Այս օրերին ականատեսն ենք մեր տնտեսության աղետալի կացության հերթական դրսևորմանը՝ հայկական դրամի կտրուկ արժեզրկմանը։ Երևույթ, որը ներկայիս իշխանության «կառավարման» երեք տարիների արտացոլումն է և որը, ցավոք, շարունակվելու է։ Այժմ ներկայացնենք, թե դրամի փոխարժեքի ցնցումները ե՞րբ սկսվեցին, ո՞ւր են հասել և ի՞նչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում։
Դրամի փոխարժեքը մինչև անցած տարվա նոյեմբերի վերջին տասնօրյակը պահպանվում էր վերջին տարիների ձևավորված միջակայքում՝ 1 դոլարի դիմաց 480-490 դրամ։ Սակայն, նոյեմբերի 20-ից հետո եղավ առաջին ցնցումը՝ 1 դոլարի դիմաց դրամը հասավ 510-520 դրամի։ Կենտրոնական բանկը փոխարժեքային ներարկումներ արեց, դրամի ավելի կտրւոկ արժեզրկում թույլ չտալու համար, փոխարժեքը որոշակիորեն կայունացավ։ Սակայն դեկտեմբեր ամիսն այն շարունակվեց արժեզրկվել, և տարին եզրափակվեց 1 դոլարի դիմաց 525 դրամ փոխարժեքով։ Մինչև մարտի վերջ դրամի արժեզրկումը շարունակվեց, հասնելով 1 դոլարի դիմաց 530 դրամի միջակայք։ Եվ ահա, օրերս, հայկանան դրամը գրանցեց նոր հակառեկորդ՝ ապրիլի 7-ին հասնելով 1 դոլարի դիմաց 540 դրամ փոխարժեքին։ Այսինքն, վերջին 4 ամսվա ընթացքում դրամը արժեզրվել է ավելի քան 10-12 տոկոսով։ Թերևս կարիք չկա ավելորդ անգամ ասել, որ դա նշանակում է ապրանքների թանկացումներ, ինչն արդեն տեղի է ունենում։
Դրամի արժեզրկումը մի կողմից թանկացնում է ներմուծվող ապրանքների գինը, ավելի խորացնելով բնակչության սոցիալական վատ վիճակը, մյուս կողմից էլ՝ թանկացնում է մեր արտահանումը՝ ավելի իջեցնելով հայկական ապրանքների մրցունակությունը արտերկրում։ Դա էլ նշանակում է, որ մեր ապրանք արտադրողները և դրանում ներգրավված մարդիկ՝ սկսած ձեռնարկություններում աշխատողներից վերջացրած գյուղացիներից, որոնք իրենց բերքն են հանձնում վերամշակող ձեռնարկություններից, կորցնում են եկամուտներ։ Եթե արտահանման ծավալները նվազեն, ապա մթերվող բերքի ծավալն էլ կնվազի, դրա դիմաց տրվող գումարն էլ, գյուղացիներն էլ չեն կարողանա ամբողջությամբ հանձնել իրենց բերքը, իսկ հանձնելու դեպքում կստանան ավելի քիչ գումար։
Բնական է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը կշտապեն ներկայացնել սա որպես պատերազմի և կորոնովիրուսի հետևանք, «մոռանալով», որ երկու դեպքում էլ իրենք են մեղավորը։
Պատերազմում իշխանությունների կողմից մեզ պարտության տանելու, ահռելի մարդկային, տարածքային ու նյութական կորուստների միակ մեղավորը հենց այս իշխանությունն է։ Արցախի տարածքների կորցնելու հետևանքով փորձագիտական հաշվակներով, մեր կորուստը մոտ 20 մլրդ դոլարի սահմաններում է։ Պարզ է, որ սա անուղղակիորեն ազդելու էր դրամի փոխարժեքի վրա։
Կորոնավիրոսի հետ կապված կառավարությունը մի ժամանակ պոռոտախոսում էր, թե հակաճգնաժամային միջոցառումները մեծ արդյունք են տվել։ Մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը գրել էր․ «Ֆինանսական շուկայի արագ արձագանքը կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության ուղղակի ապացույցն է։ Դրամը ամրապնդում է կայունությունը, ավանդներն ու վարկերն աճում են, աճում է նաև բանկերի լիկվիդայինությունը։ Դուխով»։ Ներկայիս վիճակի ֆոնին այս գրառումը ծիծաղ կարող էր առաջացնել, եթե վիճակն այդքան ողբերգական չլիներ։
Մի խոսքով, ներկայիս իրողությունն այսպիսին է։ Ակնհայտ է, որ տնտեսական անկումը շարունակվելու է, և Կենտրոնական բանկի կողմից շուկա դոլար ներարկելը առարկայական արդյունք չի տալու։ Ի վերջո, ԿԲ պահուստներն անսպառ չեն և չի կարելի դրանք փոշիացնել հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման։ Ամենացավալին այն է, որ անգամ եվրոբոնդերից ստացված մոտ 750 մլն դոլարը, որն ավելացրեց ՀՀ արտաքին պարտքը, որևէ դրական ազդեցություն չունեցավ փոխարժեքի վրա։ Չնայած գուցե ապագայում այդ գումարը դեռ պե՞տք կգա Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահին ծառայեցնելու նպատակով։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը