11 11 2022

Հայկոյից զոհ չկերտել․ «Հրապարակ»

Հայկոյից զոհ չկերտել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարումից հետո Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ սկսեց քաղաքապետարանում, որոնք ընդգրկում էին 2018-2022 թվականները։ ՊՎԾ-ն հայտարարեց, որ հայտնաբերվել են 8.5 մլրդ դրամի խախտումներ։ Առանձին խախտումներով 5 նյութ ուղարկվել է Գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն հարուցվել է 3 քրեական գործ:

Սա նախկին քաղաքապետի դեմ որպես արշավ որակվեց, քանի որ հենց նրա կառավարման շրջանն էր ընկած ուսումնասիրությունների հիմքում։ Սակայն իշխանության՝ Հայկ Մարությանի դեմ արշավը կարծես դուրս չի գալիս վախեցնելու, շանտաժի տիրույթից, համենայնդեպս, առայսօր որեւէ ինֆորմացիա չկա նրան կամ նրա մերձավորներին  հարցաքննության հրավիրելու մասին:

Որոշ տեղեկություններով, իշխանությունները չեն կողմնորոշվում՝ ընթացք տա՞լ այս քրեական գործին, թե՞ ոչ: Բանն այն է, որ իշխանական շրջանակներում կարծում են, որ Հայկ Մարությանը ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանին, քաղաքի ընտրությունների ժամանակ, կարող է լուրջ մրցակցություն ապահովել, իսկ հայկական իրականությունում մարդիկ սիրում են զոհի կերպարը, ուստի, եթե իշխանությունը հետապնդումներ սկսի Մարությանի նկատմամբ, առավել եւս՝ ձերբակալի, ապա մտահոգություններ կան, որ նրա ռեյտինգը շեշտակիորեն կբարձրանա, եւ կկրկնվի Գորիսի «Առուշ Առուշանյան» օպերացիան, երբ հալածյալ թեկնածուն բերդից հաղթեց իշխանության  թեկնածուին:

Որքան էլ որ վարչական ռեսուրսներ ծախսվեն: Սակայն կարծիք կա նաեւ, որ Մարությանի ռեյտինգի մասին լուրերը խիստ ուռճացված են, մանավանդ՝ նրա մոնոներկայացման ակնհայտ տապալման ֆոնին: Նաեւ պարզ չէ, թե ինչ քաղաքական ուժի հետ է մասնակցելու Հայկոն առաջիկա ընտրություններին, եւ ով է լինելու նրա էլեկտորատը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ