06 11 2021

«Ոչ մի իզմ»-ի կամ «ոչնչիզմի» ամայացնող շունչը

«Ոչ մի իզմ»-ի կամ «ոչնչիզմի» ամայացնող շունչը

 

Իրենց իշխանություն համարողներից մեկն օրերս ձայն էր արձակել, թե՝ «Հաջորդ տարի «Քաղաքացու օրը» շատ ավելի ճոխ ենք նշելու…»: Մեկ այլ իշխանավոր համարվող երկար-բարակ հիմնավորում էր, թե կատաղի գնաճի պայմաններում թոշակառուներին որպես ողորմություն նետված 2000… օ՜հ, կներեք, 2100 դրամը կենսաթոշակի 50 տոկոս ավելացում է նշանակում (այստեղ են ասել՝ տեր Թոդիկն այցելի մաթեմատիկայիդ ուսուցչին): Մեկ այլ նիկոլական քանքար հերթական «հանճարեղություններն» էր դուրս տվել: Դե, իսկ «նախկինից» սահուն նիկոլիվկայի վերածված ու Նիկոլ Փաշինյանի հրահանգները կատարող գլխ. Դատախազի համար, պարզվում է, աստղաբաշխական աշխատավարձ են ուզում սահմանել…

Թվարկվածները միայն վերջին մի քանի օրերի իշխանանիկոլական այլանդակություններն են, այն էլ՝ խիստ հպանցիկ:

Առհասարակ, Հայաստանի բոլոր նախկին իշխանությունները, ինչ արել կամ չեն արել, բայց իրենց պաշտոնավարումից հետո, խնդիրներից, պրոբլեմներից բացի, նաև կատարված գործեր են թողել, պետական կառավարման համակարգ, բանակ, ուժային կառույցներ, տնտեսական որոշակի վիճակ, զարգացման կամ բարելավման հեռանկարներ: Բացառությամբ գործող ոչ բարով՝ իշխանության, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը:
Կարելի է և առանձին-առանձին դիտարկել ՀՀ նախորդ 3 իշխանությունների արած-չարածը: Այդ դիտարկման դեպքում ակնհայտ է, որ ամենից ծանր վիճակում երկիրը, տնտեսությամբ հանդերձ, ժառանգություն է ստացել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Եվ երկիրն էլ՝ տնտեսությամբ հանդերձ, հաջորդին ամենից լավ վիճակում, բազմապատկված պետական եկամուտների, բնակչության եկամուտների վիճակում փոխանցել է էլի Ռոբերտ Քոչարյանը: Սակայն տվյալ դեպքում դիտարկման բուն նյութը ոչ թե նախկիններն են, այլ ներկաները և հնարավոր հաջորդ իշխանությունը:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հաջորդին փոխանցվելու են բացառապես ավերակներ: Դա առավել քան ակնհայտ է: Ինչ ոլորտ ուզում եք՝ վերցրեք: Եթե հընթացս ու հպանցիկ դիտարկենք, ապա 2018-21 թվականների ընթացքում Նիկոլ Փաշինյանին ու նրա ՔՊ-ին հաջողվել է

ա) ոչնչացնել Հայաստանի սուբյեկտայնությունը, ոտնակոխ անել ՀՀ ինքնիշխանությունը, երկիրը դարձնել արտաքին-քաղաքական քարկտիկի քար,

բ) վերացնել Հայաստանի անվտանգությունը երաշխավորող մարտունակ Զինված ուժերը, քայքայել ԱԱԾ կառույցը, ոստիկանությունը վերածել անձնական սպասարկման պոլիցայության կամ ռեակցիոն ժանդարմերիայի

գ) քայքայված ու փլուզված է երկրի տնտեությունը, աճել են գործազրկությունը, աղետալիորեն աճում է աղքատությունը, արտագաղը վերածվել է արտափախի,

դ) քայքայված են իրավապահ ու դատական համակարգերը, առողջապահական համակարգը, պետական կառավարման համակարգը, ապականված են կրթական ու բուհական կրթության ոլորտները, մշակույթի մասին ավելի լավ է չխոսել,

ե) հասարակությունը ուղղակի ծծմբաթթվային բարոյահոգեբանական վիճակի մեջ է:

Ամենից շոշափելին. Արցախի մեծ մասը Նիկոլ Փաշինյանի ու նրա գերտաղանդավոր կառավարման հետևանքով հանձնվել է թշնամուն, տասնյակ հազարավոր մարդիկ հայրենազրկվել ու տնազրկվել են: Ղեկավարման սխալների ու ապաշնորհության հետևանքով պատերազմում զոհվել են հազարավոր երիտասարդներ, տասը հազարից ավելի երիտասարդներ վիրավորել ու հաշմվել են…

Ի լրումն, կտոր-կտոր թշնամուն են տրվում Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներ: Դրանք էլ, ի դեպ այն հատվածներն են, որոնց նկատմամբ վերահսկողություն հաստատելով, թշնամին հիմա և հետագայում հնարավորություն է ստանում գործնականում վերահսկել Հայաստանի ամբողջական մարզեր ու դրանց անցուդարձը, հասկանալի է՝ վնասներ պատճառելու համար:

Սա է Նիկոլ Փաշինյանի «ոչ մի իզմ» չունենալու կամ «ոչնչիզմի», «վճռական սխալների» դավանանքի ամայացղնող շունչը:

Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մի օր ավարտվելու է: Որքան երկար է նա կառչած մնում աթոռից, այնքան ավելի կոշտ ու դաժան է լինելու այդ իշխանավարման ավարտը: Բայց հարցն այդ չէ: Հարցն անգամ այն չէ, թե վաղը, մյուս օրը ինքը՝ Նիկոլն ինչ մի նոր հակահայ փաստաթուղթ կստորագրի:

Բուն հարցն այն է, որ հաջորդ իշխանությունը, ով էլ այն գլխավորի, ոչ թե ծանր ժառանգություն է ստանալու, այլ ժառանգություն է ստանալու բացարձակ ավերակներ՝ արտաքին-քաղաքական ավերակներ, ներքաղաքական ավերակներ, տնտեսական ու անվտանգային ավերակներ, կրթական ու առողջապահական փլուզումներ: Ու այդ դեպքում առաջնայինը պետության (պետականության), տնտեսության, բանակի վերականգնման հարցերն են լինելու:

Նման պայմաններում ուղղակի անհրաժեշտություն է, որ պետությունը ղեկավարի այն գործիչը՝ իր շուրջը համախմբված թիմով, ով արդեն առնվազն երկու անգամ գործնականում ապացուցել է, որ կարող է ու կարո՛ղ ենք:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ