Նախագահ Քոչարյանի հարցազրույցի բովանդակային խտությունը տպավորիչ է: Իսկ մի շարք ուշագրավ դիտարկումներ և շեշտադրումներ նաև հետաքրքիր քննարկման լավ առիթ են:
Առավել հետաքրքրիր դիտարկումների շարքից նախ, արժե առանձնացնել աշխարհակարգային փոփոխությունների ինչպես ակնհայտ, այնպես էլ ենթատեսքտային բովանդակային միտումներին վերաբերող հատվածը:
Այն, որ արդեն մի որոշակի ժամանակահատված ընթանում է միաբևեռ աշխարհակարգից անցում դեպի բազմաբևեռի՝ տարածաշրջանային «խոշոր խաղացողների» կամ «բևեռիկների» ձևավորմամբ, ոչ միայն ակնհայտ է, այլև բազմաթիվ վերլուծությունների, քաղաքագիտական ուսումնասիրությունների, գրքերի նյութ:
Այսինքն, դա ոչ միայն տեսություն է, այլև միանգամայն ռեալ պրակտիկա՝ իր հետևանքներով ու «շեղումներով», այդ թվում՝ անմիջականորեն մեր տարածաշրջանում, որտեղ ավելի ու ավելի են ընդգծվում Ռուսաստան-Թուրքիա մրցակցությունը, Իրանի հավակնոտ և ավելի շատ ինքնուրույն «խաղը» և դրան համահունչ արտաքին քաղաքականությունը և այլն:
Շատ ավելի հետաքրքրական էր Ռոբերտ Քոչարյանի տեսակետը պայմանական ասած՝ «գլոբալ սորոսիզացիայի» և այդ գաղափարաքաղաքական հենքի ժամկետանց դառնալու վերաբերյալ: Խոսքը «գլոբալիզացիայի» այն հենքի մասին է, որը ենթադրում էր ազգային պետությունների տարրալուծում, նաև՝ քաղաքակրթական, ազգային, մշակութային, առհասարակ, ինքնության հատկանիշների, տարբերությունների համահարթեցում, ըստ էության՝ վերացում: Այդ, եթե կարելի ասել՝ «գաղափարաբանության» դրսևորումները և օրինակները համաշխարհային ընդգրկմամբ, հատկապես անցած մեկուկես տասնամյակում, վառ արտահայտվել են:
Ավելին, «գլոբալ սորոսիզացիայի» ներկայացուցիչները Հայաստանում էլ են դրսևորվել, բավականին խուռներամ, երփներանգ, բայց և տեսակային ու ներքին պարունակության առումով բավականին իրար նման զանազան «պրոֆեսիոնալ աշխուժակների» տեսքով: Նշված ժամանակահատվածում արագորեն բազմացան զանազան ՀԿ-ներ, առավելապես «մարդ-կազմակերպություններ», որոնք դիրքավորվում էին որպես «թունդ բնապահպաններ», «ԼԳԲՏ-ների իրավունքների», նաև՝ աղանդավորների պաշտպաններ», «իրավապաշտպաններ», որոնք հանդես էին գալիս և հանդես են գալիս որպես «խաղաղասերներ», «Թուրքիային ներողներ», «ադրբեջանցիների հետ ընկերություն» անողներ, ագրեսորի սպանված սպայի ու նրա որբացած երեխայի համար «լացողներ» և այսպես շարունակ: Այդ՝ «այսպես շարունակ»-ի մեջ են նաև բացահայտ գռեհկությունն ու անհեթեթությունը, անճաշակությունն ու բարդույթները «պերֆորմանս» հրամցնողները, 5-6 տարեկանից երեխաներին «սեռական դաստիարակության ենթարկելու» ջատագովները, գրավոր աղտեղությունը որպես «բարձր գրականություն» մատուցողները, ամեն ազգայինը ծաղրող-ծանակողները, հայհոյախոսությունը հանրային հաղորդակոցւթյան մեջ արմատավորողները: Հա, և նրանց մեծ մասը (ինչպիսի՜ «զուգադիպություն»), արդեն ոչ թե պայմանականորեն կամ փոխաբերական առումով, այլ անպայմանորեն ու փողաբերական հենքով, ուղղակիորեն կամ ոլորուն տարբերակներով որոշակի ֆինանսական ներարկումներ են ստանում հիշատակված Սորոսից:
Այս «սորոսիզացված» երփներանգ փաղանգը 2018-ի «գունավոր» կամ անարյուն հեղաշրջման ընթացքում ակտիվ ներգրավված էր, «առաջին շարքերում» էր և Փաշինյանի իշխանության ակնհայտ փայատեր է: Կան և՛ «սորոսիզացված» նախարարներ և պատգամավորներ, և՛ այսպես ասած՝ «գորշ կարդինալ-կարդինալուհիներ»:
Մեծ հաշվով, արդարացված և հիմնավոր է դիտարկումը, որ վերջին երկու տարվա ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումները, ազգային ինքնության ու հանրային բարոյականության դեմ ուղղված ցուցադրական «միջոցառումները», կրթական համակարգի, հատկապես դպրոցական կրթության համակարգում անընկալելի «նորամուծությունների» մարմաջը գալիս են այդ «փայատիրական» շրջանակից ու նրանց ներկայացրած «գաղափարաքաղաքական» հենքից (անկախ այն բանից, «շրջանակում» շատե՞րն են դա գիտակցում կամ ընկելո՞ւմ են, թե՞ ոչ): Կարևորը, որ նրանք անում են այն ամենը, ինչը բխում է «գլոբալ սորոսիզացիայից», և ինչի համար արդեն վճարած է ու դեռ վճարվում է:
Բայց խնդիրն այն է (ինչն էլ շեշտվեց հարցազրույցում), որ «գլոբալ սորոսիզացիան» աշխարհում դարձել է «ժամկետանց ապրանք»: Շատերը արդեն ոչ միայն հրաժարվում են այդ «ժամանակավոր շեղումից», այլև հետ են շրջվում, ավելին՝ իսկապես փախչում են: Շատերը վերադառնում են ազգային մշակույթի, ինքնության, ազգային ու քաղաքակրթական առանձնահատկությունների արժևորմանը (վերարժևորում են նաև): Մյուսները, որ շատ էլ չէին շեղվել կամ ընդհանրապես չէին շեղվել իրենց ավանդական հենքից է՛լ ավելի ամուր են կառչում իրենց ազգային, մշակութային, քաղաքակրթական ժառանգությանը, առանձնահատկություններին, դրանց էական ու բացառիկ նշանակությանն ու կերևորությանը՝ իրենց հետագա ընթացքում: Դա հատկապես նկատելի է Չինաստանում, դրան են ձգտում Ռուսաստանում: Եվրոպական երկրներում, որոնցից մի քանիսում առօրյա իրականություն է դարձել «ապագայի» «սորոսիզացված հասարակություն» ստանալու տեսլականը, խորքը տեսնող-ընկալողները հասցրել են սահմռկել՝ այդ անսեռ, անազգ, անհայրենիք «սեռի» մասսայի տեսքից ու պատկերից:
Հենց դրա համար էլ փախչում են: Նաև ինքնապահպանման բնազդն է մղում փախչել դրանից և կառչել սեփական արժեքներից, արմատներից, ժառանգությունից, առանց որոնց գուցե առհասարակ կա ապագա, բայց արդեն դու չկաս այդ ապագայում, որպես այդպիսին:
Սա, իհարկե շատ ավելի բազմակողմանի քննարկման, ինչո՞ւ ոչ՝ գիտական բանավեճի նյութ է:
Բայց վերադառնանք Հայաստան: Տվյալ դեպքում առավել կարևոր է այն, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, որի փայատեր են «սորոսիզացիայի» շրջանակները, խնդիր է դրել և, ըստ ստացած «ուստանովկայի», Հայաստանը տանում է դեպի այն «ապագան», որի հեռանկարից ու արդեն տեսած պատկերից աշխարհը արդեն ոչ միայն հետ է շրջվել, այլև իսկապես «փախչում» է:
Այս իմաստով Փաշինյանի իշխանությունը ոչ թե «նոր» է, այլև «գաղափարաքաղաքական» ժամկետանց հարթակի վրա է կանգնած: Չնայած, այդ հարթակը ոչ ժամկետանց վտճակում էլ մի առանձնապես հենվելու բան չէր (ճահճի վրա ո՞վ է հենվում): Այն, ինչ փաշինյանական իշխանությունը քարոզում ու հրամցնում է որպես «նոր Հայաստան», ոչ միայն նոր չէ, ըստ էության, այլև այդ ուղղությամբ ընթացքը շարունակելը կարող ունենալ նաև այնպիսի հետևանք, որը նշանակում է... չ-Հայաստան:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը