Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները առանցքային նշանակություն ունեն մեր երկրի անվտանգության և տնտեսական զարգացման համար։ Հաշվի առնելով ներկայիս իշխանությունների գործունեության տխուր հետևանքները, առաջիկայում Ռուսաստանի հետ հարաբերությունները սերտացնելու անհրաժեշտություն է առաջանալու։ Մեր ռազմական և տնտեսական կարողությունների վերականգնումն ու զարգացումը գործնականում անհնար է առանց ռազմավարական դաշնակից երկրի աջակցության։
Ռուսաստանի դերն այդ առումով անցած տարիների ընթացքում միշտ էլ առաջնային է եղել։ Հատկապես 2000-ականներին, երկու երկրների նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի կառավարման տարիներին, որոնց գերազանց փոխըմբռման շնորհիվ ձևավորվել էին հայ-ռուսական փայլուն հարաբերություններ, իրականացվել ռուսական կողմի միլիարդավոր ներդրումներ Հայաստանում, հիմք դրվել ռազմական ոլորտի գործընկերության։ Այս ամենը կտրուկ փոխեց Հայաստանի «դեմքը»՝ ավերված և ճգնաժամի մեջ հայտնված երկրից դարձնելով տնտեսական կտրուկ աճ արձանագրած և ամուր պետության։ Հայ-ռուսական հարաբերությունները նոր փուլը սկսվեց 2000 թ․-ի սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանի Ռուսաստան կատարած այցից հետո։
Հայաստանում այս ընթացքում կատարված ներդումներից խոշորագույնը կատարվել է «Գազպրոմի» կողմից, որը գերազանցեց 1 մլրդ դոլարը և որի շնորիհիվ Հայաստանը դարձավ աշխարհում ամենագազիֆիկացված երկրներից մեկը։ Այդ գործընթացի մասին հանգամանորեն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում։
Հարյուր միլիոնավոր ներդրումներ կատարվեցին հեռահաղորդակցության ոլորտում՝ մանսավորապես բջջային կապի երկու օպերատորների՝ ռուսական ՄՏՍ-ի և Բիլայնի կողմից։ Այս ոլորտում իրականացված հեղափոխական զարգացումները նույնպես ներկայացրել ենք։
Ենթակառուցվածքներից երկաթուղային հաղորդակցության արդիականացման և զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերից էր հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հանձնումը։ 2006 թ․-ին կառավարությունը որոշում ընդունեց այդ մասին, 2007 թ․-ի հունիսին հայտարարվեց միջազգային մրցույթը։ Ավելի քան երկու ամիս հայկական երկաթուղու կառավարման մրցույթին որևէ հայտ չներկայացվեց։ Սեպտեմբերին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն ներկայացրեց նախնական, դեկտեմբերին՝ հիմնական հայտը։ Հետագայում, 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքվեց պայմանագիր «Հայկական երկաթուղին» 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնելու և կողմերի փոխադարձ համաձայնությամբ, ևս 10 տարի երկարացման մասին: Ստեղծվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն («ՀԿԵ»), պարտավորություն ստանձնելով արդիականացնել Հայաստանի Հանրապետության երկաթուղու ենթակառուցվածքը, զարգացնել ներհանրապետական և միջազգային ուղևորային ու բեռնափոխադրումների հաղորդակացությունները: 2008-2020 թվականերին ռուսական ընկերության կողմից այստեղ իրականացվեց մոտ 115 մլրդ դրամ ներդրում, որը ամբողջ ներդրումային ծրագրի մոտ երկու երրորդն էր և որի արդյունքում այսօր ունենք արմատապես փոխված և արդիականացված երկաթուղային հաղորդակցություն։
Հայաստանի արդյունաբերական խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Կանազի» ձեռք բերումը ռուսական հանրաճանաչ «Ռուսալ» ընկերության կողմից Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում ռուսական ներդրումային առաջին հաջողված գործարքներից էր։ Դրա շնորհիվ արդյունաբերական այս հսկան չկիսեց մեր արդյունաբերության մյուս խոշոր ձեռնարկությունների 90-ականներին բաժին հասած ճակատագիրը։ «Արմենալ» անվանումը ստացած ձեռնարկությունում 2000 թ․-ից հետո կատարված ներդրումները 15 տարի անց գերազանցել էին 150 մլնդ դոլարը, իսկ այստեղ արտադրվող ալյումինե փայլաթիթեղը արտահանման ծավալները տարեց տարի ավելացել են։
2005 թվականի մարտի 25-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության տարվա մեկնարկի առթիվ հանդիսավոր արարողություն։ Դրանից մեկ օր առաջ տիկնոջ հետ աշխատանքային այցով Հայաստան էր եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները մասնակցեցին հանդիսավոր արարողությանը։ Իսկ նախագահների առանձնազրույցի թեման էլ ոչ միայն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային խնդիրներն էին, այլև Հայաստանում ռուսական ներդրումների ակտիվացումը, էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի դաշնության կողմից Հայաստանում կատարված ներդրումների ամբողջ ծավալը կազմել է 2,4 մլրդ դոլար։ Բացի խոշոր ներդրումային ծրագրերից, Հայաստանում ռուսական կապիտալի կողմից ներդրումներ են կատարվել միջին և փոքր ձեռնարկատիրության ոլորտում։ Մասնավորապես, 2007 թ․-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում ստեղծված 3347 համատեղ ընկերությունների մեծ մասը հայ-ռուսական համատեղ ընկերություններն էին։ Նման համագործակցությունը հնարավոր էր դարձել շնորհիվ կնքված բազմաթիվ միջպետական և միջակառավարական համաձայնագրերի շնորհիվ։ Այդ համաձայնագրերով ստեղծվել և սերտացել են երկու երկրների հարաբերությունները ինչպես տնտեսության, այնպես էլ կրթության, գիտության, մշակույթի, հումանիտար և այլ ոլորտներում։
Հարկ է նշել, որ 2000-երին 10 տարվա ընթացքում հայ-ռուսական համագործակցության խորացման ուղղությամբ մոտ 160 պայմանագրեր են կնքվել։ Ռոբերտ Քոչարյանի Ռուսաստան և Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցերն աչքին էին ընկնում երկու երկների շահերի համադրության բարձր մակարդակով և լիակատար փոխըմբռնմամբ։ Այդ տարիները նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման առումով ամենարդյունավետն էին։
Այսօր Հայաստանն էլ է իր տեղում, Ռուսաստանն էլ, Պուտինն էլ, բայց հայ-ռուսական հարաբերությունները հիմա նվազագույնին են։ Ինչո՞ւ։ Պատճառը այսօր Հայաստանի ղեկավարի դերում պետական այրի, հզորացող երիկրի ղեկավարի, արժանապատիվ արտաքին քաղաքականություն վարող նախագահի, կայության և խաղաղության երաշխավորի և պարզապես երկրի տիրոջ բացակայությունն է։
Հուսանք, որ Հայաստանում պետական շահի առաջնորդությամբ ղեկավարվող իշխանության գալու պարագայում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կունենան նույն տրամաբանությունն ու առաջնայնությունը, ինչ եղել էին ոչ հեռու անցյալում։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը