10 04 2020

Դրամի արժևորման և ֆինանսական կայունության իրական պատճառները

Դրամի արժևորման և ֆինանսական կայունության իրական պատճառները

Նիկոլ Փաշինյանը հերթական անհեթեթ գրառումն է կատարել։ Նա, մասնավորապես, գրել է․«Ֆինանսական շուկայի արագ արձագանքը կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության ուղղակի ապացույցն է։ Դրամը ամրապնդում է կայունությունը, ավանդներն ու վարկերն աճում են, աճում է նաև բանկերի լիկվիդայնությունը։ Դուխով»։

Ինչի՞ հիման վրա է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետ համարում գրառման հեղինակը, անհասկանալի է։ Նախ, այս կամ այն ծրագրի արդյունավետությունը երևում է առնվազն դրանց իրականացումից որոշ ժամանակ անց։ Այնուհետև, այս պահին ընդամենը 10 մլրդ դրամի տնտեսական և սոցիալական աջակցություն է հատկացվել։ Սա, ըստ էության, աննշան գումար է, եթե հաշվի առնենք, որ մեկ ամսվա ընթացքում մեր տնտեսության ծավալը միջինում մոտ 500 մլրդ դրամ է։ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, երբ 500 մլրդ դրամ չենք ստեղծում և դրա փոխարեն 10 մլրդ դրամ է ներարկվում տնտեսության մեջ, դա կարող է ազդել ֆինանսական կացության վրա։ Սա ևս մեկ անգամ փաստում է տնտեսության մասին նրա գիտելիքների բացակայությունը կամ 500 մլրդ դրամն ու 10 մլրդ դրամը միմյանց հետ համադրելու և ճիշտ եզրակացություններ կատարելու անընդունակությունը։

Բարեբախտաբար, չնայած ներկա տնտեսական կացությանը, ֆինանսական կայունությունը դեռ հաջողվում է պահպանել շնորհիվ Կենտրոնական բանկի՝ առայժմ արդյունավետ քաղաքականության։ Բանկերի լիկվդիայնությունը հիշատակելը նույնպես ծիծաղելի է։ Հայաստանի բանկային համակարգը մեր երկրի ամենակայացած համակարգերից մեկն է։ Այն ստեղծվել և կայացել է անցած տասնամյակների ընթացքում՝ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և ի հեճուկս նրա հրահրած ցնցումների, դեռևս պահպանում է իր կայունությունը։

Հայկական բանկերը միշտ էլ ունեցել են բարձր լիկվիդայնություն, քանի որ ԿԲ կողմից այստեղ սահմանվել են խիստ չափանիշներ։ Սակայն, հայկական բանկերը ևս հիմա դժվար ժամանակաշրջան են ապրում, քանի որ ստիպված են զիջումներ անել իրենց գործընկերների համար։

Դրամի ամրապնդումն էլ այնքանով կապ ունի Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, որքանով բենզինի և դիզվառելիքի գների անկումը։ Ճիշտ այնպես, ինչպես բեզնինի և դիզվառելիքի գների նվազումը Հայաստանում կապված է բացառապես նավթի միջազգային գների շեշտակի անկման հետ, այնպես էլ այսօր դրամի արժևորումը դոլարի նկատմամբ կապված է միջազգային բորսաներում դոլարի արժեզրկման և նրա նկատմամբ պահանջարկի նվազման հետ։ Բանն այն է, որ այսօր ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի կողմից  հայտարարվել է տնտեսվարողներին ամերիկյան կառավարության  աջակցության  խոշոր՝ 2,3 տրիլիոն դոլար արժողությամբ  ծրագրերի մեկնարկի մասին։

Հետևաբար, հումորով պետք է վերաբերվել ոչ միայն գրառման վերջին բառին, այլև գրառման ամբողջ բովանդակությանը։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ