09 06 2022

«Նակոլկա Շուշոն» նոր պաշտոնի կանցնի․ «Հրապարակ»

«Նակոլկա Շուշոն» նոր պաշտոնի կանցնի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շուշանիկ Ներսիսյանը՝ «Նակոլկա Շուշոն», ազատվեց ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ Նա պաշտոնավարեց շուրջ 4 տարի եւ համակարգ ոտք դնելու օրվանից լրատվականների սկանդալային լուրերի թոփ տասնյակում էր՝ սկսած հովանավորչությունից, վերջացրած օլիգարխիայի հետ մտերմությամբ եւ շահերի սպասարկմամբ։

Ռուստամ Բադասյանի եւ Ներսիսյանի հակասություններն էլ ծագեցին ՊԵԿ նախագահի պաշտոնում Բադասյանի հայտնվելու պահից։ Լուրեր կային, որ Բադասյանը քրգործ հարուցելու համար նյութեր է հավաքում նրա դեմ, եւ վաղուց պաշտոնանկ արած կլինեին, եթե չլիներ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հովանավորությունը։ Իսկ երբ մաքսայինի 54 աշխատակիցներ նամակ բերեցին մեր խմբագրություն, որտեղ Բադասյանին մեղադրում էին իրենց զրպարտելու համար, պարզ դարձավ, որ ՊԵԿ նախագահն ու տեղակալը մտել են հրապարակային պայքարի փուլ։

Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը չի ցանկացել Բադասյանին ազատել, բայց Ներսիսյանին էլ չի ուզում նեղացնել, եւ շուտով նա պաշտոնի կնշանակվի։ Երեկ կապվեցինք Ներսիսյանի հետ, ասաց, որ զբաղված է՝ խոսել չի կարող։ Հետաքրքրվեցինք՝ Ձեր ցանկությա՞մբ եք լքում պաշտոնը։ «Ես իմ դիմումի համաձայն եմ ազատվել»։ Իր եւ Բադասյանի հակամարտության մասին էլ ասաց․ «Ես պարոն Բադասյանին շատ հարգում եմ եւ նման խոսակցությունները հորինված եմ համարում»։

Հիշեցնենք, որ Ներսիսյանի անունը շրջանառվում էր նաեւ 2020 թ․ ապրիլին տեղի ունեցած ծխախոտային սկանդալի մեջ․ ՌԴ մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավել էին 2 հազար 700 տուփ մաքսանենգ ծխախոտ, որի վրա հայկական ակցիզ էր եղել: Այն Կրասնոդարից, Դուշանբե կանգառով, ուղեւորվում էր Աֆղանստան, իսկ տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ