08 06 2022

Մշտական բնակչության թվաքանակը նվազել է. «Ժողովուրդ»

Մշտական բնակչության թվաքանակը նվազել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեկ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է 2300-ով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ մեր երկրում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բնակչության թվաքանակը 2 մլն 963 հազար 900 մարդ էր: Մյուս կողմից՝ նկատենք, որ ՀՀ որոշ մարզերում, հակառակը, բնակչության թվաքանակն ավելացել է` տարբեր տեղաշարժերի հաշվին։

Օրինակ՝ Արմավիրի մարզում 2021թ. ապրիլի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 264 հազար 100, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 264 հազար 700 մարդ: Արարատի մարզում եւս բնակչության թվաքանակն ավելացել է՝ 256 հազար 700-ից հասնելով 257 հազարի: Արագածոտնի մարզում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը 124 հազար 500-ից դարձել է 124 հազար 700 մարդ: Ի դեպ, Գեղարքունիքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է 400-ով: Բնակչության թվաքանակը պակասել է Երեւանում 400-ով: Եթե նախորդ տարվա ապրիլի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 93 հազար 600, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 93 հազար 200 մարդ:

Մյուս կողմից՝ բնակչության թվաքանակը պակասել է Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում: Միայն սահմանամերձ Սյունիքում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը պակասել է 700-ով: Տեղեկացնենք, որ Կոտայքի մարզում բնակչության թվաքանակը պահպանվել է (251 հազար 400 մարդ):

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ