19 02 2021

Տնտեսությունն ունի վերակենդանացման կարիք, բայց այս պահին չունի դրա նշանները

Տնտեսությունն ունի վերակենդանացման կարիք, բայց այս պահին չունի դրա նշանները

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մեր տնտեսությունը վերակենդանացման նշաններ է ցույց տալիս։ Ապացուցելու համար իր ասածը նա վկայակոչել է ինչ-որ թվեր, որոնք, ինչպես միշտ, որեւէ տեղ հրապարակված չեն եւ հնարավորություն չկա ստուգելու։ Սակայն ամենազավեշտալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ երկրի տնտեսության վիճակը բնութագրում է ՀԴՄ կտրոններով։ Նա այդպես էլ չի հասկացել, որ տնտեսության աճի, անկման կամ զարգացման ցուցիչը ամենեւին էլ ՀԴՄ կտրոններով չի չափվում։ Թեեւ դա զարմանալի չի, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, անցած գրեթե երեք տարիներ ընթացքում նա ընդհանրապես տնտեսությունից այդպես էլ ոչինչ չհասկացավ։

Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի խոսքի մեջ թյուրիմացաբար մի ճիշտ արտահայտություն է արվել՝ «վերակենդանացման նշաններ»։ Վերակենդանացնում են ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տարված մարդուն։ Այսինքն, վերոնշյալ անձն ընդունում է, որ իր կառավարման ժամանակ եւ պատճառով մեր տնտեսությունը հասել է նման վիճակի։ Սակայն, ցավն այն է, որ իրականում տնտեսության վերակենդանացման նշանների մասին խոսք անգամ չի կարող լինել։ Այն շարունակում է գահավիժել։ Այս եզարակցությանն ենք գալիս ներկա պահին հրապարակված միակ պաշտոնական տեղեկատվությունից՝ պետբյուջեի հարկային  եկամուտների ցուցանիշից։  

Համաձայն պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տեղեկատվության, այս տարվա հունվարին Հայաստանում հավաքվել է 130 մլրդ դրամի հարկային  եկամուտներ։ Անցյալ տարվա հունվարին հավաքվել էր 146 մլրդ դրամի հարկային եկամուտներ։ Այսինքն, մոտ 10 տոկոսով կամ 16 մլրդ դրամով ավելի քիչ։ Հարց է առաջանում, այդ ինչպե՞ս է վերականդանցաման նշաններ ցույց տվող տնտեսությունում ավելի քիչ հարկային եկամուտներ ստացվում։ Այսինքն, փաստ է, որ տնտեսությունը հայտնվել է այդ վիճակում եւ փաստ է, որ այդ վիճակից դուրս գալու ոչ մի նշան չկա։

Ավելի վաղ հրապարակված մեկ այլ ցուցանիշ էլ փաստում է, որ հունվարին գնաճը կազմել է 4,5 տոկոս, իսկ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային միչքների գնաճը՝ 6,4 տոկոս։ Այս ցուցանիշն արձանագրվել է նախորդ տարվա 7,5 տոկոս տնտեսական անկման ֆոնին։ Այսինքն, մի կողմից ունենք գնաճ, մյուս կողմից՝ տնտեսական անկում։ Եվս մեկ խոսուն պատկեր սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի մասին։

Միանշանակ է, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսների մյուս տնտեսական ցուցանիշներն ավելի վատթար են լինելու նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, բայց այդ ժամանակ արդեն մոռացված կլինի տնտեսության իբր վերակենդանացման մասին Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ