168.am-ը գրում է․ «ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ, գլխավոր մաքսապետ Շուշանիկ Ներսիսյանի նշանակումից հետո «Զվարթնոցի» օդային մաքսակետը յուրայինների համար գործել է «հատուկ ռեժիմով»:
Մասնավորաբար՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում երրորդ երկրներից ` «Սպայկա» ընկերության հայտնի օրինակով՝ ներկրվել է թուրքական ապրանքը (կոստյումներ, տաբատներ, վերնաշապիկներ, վերարկուներ և մանկական հագուստ) և խիստ կասկածելի մաքսազերծումով միաժամանակ արտահանվել է Ռուսաստան, պարզ ասած՝ որպես ԵԱՏՄ երկիր:
«Ինչ է նշանակում՝ տաբատը, վերնաշապիկը ու վերարկուն մաքսազերծել 200-500 դրամով, սա աբսուրդ է, նշանակում է՝ մաքսայինի հիմնական ֆունկցիան՝ ներմուծվող ապրանքի վրա հսկողություն իրականացնելը, չի կատարվել»,- մեզ հետ մասնավոր զրույցում նշում է համակարգից քաջատեղյակ 168.am-ի աղբյուրը:
Նրա պարզաբանմամբ՝ «Շրջանցվել է հարկման բազայի 3 հիմնական հիմքերից յուրաքանչյուրը՝ 1. ինվոյսային արժեքի վրա հիմնվելը, 2. ծախսերը թերի հիմնավորող թղթերի պատճառով վերջին 90 օրերին նույնանուն ապրանքների մաքսազերծումների միջինացված արժեքով հաշվարկելը: Կարող էր ընտրվել գոնե վերջին տարբերակը՝ ներքին շուկայում մեծածախի արժեքից հանվեր շուրջ 40%-ը, դրանից հետո մնացորդով որոշվեր մաքսի արժեքը, չնայած այս 3-ից որևէ մեթոդով հաշվարկելիս, միևնույն է, վերարկուն կամ կոստյումը չէր կարող մաքսազերծվել 200-500 դրամով»:
Իսկ ի՞նչ է եղել իրականում
Տրամաբանությունը հուշում է, որ եղել է այն, որ ներքին համաձայնությամբ՝ կիրառվել է կիլոգրամով մաքսազերծման մեթոդը, այսինքն՝ Թուրքիայից ներկրված ողջ հագուստը մաքսազերծել է կիլոգրամը 1.25 դոլարով, որպեսզի այն անմիջապես տեղափոխվի Ռուսաստան՝ բիզնես նպատակով: Մինչդեռ մաքսատունը, հիշեցնենք, կիլոգրամով հագուստ մաքսազերծելու իրավունք չունի, որովհետև հագուստի չափման միավորը հատն է, ոչ թե կիլոգրամը:
Ֆորմալ մաքսազերծումով մեխանիկորեն ստացվել է գրոշների արժեք ունեցող մաքսատուրք:
Ուստի հասկանալու համար, թե ինչ չափի գերշահույթ է ստացվել ԱՐՏՈՆՅԱԼԻ համար՝ ի հաշիվ բյուջե չվճարված հարկերի, կարելի է ողջ ծավալը կիլոգրամներից վերածել քանակի, ապա դրան գումարել Հայաստանից միաժամանակ դեպի ԵԱՏՄ երկիր արտահանելու արտոնավճարը (մաքսատուրքից ազատված ենք), պլյուս՝ ԱՐՏՈՆՅԱԼԸ կստանա 20% ԱԱՀ-ի վերադարձ: Չմոռանանք նաև, որ ԵԱՏՄ արտահանվող ապրանքից Հայաստանին մնում է մաքսատուրքի ամենանվազ, ընդամենը 1.3 %-ը, իսկ այս գործարքն էապես հարված է պետական բյուջեին:
Ընդգծենք, այս ապօրինի մեթոդով ամիսներ շարունակ ՊԵԿ կարգադրիչներից մեկը, ենթադրաբար, գործակցել է արտոնյալ ընկերությունների հետ:
Հիշեցնենք, ներկայացվող դեպքն արձանագրվել է «Զվարթնոցի» մաքսատանը, որտեղ պետը հեղափոխությունից հետո նախկին զինդատախազ, դեռևս ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանին զինակից Գագիկ Ջհանգիրյանի դստեր ամուսինն է՝ Անրի Վարդանյանը, իսկ ՊԵԿ գլխավոր մաքսապետ Շուշանիկ Ներսիսյանը, մամուլի հրապարակումների համաձայն՝ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մտերմուհին է, գուցե այդ ճանապարհով նշանակվել է համակարգում ՊԵԿ-ի տեղակալ:
ՊԵԿ-ը 2018թ. արդյունքներում տեքստիլի արտահանման ծավալների ուռճացված ցուցանիշ է արձանագրել ու դա մատուցել է վարչապետին՝ իբրև հեղափոխության բերած առավելություն՝ տեղական արտադրողի համար:
Նկատենք մի հետաքրքիր զուգադիպություն. այս կասկածելի մաքսազերծումով փաստացի կրկնվել է «Սպայկա» ընկերության՝ թուրքական պոմիդորների արտահանման սկանդալային սխեման, որն ավարտվեց քրեական գործով:
Բայց «Սպայկայի» դեպքում բյուջեի հարվածը ՊԵԿ-ը նկատեց, ու գործարարը կալանավորվեց http://www.panarmenian.net/arm/news/267363/ , մինչդեռ այս դեպքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի աչքից «վրիպել» է տեքստիլի կասկածելի մաքսավճարների մուտքը բյուջե: ՊԵԿ նախագահը, չգիտես ինչու, «չի նկատել» նաև ՊԵԿ կարգադրիչներից մեկի վարքագիծը, ում շատ պետք էր շրջանցել օրենքը, ու վստահ էր, որ հետհեղափոխական Հայաստանում չի պատժվելու «Սպայկայի» օրինակով:
Ավելին, ՊԵԿ-ի ղեկավարությունն իր ամփոփագրում այս «չարաշահումը» վերաիմաստավորել է՝ որպես «տեքստիլի արտահանման աճի բարձր ցուցանիշ»:
168.am-ը դեռ ամիսներ առաջ այս թեմայի առնչությամբ հարցում էր ուղարկել ՊԵԿ:
Եվ հանուն արդարության՝ պետք է նշել, որ անձամբ գլխավոր մաքսավորի՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի մակագրությամբ ստացված պատասխանում ըստ էության արտացոլված է այն, ինչ եղել է իրականում, պարզապես միտքը խճճված է մատուցվել:
Վերլուծելով պաշտոնական պատասխանում արտացոլված միջինացված թվերը, նաև հաշվի առնելով այն, որ մեր հարցման մեջ չէինք առանձնացրել եվրոպական երկրներից ներկրվող բրենդային հագուստը, ստացվում է, որ «Զվարթնոցի» մաքսատանը Թուրքիայից ներկրված ապրանքի մաքսային արժեքը հաշվվել է գրոշներով:
ՊԵԿ պատասխանում և ներկայացված աղյուսակում մասնավորապես նշված է. «Ըստ ՊԵԿ տեղեկատվական բազաների՝ կից Ձեզ եմ տրամադրում 1.09.2018 -30.11.2018 թթ. ընթացքում հայտարարագրված գրությամբ նշված ապրանքների միջին մաքսային արժեքների վերաբերյալ տեղեկատվություն:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ)՝ յուրաքանչյուր ապրանքային ենթադիրք ներկայացվում է իրեն համապատասխան լրացուցիչ չափման միավորով, կից տրամադրվող աղյուսակում ներկայացված են միավորի միջին մաքսային արժեքները՝ ըստ ԱՏԳ ԱԱ լրացուցիչ չափման միավորի:
01.09.2018-30.11.2018թթ. ընթացքում հայտարարագրված գրությամբ նշված ապրանքների միջին մաքսային արժեքների վերաբերյալ տեղեկատվություն
Ապրանքի նկարագրություն | Միավորի միջին մաքսային արժեք (ՀՀ դրամ) | |
1 | Մանկական հագուստ | 12247 (1 կգ) |
2 | Վերնաշապիկ | 1686 (1 հատ) |
3 | Տաբատ | 5434 (1 հատ) |
4 | Կոստյում | 10262 (1 հատ) |
5 | Վերարկու | 2859 (1 հատ) |
Սյուզի Բադոյան
Հ.Գ. Շուշանիկ Ներսիսյանն իր նշանակման օրվանից հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում: Եվ նրա գործունեության ամեն դրվագ իսկական փորձություն է ՊԵԿ համակարգի ու տնտեսվարողների համար:
168.am-ն ավելի վաղ գրել էր բարձրաստիճան պաշտոնյա տիկնոջ կողմից տնտեսվարողներին անսպասելի արած ճոխ նվիրատվության մասին. գլխավոր մաքսավորը սեփական նախաձեռնությամբ որոշել էր հանգստյան օրերին մաքսավճարների հավաքագրումը չեղյալ համարել: Խոսքը ապրանքի մաքսը չգանձելու հայտնի ակցիայի մասին է:
Հիշեցնենք, Շուշանիկ Ներսիսյանի՝ առանց իրավական կարգավորման իջեցված հրահանգին ենթարկվել էին 5 մաքսատներից միայն 2-ը, ինչից էապես հարված էր ստացել ՊԵԿ-ի արտաբյուջեն, որտեղից համակարգի բարձր խավը շռայլ պարգևավճարներ էր ստանում:
ՊԵԿ-ում մաքսային ոլորտը համակարգող տիկինը, հիշեցնենք, պետական համակարգում հայտնվեց հեղափոխությունից հետո, ընդ որում, իր նշանակումից ընդամենը մեկ ամիս անց լրիվ բացակայող հիմքերով միանգամից գնդապետի կոչում ստացավ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը