05 09 2023

Վերջին շրջանում մյուռոնօրհնությունը կատարվել է այս Խաչով



 

Հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը:

Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնը նախ օրհնում է Ս. Խաչով, որի մեջ զետեղված է մասունք Տիրոջ խաչափայտից: Ս. Գրիգոր Նարեկացին իր «Աղոթամատյանի» 93-րդ գլխում, որն ամբողջությամբ նվիրված է Մյուռոնին, ասում է, որ խնկելի, պաշտելի և երանելի այս յուղը մարդուն որևէ օգուտ չի տա, եթե տերունի կենսատու խաչով չտյառնագրվի: Մասունքակիր այս խաչը պատրաստվել է հատուկ Փիլիպոս Ա Աղբակեցի Կաթողիկոսի (1632-1655) համար 1652 թ.: Վերջին շրջանում մյուռոնօրհնությունը կատարվել է այս Խաչով։ Ժամանակին Ամենայն Հայոց Հայրապետը Մյուռոնն օրհնել է Գետարգելի Ս․ Խաչով, որը հայտնի է նաև Սեղբեստորոսի Ս․ Նշան անունով։ Սա այն խաչն է, որով 1023 թ․ հունվարի 6-ին բյուզանդական կայսեր և ավագանու ներկայությամբ Պետրոս Գետադարձը Ջրօրհնեք կատարեց և հայոց Մյուռոնը հրաշագործեց։ Ըստ ավանդության՝ Հեղինե թագուհին խաչափայտի մասունքից նվիրում է նաև Հռոմի Սեղբեստրոս հայրապետին, որն էլ իր հերթին՝ Ս․ Գրիգոր Լուսավորչին։ Մատենագրական աղբյուրները վկայում են այս խաչի շնորհիվ կատարված հրաշքների մասին։ Այն երկար ժամանակ պահվել է Ձագավանքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ