Վիճակագրական կոմիտեն և ֆինանսների նախարարությունը վերջապես հրապարակեցին առաջին եռամսյակի բյուջեի հաշվետվությունը, իսկ ֆինանսների նախարարությունր նաև 2018 թ․-ի տարեկան հաշվետվությունը։ Արձանագրենք ևս մեկ անգամ «թավշյա հեղափոխության» իսկապես որ աննախադեպ «ձեռքբերումներից» մեկը՝ ֆինանսատնտեսական տվյալների արդեն ավանդույթ դարձած ուշացած հրապարակումները, ինչն ինքնին անվստահության և կասկածների տեղիք է տալիս։ 2019 թ․-ի եռամսյակի տվյալների հրապարակումը եկավ ապացուցելու, որ դրա համար լուրջ հիմքեր կան։ Մասնավորապես, խոսքը միանգամից մի քանի հակասությունների և «օդից» հայտնված ցուցանիշների մասին է։
Վիճակագրական կոմիտեի եռամսյակային ցուցանիշների մեջ հարկերի անցումային գերավճար տողում հայտնվել է ․․․ 136 մլրդ դրամ ցուցանիշը։ Հիշեցնեք, որ այստեղ արձանագրվում է արտահանողներին ավելացված արժեքի հարկի պետության կողմից հետ վերադարձրած գումարը։ Ի՞նչն է տարօրինակ վերոնշյալ 136 մլրդ դրամի մեջ։
Նախ՝ ՊԵԿ նախագահն ապրիլի սկզբին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, ամփոփելով եռամսյակն, այս ցուցանիշի մասին ոչինչ չասեց։ Դա, մեղմ ասած, արտառոց է։ Այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գոյություն չունեցող «հաջողություններով» է հպարտանում, կարելի է պատկերացնել, թե ինչպես կթմբկահարվեր 136 մլրդ դրամի թեման։ Չնայած, գուցե այդ թիվը հենց Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի համա՞ր էր հատուկ պատկերվել։
Երկրորդ, նույն ՊԵԿ կողմից ապրիլ ամսվա վերջին հրապարակվեց և այժմ էլ կայքում տեղադրված է մարտ ամսվա և ամբողջ եռամսյակի պետական բյուջեի ցուցանիշները, որտեղ դարձյալ վերոնշյալ 136 մլրդ դրամը չկա։ Շեշտում ենք, խոսքը ապրիլ ամսվա վերջին հրապարակված հունվար-մարտ ամիսների ժամանակահատվածի տվյալների մասին է։ Այնտեղ անցումային գերավճար նշված է ընդամենը 224 մլն դրամ։ Նշված են նաև հունվար, փետրվարի և մարտ ամիսների առանձին առանձին ցուցանիշները, որոնց համագումարն էլ կազմել է 224 մլն դրամը։ Հիմա հարց է առաջանում 136 մլրդ դրամն ո՞ւր, 224 մլն դրամն՝ ո՞ւր։ Կամ այդ ե՞րբ հասցվեց 136 մլրդ դրամը խցկել հունվար մարտ ամիսներին ցուցանիշի մեջ՝ ապրիլին, թե՞ մայիսին։ Այդ ի՞նչ «կախարդական փայտիկ» է աշխատում ՊԵԿ-ում և վիճակագրական կոմիտեում։
Երրորդ՝ մի կողմից ՊԵԿ, մյուս կողմից՝ վիճակագրական կոմիտեի և ֆինանսների նախարարության հրապարակումներում առկա են նաև այլ հակասություններ՝ ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, ակցիզային հարկի, եկամտային հարկի և այլ հարկատեսակների տվյալներում։ Ընդ որում, յուրաքանչյուր դեպքում խոսքը տասնյակ միլիարդավոր դրամների մասին է, որոնք այստեղ չենք բերում՝ թվային տվյալներով ընթերցողին չծանրաբեռնելու համար։
Անշուշտ, լինում են ճշտումներ։ Սակայն, ապրիլի վերջին հրապարակվող տվյալները հունվար-մարտի մասին, այն էլ այդքան ուշացումով, պետք է, որ արդեն այդ ճշտումները պարունակեին, իսկ եթե չէին պարունակում, չպետք է նման ահռելի տարբերություններ ունենային։ Կամ, եթե մեկ ամսում այդ ճշտումները չեն եղել, ինչպե՞ս պատահեց, որ մի քանի օրում՝ ապրիլի վերջից մինչև մայիսի սկիզբ «հանկարծ» հարյուր միլիարդավոր դրամների «ճշտումներ» հայտնվեցին։ Այսինքն, դրանք ոչ թե ճշտումներ են, այլ Նիկոլ Փաշինյանի պահանջ։ Պարզապես անհնար է պատեկարցնել, որ երեք ամիսներին վերոնշյալ 136 մլրդ դրամ հավաքված գումարը ոչ մի տեղ, ոչ մի ամսվա ցուցանիշի մեջ չի արձանագրվել, հիմա «հանկարծ» հայտնվել է։
Չորրորդ, 136 մլրդ դրամը մեկ ամսվա հարկային եկամուտների չափի գումար է։ Հնարավոր է, որ դա հավաքվել է ապրիլ ամսին և ամբողջությամբ փոխանցվել որպես գերավճարի վերադարձ և հետին թվով մտցվել հունվար-մարտի ցուցանիշների մեջ։ Չենք կարող պնդել, ՊԵԿ նախագահի ֆանտազիան չունենք՝ թվերով խճճելու և «շեֆի» կողմից պահանջվող ցանկացած կապրիզ կատարված ցույց տալու առումով։ Սակայն, եթե դա ապրիլ ամսվա հարկային եկամուտներն են, ապա կստացվի, որ ապրիլին բյուջեն ընդհանրապես չի համալրվել, այլ ամբողջությամբ ուղղվել է ԱԱՀ-ի հետ վերադարձին։
Հինգերորդ, բյուջեի եկամուտների կատարման իրականում գոյություն ունեցող դժվարությունների մասին փաստում է նաև ծախսերի թերակատարումը։ Ըստ ֆինանսներին նախարարության հաշվետվության, այս տարվա հունվար-մարտին կատարվել են եռամսյակով նախատեսված ծախսերի ․․․ 79,1 տոկոսը։ Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս են գերակատրվում բյուջեի եկամուտները, երբ ծախսերը՝ թերակատարվում են։ Կամ գուցե գերակատարվում է, բայց այդ գումարը գնում է միանգամայն այլ՝ իշխանության մեջ գտնվողների տարատեսակ ծախսերի՞ն։ Ինչևէ։
Ահա այսպիսի «փաստեր» է փորձում հրամցնել իշխանությունը «հպարտ քաղաքացիներին», որոնք, եթե անկեղծ լինենք, թույլ են տալիս, որ իրենց խաբեն։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը