Սահմանադրության շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով ու անմիջական նախաձեռնությամբ հրահրված արհեստական «բոլոլան», եթե կուզեք՝ շիլաշփոթը ևս մեկ ընդգծված սպառնալիք է պարունակում: Դրա մասին քչերն են խոսում ու՝ քիչ: Նրանք, ովքեր տեսնում են նաև այդ վտանգն ու հասկանում են դրա հնարավոր ուղղակի և անուղղակի հետևանքները, ազնվորեն զգուշացնում են: Բայց ընդհանուր թոհուբոհում, հատկապես «թավշապետերը» այդ զգուշացումները չլսելու են տալիս:
Ինչի՛ մասին է խոսքը:
Իսկ խոսքն այն մասին է, որ ԵԽ լիիրավ անդամ Հայաստանի Հանրապետությունը, այդ անդամակցության շրջանակում, ունի հստակ ամրագրված պարտավորություններ: Դրանց շարքում է և այնպիսի պարտավորություն, որ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելիս, որոշակի նախագիծը մի հատ ուղարկվում է ԵԽ մասնագիտական կամ փորձագիտական հանձնաժողովին, որը քննում և խորհրդատվական կարգով փորձագիտական եզրակացություն է տալիս ներկայացված նախագծի վերաբերյալ: Այո, դա նույն այն հանձնաժողովն է, որի մասին շատերը գիտեն որպես «Վենետիկի հանձնաժողով»:
Արժե՞ ասել, որ փետրվարի 6-ի ևս մեկ «հեղաշրջումային արար»-ի՝ Սահմանադրության անցումային դրույթներից մեկը փոխելուն ուղղված քաղաքական մեծամասնության ձեռնարկած հարայ-հրոցի դեպքում դա չի արվել: Դեռ մի կողմ թողնենք անընդունելի բովանդակային պարունակությունը: Հենց միայն ընթացակարգային այս միտումնավոր թերացումը արդեն իսկ որոշակի մտահոգություններ կարող էր առաջացնել այն միջազգային կազմակերպությունում, որին անդամակցում է Հայաստանը:
Ամենից վատն այն է, որ վերջին օրերին եղան շատ կոնկրետ, բացարձակապես թափանցիկ, այսինքն՝ էն ասացվածքի ոզնուն էլ հասկանալի ակնարկներ ու ազդանշաններ Եվրոպայի խորհրդից, բայց Հայաստանի «թավշյա» կառավարությունն ու ժողվարչապետը ձևացրեցին, թե՝ «հե՜չ, անձրև է գալիս»:
Առաջին նկատելի նախազգուշացումը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հայտարարությունն էր: Երկրորդն, արդեն անմիջականորեն Վենետիկի հանձնաժողովի նախագահի բավականին կոշտ հայտարարությունն էր: Երրորդը, ինչպես հայտնի է, ԵԽԽՎ նույն՝ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների ուղիղ խոսքով խորդորն էր՝ ՀՀ գործող իշխանություններին առ այն, որ Վենետիկի հանձնաժողով ուղարկեն Սահմանադրական դատարանի ղեկավարին և մի շարք դատավորներին հեռացնելու նպատակով Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Դժվար է ասել, թե «Իմ քայլում» կամ իշխանության ներսում բնաձայնական ինչ ելևէջներ կհնչեն, բայց վերոնշյալ շարունակական «դեղին քարտերը» անհետևանք չեն մնալու, ցավոք, նաև արտաքին-քաղաքական առումով: Զավեշտն ու, միաժամանակ, տհաճն այն է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ասես մի հատուկ «թավշյա» ուղեցույցով, ամեն ինչ անում է, կարելի է ասել՝ ջանք չի խնայում, որ լինեն այդ հետևանքները:
Հետևանք ասվածն էլ գաղտնիք չէ: Ցանկացած նման հետքայլ, ցանկացած նման կոպիտ բացթողում լրացուցիչ առիթ է՝ Հայաստանի վրա արտաքին ճնշում գործադրելու համար:
Իսկ թե ինչ արտաքին-քաղաքական խնդիրների հետ կապված կարող են Հայաստանի իշխանությունների վրա արտաքին ճնշումներ գործադրվել, ավելի ճիշտ համալրել մյուս ճնշումները, երևի նույնիսկ «պողոսներն» են կռահում:
Հարց է ծագում. վարչապետին կամակատար ՍԴ կազմ ունենալը արդյո՞ք այն կենսական և հույժ հրատապ հարցն է, որի համար ամբողջ պետությամբ ու, կներեք չարչրկված բառի համար՝ ժողովրդով պիտի մի հատ էլ «վճարենք»՝ դիմակայելով նոր արտաքին ճնշումների:
Որպես ի՞նչ, էլի: Ինչ է, թե ինչ-որ մեկի կապրիզը բռնե՞լ է:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը