16 02 2021

Վարազդատ Կարապետյանը կրկին փոշմանել է, երկուսուկես տարվա մեջ՝ երրորդ անգամ

Վարազդատ Կարապետյանը կրկին փոշմանել է, երկուսուկես տարվա մեջ՝ երրորդ անգամ

Վարազդատ Կարապետյանը Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատման դիմում է գրել, հետն էլ՝ ապաշխարելու տեքստ ֆեյսբուքյան էջում: Նա, մասնավորապես, նշել է, որ հիմա Չինաստան գնալու ժամանակը չէ, այստեղ շատ անելիքներ կան, ինքը որևէ կուսակցության և կուսակցապետի չի ընտրում, այլ ընտրում է հայ առաքելական եկեղեցին և հայ ազգային արժեքները:

Վարազդատ Կարապետյանը նշում է, որ երկիրը բաժանված է սև ու սպիտակի, բոլորը իրար լափելով են զբաղված: Կարապետյանը նաև խոսում է իր արած աշխատանքի մասին՝ ակնարկելով, որ ազդեցություն չի ունեցել կարևոր իրադարձությունների վրա։ Վերջում էլ ներողություն խնդրում և հայտնում, որ նոր հիմնադրամ է ստեղծում:

Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանը այդ պաշտոնը ստանձնել էր Արցախի կապիտուլյացիայից հետո՝ վայր դնելով պատգամավորական մանդատը: Նա, մասնավորապես գրել էր. «Այժմ, առավել քան երբևէ Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ։ Առաջիկայում գործարարներին կներկայացնեմ մեր համատեղ գործողությունների հաջորդականությունը։ Գեղարքունիքի սիրելի՛ ժողովուրդ, ձեզ հուզող խնդիրներն ու հարցերը շարունակեք ուղարկել ինձ։ Կաշխատեմ հնարավորինս նպաստել դրանց լուծմանը»:

Նոր կապեր հաստատելու համար Չինաստան մեկնող Կարապետյանը երեք ամիս անց գրում է, որ հիմա Չինաստան գնալու ժամանակը չէ, պետք է  մնալ Հայաստանում և խայտառակ պարտության հետևանքներ հաղթահարել:

Գուցե, նրա այս քայլը ողջունելի է, ի վերջո նա հասկացել է իր սխալներն ու այս դավաճան իշխանության մաս կազմել չի ուզում: Գուցե, եթե չհիշենք, թե ինչ գործունեություն է ծավալել Վարազդատ Կարապետյանը նախկինում, ինչ է ասել և ինչ է արել: 

Այսպես, Վարազդատ Կարապետյանը «Հին Հայաստանում» զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնը, ծրագրեր էր առաջարկում, խոսում էր իրենց արած լավ առաջարկների մասին, բայց դա 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին: Հետո, երբ փողոցում քայլողների թիվն ավելացավ, Կարապետյանը միանգամից մտափոխվեց և հրաժարական տվեց, հետն էլ մի դրամատիկ ֆեյսբուքյան գրառում արեց. «Իմ սիրելի ընկերներ, այս իրավիճակում չեմ կարող անտարբեր մնալ։ Ես վայր եմ դնում փոխնախարարի իմ լիազորությունները (չգիտեմ էլ, թե ու՛մ ներկայացնեմ հրաժարականս?)։ Անցյալ ութ ամիսներին փորձել եմ ավելի լավը դարձնել մեր երկիրը, բայց հիմա չեմ կարող․ կրկեսի վերածելու կյանք չունեմ։) Ակնհայտ է, որ  դեռ մի քանի ամիս չենք կարող կառուցել՝ դեռ քանդելու փուլն է՝ ստի ու կեղծիքի ամրոցները քանդելու։ 

Մեր երկիրը հիմքից մաքրելու կարիք կա։ Հաջողություն մեզ։ Կգա կառուցման օրը, վստահ եմ»։

Ամիսներ շարունակ փոխնախարար աշխատած անձը պետական համակարգը անվանում է ստի և կեղծիքի ամրոց ու կրկես: Հետն էլ ասում, որ պետք է քանդել այդ ամրոցը, ինքն էլ անելիք չունի այդտեղ: Իսկ, կառուցման ժամանակը ըստ կարապետյանի եկավ երկու ամիս անց: Մայիսի 2-ին հրաժարական տալուց հետո հունիսի 19-ին նա ստանձնեց Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնը:

Ի դեպ, կառավարության 100 օրվա հանրահավաքին ընդառաջ Կարապետյանն իր էջում գրել էր.

«Կեղծքը ջնջում ենք։ Կեղծ կրթությունը, կեղծ առողջապահությունը․․․ կեղծ վերաբերմունքը․․․ կեղծ տեղեկանքը ․․․կեղծ օրենքը։

Որտեղ տեսնում ենք կեղծիք, պայքարում ենք, քանդում ենք։ Ու ակադեմիական կրթություն կամ դասական դաստիարակություն դրա համար պետք չէ»։

Մեկ տարի վարչապետին խորհուրդներ տալու ամբողջ ընթացքում Կարապետյանը աչքի ընկավ միայն պետական համակարգի մասին աղմկահարույց ելույթներով, ասում էր՝ այն ուռճացված է, մարդիկ գալիս են այնտեղ, չաշխատելու, պետք է 100 հազարով կրճատումներ արվի: Հետո Կարապետյանը գործադիրից անցավ օրենդիր, թե ինչով էր զբաղվում, հայտնի չէ:

Պատերազմի օրերին էլ բոլոր հերոս տղաներին վարկաբեկելու ֆոնին հերոսացնում էր Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին: Նա գրում էր, որ ընկերն իրեն պատմել է, որ բոլորը փախել են, մնացել է միայն Աշոտ Փաշինյանը: «Որտեղ տեսնում ենք կեղծիք, պայքարում ենք, քանդում ենք» խոսքերի հեղինակը ասում էր, որ բոլորը փախել են կռվի դաշտից, մնացել է վարչապետի որդին:

Հետո եղավ այն, ինչ եղավ, Արցախի մեծ մասն ու հազարավոր հայորդիների կորցրինք, իսկ Վարազդատ Կարապետյանը ընդամենը օրենսդիրի գործը թողեց և որոշեց գնալ Չինաստան, ի դեպ, ջնջեց նաև Աշոտ Փաշինյանի մասին գրառումը:

Հիմա, անհասկնալի է, թե ում է ուղղված Վարազդատ Կարապետյանի վերացական ներողությունը: Կոնկրետ ինչի՞ համար է նորողություն խնդրում Վարազդատ Կարապետյանը, ներողությո՞ւն է խնդրում նախկին իշխանությունից, ում մաս էր կազմում ինքը, բայց ում անվանում էր կրկես, ներողությո՞ւն է խնդրում մարդկնացից, որոնց սև ու սպիտակի բաժանված լինելուց է բողոքում հիմա, որի դեմ ինքը կարող էր պայքարել, բայց ոչինչ չարեց, լուռ հետևեց այդ ընթացքին, ներողությո՞ւն է խնդրում Հայ առաքելական եկեղեցուց, որին հիմա  անվանում է գերագույն արժեք, բայց որի դեմ լկտի արշավի ժամանակ ձայն չհանեց, ներողությո՞ւն է խնդրում պատերազմի ժամանակ մինչև վերջ պայքարած հայ զինվորից, ում դասալիք էր անվանում․․․ Ումի՞ց է ներողություն խնդրում Վարազդատ Կարապետյանը:

Ի վերջո՝ ինչպե՞ս հավատալ նրա ասածներին այսքանից հետ, թե բա՝ նոր նախաձեռնությո՜ւն, անելիքնե՜ր․․․

 Տաթև Միրզոյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ