09 07 2019

«Հանկարծ» հայտնված 136 մլրդ դրամի առեղծվածը պահպանվում է

«Հանկարծ» հայտնված 136 մլրդ դրամի առեղծվածը պահպանվում է

136 մլրդ դրամը փոքր գումար չէ։ Ավելին, այն ավելի մեծ գումար է, քան մայիս ամսին մեր երկրում վճարված ամբողջ՝ մոտ 104 մլրդ դրամ կազմած հարկերի չափը։ Այդուհանդերձ, առեղծվածային է մնում, թե ինչպե՞ս և ե՞րբ է պետական եկամուտների կոմիտեն 136 մլրդ դրամ գերավճարը վերադարձրել տնտեսվարողներին։ Հիշեցնենք, որ այդ մասին առաջին անգամ նշվեց այս տարվա առաջին եռամսյակի պետական բյուջեի ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական կոմիտեի հրապարակման մեջ։ Հիշեցնենք նաև, որ խոսքն այն գումարի մասին է, որ վերադարձվում է արտահանող ընկերություններին, քանի որ արտահանումը մեր երկրում ազատված է ավելացված արժեքի հարկի վճարումից։ Այսինքն, արտահանողները իրենց ապրանքն արտահանելիս նախ վճարում են ավելացված արժեքի հարկը, որը պետությունը պետությունը նրանց հետ է վերադարձնում այն։

Արտասովորն այն էր, որ ո՛չ պետական եկամուտների կոմիտեի, ո՛չ վիճակագրական կոմիտեի մինչ այդ, առանձին վերցրած յուրաքանչյուր՝ հունվար, փետրվար, մարտ վերաբերյալ հրապարակած տվյալներում բացակայում էր վերոնշյալ 136 մլրդ դրամը։ Այդ մասին անդրադարձել ենք մեր «Ասք 136 մլրդ դրամ անցումային գերավճարի մասին» հրապարակման մեջ։ Այն հույսը, որ եռամսյակի ցուցանիշներում «հանկարծ» հայտնված 136 մլրդ դրամի մասին որևէ հստակեցնող հրապարակում կլինի ի դերև եղավ ապրիլ ամսվա, ապա հունվար-ապրիլ ամսվա ցուցանիշների, իսկ հիմա նաև մայիս ամսվա և հունվար-մայիս ամսվա ցուցանիշների հրապարակումներում։

Մինչ վիճակագրական կոմիտեի կողմից այս տարվա ամփոփված տվյալների մասին հրապարակում ներկայացնելը, պետական եկամուտների կոմիտեն առանձին հրապարակել էր մայիս ամսվա հարկային ցուցանիշները, որտեղ անցումային գերավճար տողում ոչ միայն դարձյալ ոչինչ չկար 136 մլրդ դրամի մասին, այլև նշված էր 15,7 մլն դրամ ցուցանիշը։ Ընդ որում, նշված էր ոչ թե որպես պետության կողմից արտահանողներին վերադարձված գումար, այլ այդ վերադարձվածից պետության կողմից վերցված գումար։ Եթե նախկինում պետեկամուտների կոմիտեի կողմից հունվար-ապրիլին հարկերի անցումային գերավճար նշված էր 224 մլն դրամ ցուցանիշը, ապա մայիս ամսվա անցումային գերավճարից հետո հունվար-մայիս ամիսների տվյալներով այն դարձել էր 208,3 մլն դրամ։

Այսպիսով, ստացվեց հետևյալը, ապրիլ ամսից սկսած վիճակագրական կոմիտեի կողմից որպես անցումային գերավճար նշված է 136 մլրդ դրամը, պետեկամուտների կոմիտեի կողմից՝ 224 մլն դրամը, որը մայիսին դարձել է 208 մլն դրամ։ Ահա այսպիսի միմյանց էապես հակասող գումարներ։

Հետաքրքրական է, որ հակառակ այս տարվա միմյանց հակասող հրապարակումների, թե ՊԵԿ-ը, թե վիճկոմը անցյալ տարվա ընթացքում՝ հիմնականում հունվար-փետրվարին հետ վերադարձված անցումային գերավճարի գրեթե նույն չափն են նշում՝ մոտ 55 մլրդ դրամ։ Չնայած այստեղ ևս հետին թվով ինչ որ ճշտումներ են արված՝ նույն 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին որպես անցումային գերավճար ՊԵԿ-ը նշել է 55,3 մլրդ դրամ, վիճկոմը՝ 54,9 մլրդ դրամ։ Սա ևս անհասկանալի է, բայց գոնե հարյուր միլիարդներ կազմող հակասություն չէ։

Ի լրումն այս ամենի, կրկին փաստենք, որ իր վերջին մամուլի ասուլիսում, ներկայացնելով այսպես կոչված «100 փաստը» Նիկոլ Փաշինյանը խոսում էր ոչ թե 136 մլրդ դրամ, 224 մլն դրամ, այլ 120 մլրդ դրամ անցումային գերավճար մարելու մասին, որն ընդհանրապես որևէ պաշտոնական ցուցանիշի մեջ նշված չէ։ Նիկոլ Փաշինյանի այս առթիվ տված պարզաբանումը ոչ միայն հստակեցում չի մտցնում, այելւ ավելի է խճճում իրավիճակը։ Նա մասնավորապես նշում է, որ այս գումարը ոչ թե պետությունը հետ է վերադարձրել տնտեսվարողներին, այլ նախկինում տնտեսվարողների կողմից վճարած նշված չափի գումար պետությունն այս տարի չի գանձել։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, խոսքը հարկային մարմինների կողմից տնտեսվարողներից նախկինում պահանջած գումարների մասին է։ Այսինքն, այս գումարի մեջ արտահանողներին վերադարձված գումարի մասին չի խոսքը, քանի որ նրանք ոչ թե պահանջով, այլ սահմանված կարգով են վճարում ավելացված արժեքի հարկը, ապա՝ հետ ստանում։ Եթե խոսքը հարկային մարմնի կողմից պահանջվող գումարի մասին է, ապա դարձյալ հարց է առաջանում, ե՞րբ, ո՞ր ամսին, քանի՞ ընկերության է վերադարձվել այդ գումարը, որքա՞ն է այն կազմել ի վերջո՝ 136 մլրդ դրամ, 120 մլրդ դրամ․ 224 մլն դրամ, թե 208 մլն դրամ։ Կամ այդ գումարներից որքա՞նն է արտահանողներին վերադարձված գումարը, որքանը՝ պետության կողմից այլ տնտեսվարողներին չգանձված գումարը։ Եթե խոսքը բացառապես այլ տնտեսավարողներից չգանձված գումարն է, ապա դա նշանակում,է որ պետությունը շարունակում է արտահանողներին չվերադարձնել ավելացված արժեքի հարկը։

Սակայն ՊԵԿ-ում անցած տարեվերջից ստեղծված վիճակը, երբ դեկտեմբերի վերջին հանգստյան օրը, միլիարդավոր դրամների փոխանցում եղավ բյուջեի հաշվին եկամուտների տարեկան ցուցանիշ «գերակատարելու» համար, որի մասին վկայող փաստաթուղթ հրապարակեց լրատվամիջոցներից մեկը, իսկ ՊԵԿ-ն ըստ էության այդպես էլ չկարողացավ որևէ կերպ այն հերքել, անհասկանալի վիճակը այլևս չի զարմացնում։ Կարևորը, թե այս կառույցը, թե վիճկոմն ամեն ինչ անում են թղթի վրա «տնտեսական հեղափոխոթյուն» ցույց տալու, որին հղում անելով Նիկոլ Փաշինյանը իր հերթական «նվաճումն» է ներկայացնում բացառապես իր լսարանին։ Այդ լսարանից դուրս ոչ ոք այլևս չի հավատում իրականության հետ կապ չունեցող և մեկը մյուսին հակասող փաշինյանական ցուցանիշներին։

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ