26 04 2021

Ներքին տուրիզմի գովազդային պաստառները կրկնակի կրճատվել են

Ներքին տուրիզմի գովազդային պաստառները կրկնակի կրճատվել են

Մի ժամանակ, երբ Հայաստանում դեռ կյանք կար, իսկ երկիրն էլ թուրքական վիլայեթ հիշեցնող մղձավանջանոցի չէր վերածվել, նաև այդպիսի զբաղմունք (բիզնես) կար, կոչվում էր՝ տուրիզմ, եթե կուզեք՝ զբոսաշրջություն: Ձևականորեն այն հիմա էլ, իհարկե, կա, թղթերի ու պլակատների վրա: Այդ բիզնեսը ժամանակին անգամ որոշակի դերակատարում ուներ երբեմնի պետության եկամուտների ու ՀՆԱ-ի ավելացման գործում: Ինչևէ:

Օրերս մի տեղեկություն աչքովս ընկավ, թե Ռուսաստանը ժամանակավորապես չեղարկել է Թուրքիայի հետ ուղևորափոխադրումները, ինչի հետևանքով մոտ կես միլիոն ռուսաստանցիներ զրկվել են իրենց արձակուրդները թուրքական լողափերում անցկացնելու հնարավորությունից: Անմիջապես ակտիվացան տարբեր հայրենակիցներ, որոնք Հայաստանի թուրքահպատակ իշխանություններին սկսեցին հորդորել, որ ինչ-որ բան անեն, որպեսզի այդ կես միլիոն պոտենցիալ զբոսաշրջիկների մի մասին ալընտրանք առաջարպկեն՝ մեր երկրում իրենց հանգիստն անցկացնելու առումով:

Դառը քմծիծաղ հարուցեցին այդ, առաջին հայացքից միանգամայն խելամիտ հորդորները: Մերոնք երևի մի պահ մոռացել էին, թե ինչ է եղել վերջին կես տարվա մեջ և այն, որ մենք արդեն առնվազն կես տարի ապրում ենք բոլորովին այլ երկրում և իրականության մեջ, եթե իհարկե, կարելի է կյանք անվանել այս խոշտանգումը, երբ աղանդավորական մարմաջով երկրիդ իշխանությունը զավթած «քայլոներն» ու «քայլապետը» Հայրենիքիդ մի զգալի մասը հանձնել են թշնամուն, երբ հազարավոր երիտասարդների գլուխ են կերել, երբ կործանել ու կործանում են ամեն ինչ, ինչ հնարավոր է...

Նախօրեին ուշադրություն գրավեց զբոսաշրջային ընկերություններից մեկի գովազդային, էքսկուրսիոն-տեղեկատվական պաստառը: Առաջարկում էին էքսկուրսիաներ դեպի Ծաղկաձոր, Կեչառիս, Սաղմոսավանք, Տառերի պուկրակ, Մուսալեռ, Էջմիածին, Զվարթնոց, Տաթև, Ծիծեռնակաբերդ...

Կարելի էր նաև լրացուցիչ նշել. «Շտապեք այցելել Տաթև, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն այն ևս չի հանձնել Ալիևին» կամ՝ «Այցելեք Ծնծեռնակաբերդ, քանի դեռ Փաշինյանը հուշահամալիրը չի հրահանգել քանդել՝ իր գործակից Էրդողանի հանձնարարությամբ...»:

Բայց․ էականն այն էր, որ ի տարբերություն մի 7-8 ամիս առաջվա, տուրիստական ընկերության գովազդային պաստառը կրկնակի փոքրացած-կրճատված էր: Էլ չի առաջարկվում ոչ մի ուղևորություն դեպի Ամարաս, Դադիվանք, Գանձասար, Տիգրանակերտ, Ազոխի քարանձավ, Քարվաճառ, Ծիծեռնավանք, դեպի Շուշի, վերջապես...

Ո՞նց առաջարկեն, եթե Նիկոլ Փաշինյանը, որին միգուցե նաև ընկերության աշխատողներն էլ են հիպնոսացած բանդերլոգների նման 2018-ին բոլ-բոլ «դմփ-դմփ-հու» արել, գործնականում այդ ամենը հանձնել է թշնամուն:

Ռուսերեն այդպիսի ասացվածք կա «Աչքին չերևա՝ սրտից էլ կվռնդվի»: Ասել է, թե՝ մոռանում են նրան, ում չեն տեսնում, հետը չեն շփվում: Արցախը գործնականում ոչ միայն դավաճանված ու ծախված է այս ապիկարապետության պարագլուխների կողմից, այլև... սրտից վռնդված, եթե իհարկե, երբևէ եղել է դրանց մաղձակոլոլ ու հայատյաց սրտերում:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ