02 04 2021

Ահա թե ինչի մեջ ենք գտնվում․ այս աղետը չի ավարտվի, քանի դեռ նա՛ է ղեկավարում

Ահա թե ինչի մեջ ենք գտնվում․ այս աղետը չի ավարտվի, քանի դեռ նա՛ է ղեկավարում

Բնակչության սոցիալական վիճակը Հայաստանում սրընթաց վատանում է։ Բարձր գնաճը աղքատացնում է անփոփոխ եկամուտ ունեցողների վիճակը։ Նրանք նույն գումարով ավելի քիչ ապրանք են կարողանում գնել։ Ավելի վատ է աշխատանք կորցրածների վիճակը։ Բազմաթիվ ոլորոտներում՝ զբոսաշրջություն, սպասարկման ոլորտ, առևտրի ոլորտ, ոսկու հանքարդյունաբերական ձեռնարկությունը Վարդենիսում և ֆաբրիկան Արարատում, դեռևս երկու-երեք տարի առաջ Ալավերդու պղնձաձուլական կոմբինատում հազարավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը և զրկվել եկամուտներից։ Պատճառները բազմաթիվ են՝ կորոնավիրուս, պատերազմ և դրա հետևանքներ, բայց գլխավոր պատճառը երկրի ղեկին հայտնված մարդու և նրա շրջապատի հանցավոր գործունեությունն է։

Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող գործարարների ահաբեկման հետևանքով ներդրումներ չեն կատարվում, իսկ եղած ներդրողներն էլ հեռանում են Հայաստանից։ Կառավարության մոտ տնտեսական զարգացման ծրագրերի լիակատար բացակայության պայմաններում տնտեսությունը գնում է դեպի անդունդ։ Փոխարենը կառավարությունն ամեն ինչ անում է իշխանական թիմի բարեկացությունն անխափան ապահովելու համար՝ բարձր պարգևավճարներ, մաքսանենգ ապրանքների ներմուծում և արտահանում, որի հետևանքով բյուջեն չի ստանում տասնյակ միլիարդներ, հափշտակումներ պետական գնումների ժամանակ, ռազմական սխալ ծախսեր և գրպանած միլիոնավոր դոլարներ և այլն։ Վերջին «նվերը» տնտեսական անկումից և պատերազմիցղ բզկտված երկրին, աղքատացած բնակչությանը, անտուն ու անօթևան մնացած հազարավոր մեր հայրենակիցներին, զոհվածների, վիրավորվածների և անհետ կորածների հարազատներին կառավարության որոշումն էր պետական պաշտոնյաների ընտանիքների անդամներին, պետական բյուջեի, այսինքն մեր վճարած հարկերի հաշվին անվճար մարզասրահ ու լողավազան այցելելու մասին։ Ավելի մեծ ծաղր ժողովրդի նկատմամբ դժվար է պատկերացնել։

Հայաստանն այսօր ռեկորդակիր է բացասական «աննախադեպ» ցուցանիշների առումով։ Մենք տնտեսական խորն անկում ունեցող երկրների թվում ենք՝ 7,5 տոկոս անցած տարի։ Աննախադեպ է նաև գնաճը, հատկապես սննդամթերքի գնաճը՝ փետրվարին 8,7 տոկոս։ Այն երկրներում, որտեղ գրանցվել է ավելի բարձր գնաճ, գոնե տնտեսական անկումն է ավելի ցածր եղել, իսկ այն երկրներում, որտեղ անկումը բարձր է եղել, գնաճն է ավելի ցաճր եղել։ Հայաստանում և գնաճն է բարձր, և տնտեսական անկումը ավելի խորը։

Այս իրավիճակում կառավարությունը գրեթե կրկնակի բարձրացնում է Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը հսկող ոստիկանների աշխատավարձերը։ Օրինակ, մեր սահմանները պաշտպանող պայմանագրային զինծառայողների միջին աշխատավարձը 150 հազար դրամ է, իսկ վերոնշյալ ոստիկաններինը կդառնա միջինը 400 հազար դրամ։ Ընդ որում, պետական բյուջեի եկամուտները նվազման պարագայում սա արվում է արտաքին պարտքի ավելացման հաշվին։ Կառավարությունը պարտք է վերցնում ոչ թե տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնելու, ճանապարհներ նորոգելու, ջրագծեր կամ ջրամաբարներ կառուցելու համար, այլ սեփական անվտանգութունն ապահովողներին փաստացի կաշառելու նպատակով։ Սա նաև հեռահար նպատակ է հետապնդում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարած ընտրությունների իրականացման դեպքում այս մարդիկ լինելու են նրա հենարանը և անելու են ամեն ինչ նրա իշխանության վերարտադրման համար։

Ի՞նչ է սպասվում մեզ առաջիկայում։ Այս իշխանությունը որքան երկար մնա, այնքան տնտեսական անկումը խորանալու է, մարդկանց սոցիալական վիճակը վատանալու, գնաճը շարունակվելու, ազգային արժույթը՝ արժեզրկվելու։  Ցանկանո՞ւմ ենք մենք, որ «թեկուզ հացը 1000 դրամ դառնա, մենակ Նիկոլը լինի վարչապետ» գիտակցությունից զուրկ տարբերակը, ուրեմն երկար կման այս իշխանությունը և հետևանքները «կճաշակենք» բոլորս։

Ինչ վերաբերվում է նրանց, ովքեր այս կամ այն չափով հավատացել են Նիկոլ Փաշինյանին և իրենց ձայնը տվել նրան, ապա պետք է հետ գնան երեք տարի և իրենց ու ամբողջ ժողովրդի վիճակը համեմատեն ներկայիս վիճակի հետ։ Հիշեն «թավշյա» վարչապետի խոստումները «թռիչքային տնտեսական աճի», կախադրական փայտիկի, պետական բյուջեն կրկնապատկելու և նման անհեթեթությունների մասին։ Ո՞ր մեկը կատարվեց այդ խոստումներից՝ ոչ մեկը։ Ի՞նչ տեղի ունեցավ՝ տրամագծորեն հակառակը, ամեն ինչ ավելի վատթարացավ։ Արժե՞ հավատալ կամ վստահել մեկին, որը երեք տարի ժամանակ է ունեցել իր խոստումները կատարելու, բայց լավ կյանքի փոխարեն մեզ «պարգևել» է պատերազմ, հայրենիքի կորուստ, հազարավոր զոհեր, ավերված տնտեսություն ու աղքատացած բնակչություն։ Պատասխանն ակնհայտ է։ Եթե ցանկանում ենք խուսափել վատթարագույնից՝ սպասվող սոցիալ-տնտեսական արհավիրքից, Հայաստանի անվտանգությանը սպառնացող թուրքադրբեջանական վտանգներից և հնարավոր նոր պատերազմից, ի վերջո, պետք է ղեկավարվենք գիտակցությամբ, ոչ թե շարունակենք հավատալ դատարկ խոստումներին և թույլ տանք մեզ խաբել։

Արա Մարտիրոսյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ