր, ժողովրդի կողմից սիրված, հանրային մեծ հեղինակություն վայելող գործիչներ, դուրս եկեք՝ արեք։ Բայց վստահեցնում եմ՝ չեն գալու եւ չեն անելու, որովհետեւ մարդիկ չեն ուզում մտնել պատասխանատվության տակ, մարդիկ չեն ուզում անցնել էն ամեն ինչի միջով, ինչով որ էսօր անցնում եմ ես, իմ կուսակցությունն ու իմ բազմաթիվ գործընկերներ։
- Հիմա կարծես առաջնագծում մնացել եք Դուք, Ձեր կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, ու «Հայաստան» դաշինքի Ձեր մի շարք գործընկերները։ ՀՀԿ-ն կիսաակտիվ կամ պասիվ աջակցողի դերում է, կարծես։ Եվ Դուք որ ասում եք, թե գիտենք՝ տուն ուղարկողներն ովքեր են, կարող է թվալ, թե ակնարկում եք ՀՀԿ-ին, մինչդեռ հենց ՀՀԿ-ականներն են հաճախ ակնարկում, որ Դուք եք տուն ուղարկողը, թեպետ լրիվ այլ անձանց մասին էր խոսքը, ինչպես հասկացանք։
- Որեւէ մեկը չի կարող իմ կուսակցությանը մեղադրել վերջին երկու տարվա մեջ առաջին գծում մինչեւ վերջ չպայքարելու մեջ։ Ու շատ բնական է, որ Դաշնակցությունն առաջին գծի վրա է՝ իբրեւ ազգային կուսակցություն։ ՀՀԿ-ն վերջին երկու տարվա մեջ եղել է պայքարի առաջին գծում, բազմաթիվ գործիչներ իրենց վրա են վերցրել պատասխանատվությունը, եւ մենք մեր ճակատով կռիվ տվել ենք։ Ես էստեղ չեմ ուզում դեռ էս ներխմբային հարցերի մեջ մտնել, որովհետեւ առնվազն կարող եմ ասել, որ ՀՀԿ-ն բոլոր աշխատանքների մեջ ներգրավված է եղել եւ պայքարել է։ Բայց կան մարդիկ, ովքեր ուզում են խառնել էս հարաբերությունները, ովքեր ուզում են արհեստական լարվածություն մտցնել, պառակտել իրենց մուտիլովկեքի, տարբեր բաների շնորհիվ։ Հիմա քաղաքական ուժերի ղեկավարությունը որքան խոհեմ կգտնվի, որքան ճիշտ որոշումներ կընդունի՝ էդ ամեն ինչը թույլ չտալու, դա արդեն բոլորի խնդիրն է։
- Ո՞ւմ նկատի ունեք։
- Էդ անունները Ձեզ հայտնի են։ Ես նկատի ունեմ որոշ քաղաքական ուժերին մերձ շրջապատի մարդկանց, ովքեր պարբերաբար կապվում են այս կամ այն քաղաքական ուժի հետ։
- «Վատիկանյան կլանի» ներկայացուցիչների՞ն նկատի ունեք, ինչպես բնութագրել էին Ձեր թիմակիցները՝ պատասխան գրառումներով հանդես գալով, երբ կոնկրետ շրջանակներից սկսեցին ձեզ մեղադրել, որ վերջին հանրահավաքն էլ որեւէ արդյունք չտվեց։
- Ես մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ ես մի օր կխոսեմ վերջին երկու տարվա ընթացքում բոլոր ուժերի, անհատների, քաղաքական ուժերի արած-չարածի, տեղի, դերի ու մնացածի մասին։ Բայց, նորից եմ կրկնում, իմ խնդիրն էսօր դա չէ, դա մեր գործին օգուտ չի բերի։ Դաշնակցությունը վերջին երկու տարվա մեջ եղել է Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտը համախմբողի, սուր ծայրերը հարթեցնողի դերում։ Ու ես անկեղծ ասում եմ՝ ես առավելագույն ջանքերը ներդրել եմ դա ստանալու համար, որովհետեւ կարծում եմ, որ սրանց հաղթելու ճանապարհը դա է։ Կա՞ն մարդիկ, ուժեր, որ կարծում են՝ իրենք կարող են ավելի լավ եւ արդյունավետ պայքարել, ու մենք անկարող ենք, թող գան անեն ավելի լավը։ Բայց եթե իրենք չեն անում, չեն կարող մեզնից պահանջել, որ մենք չանենք։
- Ամեն դեպքում, գույքագրե՞լ եք, թե նախորդ ամիսներին շարժման ընթացքում ինչ սխալներ եք թույլ տվեք, որոնց պատճառով հաջողության չեք հասել, եւ արդյոք դասեր քաղե՞լ եք ձեր սխալներից, շտկե՞լ էիք այդ սխալները, օրինակ, վերջին հանրահավաքում։
- Ուրեմն, ինձնից շատ ոչ ոք չգիտի մեր սխալներն ու թերությունները։ Դրանք բազմաթիվ են։ Դրանց մի մասը փորձում ենք լուծել, մի մասի լուծումները ձգձգվում են։ Կարո՞ղ էինք ավելի լավ անել՝ իհարկե։ Կարո՞ղ էինք ավելի լայն համախմբում ստեղծել, բոլոր բացերը վերացնել, ավելի լուրջ արդյունքներ ունենալ, միանշանակ՝ այո։ Եթե մինչեւ հիմա չենք արել, պետք է ձգտենք հասնել դրան։ Էդ բացերը կան, թերությունները կան, եթե ամեն ինչ իդեալական լիներ ու հրաշալի, էսօր սրանք չէին լինի։ Բայց էս պահին ինչ կարողանում ենք անել, անում ենք։ Ու միշտ իմացեք, որ, անկախ իրավիճակից, անկախ ներքաղաքական բազմաթիվ հարցերից, ՀՅԴ-ն էս պայքարում իր բաժին կռիվը տալու է մինչեւ վերջին շունչը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը