«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ շաբաթ պաշտպանության նախարարությունում փակ խորհրդակցության ժամանակ տեղի ունեցածը լուրերի տեսքով շատ արագ դուրս եկավ ռազմական գերատեսչության պատերից եւ հասավ մամուլ: Հայտնի դարձավ, որ այդ հավաքի ժամանակ նախարարության որոշ աշխատակիցներ շեֆի առաջ բարձրացրել են խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու՝ ՊՆում արմատավորված արատավոր ավանդույթի մասին հարցը:
Մենք փորձեցինք գտնել, թե ովքեր են իրենց հարազատներին, կանանց, բարեկամներին ծանոթով գործի խցկել պաշտպանական գերատեսչության ստորաբաժանումներում, ու մի ամբողջ ընտանեկան կապալ հայտնաբերեցինք: Ի մի բերելով մեր աղբյուրներից ստացած տվյալները՝ ստացանք հետեւյալ պատկերը, որը լիարժեք չէ, սակայն անգամ այս ծավալով տպավորիչ է:
Եվ այսպես, ովքե՞ր են ծանոթով գործի տեղավորել իրենց հարազատներին: Աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայում ԳՇ պետի խորհրդական Գառնիկ Հայրապետյանն իր կնոջը՝ Հասմիկ Հայրապետյանին, տեղավորել է ՊՆ աշխատակազմի քարտուղարությունում: Գառնիկ Հայրապետյանի պաշտոնը նախարարությունում քչերը գիտեն: Հերթապահ գեներալի հաստիք է, եւ ՊՆ կայքում նույնպես նրա անուն-ազգանունը նշված չէ, սակայն ասում են, որ նա համակարգի ամենաազդեցիկ պաշտոնյաներից է, եկել է Սեյրան Օհանյանի հետ, բայց նրա հետ չի գնացել, ու դարձել է աշխատակազմի ղեկավար:
Աշխատակազմի քարտուղարությունը, առհասարակ, ՊՆ պաշտոնյաների կանանց հանգրվանն է: Այստեղ է աշխատում նաեւ ՊՆ կադրերի եւ ռազմակրթական վարչության պարգեւատրումների բաժնի պետ, գնդապետ Արթուր Մարտիրոսյանի կինը՝ Կարինե Զաքարյանը: Նա քարտուղարության սպա է: Քարտուղարությունում են նաեւ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանի կինը՝ Սիլվա անունով, եւ Սիլվայի մորաքույրը՝ Նվարդը, որին ՊՆ-ում ճանաչում են որպես Սասունի քենի:
Նվարդին Սասուն Սիմոնյանը տեղավորել է իր վարչությունում՝ որպես խմբագիր: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության աշխատակից Նոնա Պողոսյանի եղբայրն օպերատիվ գլխավոր վարչությունում է աշխատում, իսկ հարսը` մարտական վարչությունում:
Դրոյի անվան Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի տեղակալ, գնդապետ Տիգրան Քոչարյանի կինը, որը գեներալ Միքայել Մելքոնյանի դուստրն է, աշխատում է ՊՆ կոլեգիայում (սա եւս վարչություն է համարվում): ՊՆ համակարգում է աշխատում նաեւ Դրոյի անվան համալսարանի աշխատակից Սերոբ Սուջյանի կինը՝ Ազգուշ Սուջյանը։ Գեներալ Վարդան Ավետիսյանի հորեղբոր դուստրը՝ Սուսաննա Մագումյանը, ՊՆ գրադարանավարուհին է:
Ֆինանսաբյուջետային եւ պլանավորման վարչության աշխատակցուհի, քաղծառայող Գետա Խաչատրյանի դուստրն աշխատում է նույն ֆինանսական վարչությունում: Գործերի կառավարչության պահեստապետ Լեւոն Բարսեղյանի որդին՝ Արշակն էլ է ՊՆ քաղծառայող: Կազմզորահավաքային վարչության ավագ սպա, ծագումով արցախցի գնդապետ Էռնեստ Ղուլյանի կինը՝ Լուսինե Միքայելյանը եւս տաք-տաք տեղավորվել է ՊՆ կադրային եւ ռազմակրթական քաղաքականության վարչությունում: Նույն վարչությունում է աշխատում ԳՇ պետի տեղակալ, գեներալ Առաքել Մարտիկյանի դուստրը` Արմինեն, կադրերի վարչությունում է:
Կազմզորահավաքային վարչության աշխատակից, պահեստազորի ենթասպա Բելլա Սեդրակյանի դուստրն էլ մոր գործի տեղն է տեղավորվել՝ Սիրարփի Խաչատրյանը: Մեր տեղեկություններով, նա բուժքույր է կամ գործավար: Ռազմաբժշկական վարչության աշխատակից, պահեստազորի մայոր Գեղամ Ռոնոյանի դուստրը՝ Էմման, ծառայում է Բալահովիտի զորամասում: Նախկինում ծառայում էր ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունում:
Մի զավեշտալի փաստ՝ ռազմաբժշկական վարչության նախկին պետ Սահակ Օհանյանի կինը` Անուշը, Կանազի հոսպիտալում է աշխատում, դուստրը` Անահիտը, ՊՆ բուժկետում, փեսան` Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում։ Երբ Սահակ Օհանյանն ազատվել է պաշտոնից, կինը ստիպված՝ նույնպես դուրս է եկել աշխատանքից:
ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի համակուրսեցին էլ՝ Անժելա Դումիկյանը, վերջերս նշանակվել է հրատարակչության պետ: ՊՆ-ում ընտանեկան ու նաեւ արտամուսնական կապալն այնքան տարածված է, որ նույնիսկ անեկդոտներ են շրջում այս մասին: Գեներալներից մեկի սիրուհին հիվանդանում է։ Գնում է բժշկի, պարզվում է, որ սեռավարակով հիվանդ է: Հետո էլ նույն հիվանդությունը գեներալի ու նրա կնոջ մոտ են հայտնաբերում, եւ աշխատանքային ու ինտիմ կապը բացահայտվում է:
Ժամանակին նախարարի կարգադրություն կար, որ հարազատները միասին չաշխատեն։ Այն որոշ չափով զսպում էր ՊՆ-ի կադրային վակխանալիան: Հետաքրքիր է, որ կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո համակարգում սկսվեցին կեղծ ամուսնալուծություններ ձեւակերպել, որ պահպանեն աշխատանքը: Անցավ ժամանակ, եւ այդ կարգադրությունը մոռացվեց:
Չի բացառվում, որ մեր հրապարակումից հետո նույնպես կեղծ ամուսնալուծությունների ալիք սկսվի:
ՀԳ. Հոդվածը հրապարակելիս ոչ բոլոր անուն-ազգանուններն ու պաշտոններն է հաջողվել մեզ ճշտել: ՊՆ-ն խոսնակ էլ ունեցավ, մեր աշխատանքը չհեշտացավ։ Մենք գրավոր հարցում ենք ուղարկել պաշտպանության նախարարություն՝ պարզաբանումներ հայցելով: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը