Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում օրեր առաջ Սուրբ Հովհաննես մատուռի հարակից տարածքում տեղադրվել է 44 մետր բարձրությամբ Խաչ` ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված քաջ հայորդիների: Խաչը տեղադրվել է բարերարներ Ռոբերտ Շահինյանի և Հենրիկ Գասպարյանի միջոցներով:
Խաչի տեղադրումից անմիջապես հետո համացանցը սկսեց իր «սուրբ» պարտականությունը. քննադատություների տարափ տեղաց՝ էլ արտաքին տեսքը, էլ նպատակահարմարությունը, ինչ ասես գրեցին: Ճաշակին, իհարկե, ընկեր չկա, կարելի է երկար քննարկել, թե նախագծային ինչ լուծումներ կարող էր լինել կամ, առհասարակ, այդ գումարով ինչ կարելի էր անել: Բայց բարերարն ինքն է տնօրինում իր գումարը և ինքն է որոշում՝ ինչպես հարգանքի տուրք մատուցել:
Ի դեպ, սա առաջին բարեգործությունը չէ, տեղեկանում ենք, որ Ռոբերտ Շահինյանը տարիներ շարունակ բարեգործական ծրագրեր է իրականացրել Երանոս համայնքում՝ տարբեր փողոցների ասֆալտապատում, փողոցների արտաքին լուսավորման աշխատանքներ, ֆուտբոլի մարզադաշտի վերանորոգում, համայնքի բյուջեի ֆինանսավորում և այլն: Պարզ է, որ նա այս քննադատություններից հետո չի դադարելու իր ծրագրերը, այս պատմության մեջ, սակայն, ամենից աչքի զարնողը մեկ այլ հանգամանք է:
Քննադատությունների առաջամարտիկները հիմնականում սորոսականներ են կամ մերձսորոսական շրջանակները: Չգիտես ինչու՝ ինչ կապված է եկեղեցու, կրոնի և քրիստոնեության հետ, նրանք մի տեսակ ծանր են տանում:
Հիշում եք, չէ՞, նախորդ տարի՝ պատերազմի թեժ օրերին, երբ մեր զինվորները կյանքի ու մահվան կռիվ էին տալիս, երբ թշնամին հակամարդկային զենքերի կիրառմանն էր անցել, նրանք ակտիվորեն քննադատում էին բոլորովին այլ բան: Կասետային զենքի կիրառումը, խաղաղ բնակչության ռմբակոծումը թողած նրանց մտահոգում էր այն, որ զինվորները եկեղեցում նույն խաչն են համբուրում, կարող են վարակվել կորոնավիրուսով:
Հիմա էլ, զարմանալի զուգադիպությամբ, խաչի մասին ժամը մեկ արագությամբ ստատուսներ ձոնողները որևէ տող չեն գրել այն մասին, որ ՀՀ սուվերեն տարածքում տեղադրվել են ադրբեջանական մաքսակետեր: Այն, որ սյունեցու կյանքն այսօր վտանգված է, նրանց չի հուզում, ոչինչ չունեն ասելու: Այ եթե, օրինակ, գործարարը մաքսակետ դներ Երանոսում, երևի դա իրենց սրտով լիներ։ Էլ չենք ասում, թե նրանք, առհասարակ, ինչ տարբերակ են ընտրել հայրենիքին ծառայելու և պատերազմի զոհերին իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար: Պարզապես մեզ մոտ թրենդային է դարձել՝ քննադատել ամեն ստեղծվող և արվող բան՝ փոխարենը ոչինչ չանելով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը