01 04 2019

Արդյո՞ք Հայաստանին պետք են Սու-30ՍՄ կործանիչները․ համակողմանի վերլուծություն

Արդյո՞ք Հայաստանին պետք են Սու-30ՍՄ կործանիչները․ համակողմանի վերլուծություն

2018թ․ հունվարի վերջին հաստատվեց, որ Հայաստանը Ռուսաստանից Սու-30ՍՄ (Су-30СМ) բազմաֆունկցիոնալ կործանիչներ է ձեռք բերելու: Համաձայն ռուսական «Կոմերսանտ» կայքի, դեռ 2012 թվականին կնքվել էր պայմանագիր, ըստ որի` Հայաստանին պետք է մատակարարվեր 12 Սու-30ՍՄ կործանիչ, սակայն այն ուժի մեջ չէր մտել պատվիրատուի ֆինանսական խնդիրների պատճառով։ Հայաստանի նախկին իշխանությունները առաջնահերթությունը տվել էին «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրին (ՕՄՀՀ):

«Կոմերսանտ»-ի վերջին տվյալներով Ռուսաստանը ոչ միայն վաճառել է Սու-30ՍՄ կործանիչները գործարանային գներով, այլև տրամադրել է համապատասխան վարկ: Պայմանագրով նախատեսված է նաև օդաչուների պատրաստումը Ռուսաստանի ուսումնական հաստատություններում:

 

Պետք է նշել, որ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման գաղափարը վերականգնվել է ապրիլյան փոփոխություններից հետո, պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի կողմից առաջ քաշված «նոր նախաձեռնողական հայեցակարգի» շրջանակներում: 2018 թվականի հունիսին Սու-30ՍՄ կործանիչի օդաչուի խցիկում վարչապետ Փաշինյանի լուսանկարի հրապարակումից հետո կործանիչների գնման հարցը մամուլում քննարկումների առարկա դարձավ: Հավանաբար, արդեն այդ պահին, այսինքն՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց մեկ ու կես ամիս անց, Նիկոլ Փաշինյանն իր համար այդ հարցը լուծել էր: Մեջբերում անենք Դավիթ Տոնոյանի՝ 2018 թ. օգոստոսի 28-ի հայտարարությունից. «Մինչև այժմ հայկական զինված ուժերը ունեցել են հստակ արտահայտված ցամաքային ուժի կերպար, օդային գերակայության համար պայքարում ապավինելով միայն ՀՕՊ և ցամաքային հրթիռային միջոցներին: Ժամանակները, սակայն, փոխվել են: Զինված ուժերին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանաջում է նաև կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի առկայություն, քանի որ ոչ մի հրթիռային համակարգ չի փոխարինի այս կարողությանը օգտագործման ճկունության և դիմակայունության առումով»:

 

Ի՞նչ խոսք, Սու-30ՍՄ-ը ժամանակակից 4+ սերնդին պատկանող բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որի բարձր էֆեկտիվությունը մասամբ հաստատվեց Սիրիայում: Իհարկե, կործանիչ-ռմբակոծիչ ավիացիա ունենալը, բնավ չէր խանգարի, սակայն առկա են լուրջ ռիսկեր, որոնք ներկայացնում եմ ստորև:

Հայաստանի ռազմա-քաղաքական պայմաններում կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի արդյունավետ կիրառման ռիսկերը

Հաշվի առնելով Հայաստանի ու Արցախի տարածքը, արդյո՞ք զինված ուժերի «ավելի ակտիվ», «ավելի նախաձեռնողական», «տարաշարժուն» կերպարի համար ամենաառաջնայինը լրիվ նոր, բավականին թանկ և ծախսատար կործանիչ-ռմբակոծիչ ավիացիան է, որի գնման մասին ընդամենը մեկ-երկու ամսում բարձրագույն կարևորության որոշում է կայացվում: ՀՀ նոր ղեկավարությունը պարոն Տոնոյանի հորդորով երկու ամսում որոշում է կայացրել փոխել ՀՀ զինված ուժերի իբր «զուտ պաշտպանողական», «հստակ արտահայտված ցամաքային ուժի կերպարը», փաստորեն լուրջ փոփոխություն անելով Հայաստանի ռազմական դոկտրինում: Իհարկե, դոկտրինի դրույթները կարող են փոփոխվել և վերանայվել: Մասնավորապես, ապրիլյան պատերազմի փորձի ուսումնասիրությունից և գնահատումից հետո ընդունվեց զինված ուժերի զարգացման յոթամյա ծրագիրը, 200 միլիոն դոլարի վարկով գնվեց ժամանակակից սպառազինություն, ծրագրի իրականացման համար պահանջվեց և Ռուսաստանից ձեռք բերվեց լրացուցիչ $100 միլիոնանոց վարկ: Արդյունքում այդ միջոցներով մասամբ շտկվել են ի հայտ եկած բացերը, և զենքի մատակարարման հետ պիտի չեզոքացվեն առավել ակնառու վտանգները: Ի դեպ, 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ «օդային գերակայության համար պայքարում» իրեն փայլուն դրսևորեց ՀՕՊ-ը՝ թույլ չտալով Ադրբեջանին օգտագործել իր բազմաքանակ ավիացիան: Հարց է ծագում՝ ո՞ր կոնֆլիկտի փորձի գնահատականի հիման վրա է կայացվել կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի անհրաժեշտությունը Հայաստանի համար: Նույն Աֆղանստանում և Սիրիայում ռազմական գործողությունների փորձը ցույց է տալիս, որ ունենալով բացարձակ օդային գերակայություն, թշնամու ՀՕՊ-ի բացակայության պայմաններում անգամ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կործանիչ-ռմբակոծիչ ավիացիան նույնիսկ արբանյակային ուժերի աջակցությամբ դժվարությամբ է լուծում մարտական առաջադրանքները (2015-2018 թթ․ ՌԴ ՕՏՈՒ-ի արդյունքը 39000 մարտական թռիչք, 86000 սպանված ահաբեկիչ )

Խնդրահարույց է նաև «ճկունության» թեզը: Որպես «ճկունության» օրինակ՝ որոշ վերլուծաբաններ համարում են, որ ապրիլյան պատերազմի տիպի պատերազմում կարելի է կիրառել կործանիչ-ռմբակոծիչ ավիացիան: Սա բացարձակ չհիմնավորված և շատ վտանգավոր պնդում է, քանի որ Հայաստանի կողմից կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի կիրառումը գրեթե միանշանակ կբերի էսկալացիայի:

Եվ վերջապես, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անվերապահ պնդումը, որ իբր «ոչ մի հրթիռային համակարգ չի փոխարինի» կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի «կարողությանը ճկունության ու դիմակայության առումով» Հայաստանի համար, մեղմ ասած, վիճելի է: Բնական է, որ տարբեր զինատեսակներ չեն կարող ամբողջությամբ փոխարինել իրար: Խնդիրը կայանում է նրանում, որ սահմանափակ ռեսուրսներով անել այն ընտրությունը, որը լավագույնս կլուծի երկրի առաջ կանգնած մարտահրավերները: Մեզ համար զինատեսակ ընտրելիս կարևոր է, կանխատեսելով ընթացիկ ու հեռանկարային խնդիրները, հաշվի առնելով տնտեսության իրական հնարավորությունները ու առկա ռեսուրսները, ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Այսինքն, նման թանկ զինատեսակը պետք է կանխարգելի և զսպի հնարավոր հարձակումը, իսկ ագրեսիայի դեպքում թշնամուն՝ նրա համար անընդունելի չափի վնաս հասցնի: Օրինակ՝ ջախջախիչ հարված հասցնի կառավարման համակարգին ու ռազմավարական օբյեկտներին: Այդ խնդիրը լավագույնս լուծում է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռների համալիրը, իսկ կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայիան ոչ, քանի որ, չնայած Ադրբեջանի բավականին զարգացած ՀՕՊ-ի, այսօրվա դրությամբ «Իսկանդերի» հրթիռը անխոցելի է, իսկ Սու-30ՍՄ-ը՝ ոչ։ «Իսկանդեր» ՕՄՀՀ-ի 9М723К1 հրթիռը անխոցելի է, քանի որ նրա արագությունը հավասար է 2100 մ/վրկ (6 x ձայնի արագություն), թռիչքը անցնում է 50 կմ բարձրության վրա, հրթիռը ինտենսիվ մանևրում է 20-30g գերբեռնվածությամբ, ունի ցածր անրադարձման մակերես: Իր հերթին կործանիչ-ռմբակոծիչ ավիացիան իրոք հարձակողական զինատեսակ է, որը միգուցե արդյունավետ է առաջին հարվածի համար, արդյունավետ է ուժերի զգալի գերակայության պայմաններում, արդյունավետ է հակառակորդի թույլ կամ բացակայող ՀՕՊ-ի պայմաններում: Ի դեպ, վերջին 20-30 տարիների և ոչ մի կոնֆլիկտում կործանիչ-ռմբակոծիչ ավիացիան չի մարտնչել ուժեղ ՀՕՊ-ի դեմ: Արցախյան պատերազմի փորձը, անգամ թույլ ՀՕՊ-ի և Ադրբեջանի օդային գերակայության պայմաններում, ցույց տվեց կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի անարդյունավետությունը: Միաժամանակ կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի կիրառումը նախատեսում է անվտանգ թիկունք՝ վառելիքի և զինամթերքի անխափան մատակարարում, օդանավակայանների ու կործանիչների պաշտպանություն և բազմաթիվ այլ հարցեր: Ինչպիս՞ի պատերազմական գործողություններ է կանխատեսում պարոն Տոնոյանը: Արդյո՞ք Հայաստանի աշխարագրական պայմաններում կործանիչ-ռմբակոծիչ ավիացիան կարող ապահովել մեր սպասելիքները:

Պարոն Տոնոյանի բառերով ասած, «ժամանակները, սակայն, փոխվել են» իրոք փոխվել են՝ Ադրբեջանը արագ տեմպերով զարգացնում է ՀՕՊ-ը, ոչ թե ծախսատար կործանիչ-ռմբակոծիչ ավիացիան: Այժմ, Սու-30ՍՄ-ի համար վտանգ ներկայացնող 18 հատ Ս-300ՊՄՈՒ-2 (С-300ПМУ-2) զենիթա-հրթիռային համալիրից (ԶՀՀ) բացի Ադրբեջանը ստացել է 8 - ՏՈՌ-Մ2 (ТОР-М2) ԶՀՀ և ամենավտանգավորը՝ Իսրայելական 9-ը (18 պատվիրվածից) Բառակ-8 (Barak-8) ԶՀՀ և ELM-2288 AD-STAR ու ELM-2106NG ռադիոլոկացիոն կայաններ (ՌԼԿ): Իսրայելի հետ միայն այս գործարքի արժեքը կազմում է 1,1 միլիարդ դոլար: Ընդ որում, ELM-2288 AD-STAR ՌԼԿ-ն ունակ է բացահայտել թռչող օբյեկտները 480 կմ հեռավորության վրա, իսկ ELM-2106NG ՌԼԿ-ն ցածր թռչող օբյեկտները՝ 90 կմ: Այսինքն, Սու-30ՍՄ-ի թռիչքը Հայաստանի ցանկացած օդանավակայանից հավանաբար կբացահայտվի թե՛ Ադրբեջանի ՀՕՊ-ի, և թե՛ թուրքական համապատասխան միջոցների կողմից: Բացի այդ, 2017 թվականին Ադրբեջանը ստացել է ամենաժամանակակից 2 հատ EL/M-2080 «Green Pine» ՌԼԿ: Գործարքի գինը 500 միլիոն դոլար է: Չենք պնդում, որ ադրբեջանական ՀՕՊ-ը երաշխավորված խոցելու է Սու-30ՍՄ-ը: Սու-30ՍՄ-ը ունի «Խիբինի» (Хибины) և «Սորբցիա» (Сорбция Л005-С) համակարգերը հենց թշնամու ՀՕՊ-ը ճնշելու համար, սակայն դա չի երաշխավորում մարտական առաջադրանքի լիակատար կատարումը թշնամու ՀՕՊ-ի դիմակայության պայմաններում: Բացի այդ, մեր օդաչուները պետք է պայքարեն ադրբեջանական զարգացած ՀՕՊ-ի դեմ այն դեպքում, երբ անգամ բավարար տարածք չկա կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի լիարժեք ուսումնական թռիչքներ կատարելու համար:

Պետք է նշել, որ մինչ օրս բանակի արդյունավետության գլխավոր գործոններն են սպաների ու զինվորների մարտական պատրաստվածությունը, կառավարման ամենօրյա բարելավումը և զինվորների մարտական ոգին:

Եզրակացություն առաջին

ՀՀ ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայից սպասվող արդյունավետությունը անհիմն ուռճացված է, իսկ դրա կիրառումը ոչ թե ճկուն է, այլ կարող է վտանգավոր լինել:

Սու-30ՍՄ կործանիչ-ռմբակոծիչների գնման և շահագործման ֆինանսական ռիսկերը

«Razm.info» կայքում մասնագիտորեն և հիմնավորված ներկայացված էին 1 էսկադրիլիայի (12 Սու-30ՍՄ) համար ակնկալվող ծախսերը.

Միավորի գինը

(մլն․ $)

Քանակը

Ընդհանուր ծախսերը

(մլն․ $)

Ինքնաթիռ 25–30 12 300–360
Ինքնաթիռի շահագործման համար անհրաժեշտ լրացուցիչ գույք 20–25 12 240–300

Անձնակազմ

(2 օդաչու)

3–4 18 54–72
Ընդհանուր 594–732
Շահագործման տարեկան ծախս 3.5 18 63

Այսինքն՝ մեկ Սու-30ՍՄ կործանիչի գինը շահագործման համար անհրաժեշտ զենքի, զինամթերքի և տեխնիկական սպասարկման հետ միասին կազմում է 45-50 մլն. դոլար (Ղազախստանի և Բելառուսի նմանատիպ պայմանագրերից): Մեկ օդաչուի պատրաստումը կարող է արժենալ 2-3 մլն. դոլար, իսկ Սու-30ՍՄ անձնակազմի պատրաստումը՝ 4-6 մլն: Ընդ որում, յուրաքանչյուր մեքենայի համար պետք է ունենալ առնվազն «1․5 անձնակազմ» (օրինակ Իսրայելում, կախված ինքնաթիռի տեսակից՝ 1.5-2 անձնակազմ):

Յուրաքանչյուր անձնակազմ տարեկան պետք է առնվազն 100 թռիչքային ժամ ունենա (ԱՄՆ-ում՝ 200 ժամ, Իսրայելում՝ 200 ժամ, Թուրքիայում՝ 160 ժամ, ՌԴ-ում՝ 130 ժամ): Սու-30ՍՄ թռիչքային ժամի ծախսերը գնահատվում են մոտ 35000 դոլար։ Այդ մեկ ժամում Սու-30ՍՄ ծախսում է 7-8 տոննա վառելիք:

Այսպիսով, վերը նշված ուսումնասիրությունից, մոտավոր և կոպիտ գնահատականներով, 1 էսկադրիլյա ձեռք բերելը և այն մարտունակության հասցնելը կպահանջի 594–732 մլն. դոլար՝ գումարած տարեկան շահագործման 63 մլն. դոլար։

Վերջերս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հաստատեց, որ Հայաստանը մտադիր է գնել 12 Սու-30ՍՄ, իսկ առաջին խմբաքանակը (4 մեքենա) կմատակարարվի «ամենաուշը» 2020 թվականի սկզբին: Ու՞ր է շտապում պարոն Տոնոյանը: Պատրաստված կլինե՞ն արդյոք անձնակազմերը: Դա ժամանակ է պահանջում, անգամ եթե վերապատրաստվեն մեր Սու-25 անձնակազմերը: Այս պարագայում նշեմ, որ շատ երկրներ ունեն օդաչուների մեծ պահանջարկ, օրինակ Ռուսաստանը ունի հազարից ավելի օդաչուի պահանջարկ, իսկ Իսրայելը հինգ տարում քսան կուրսանտից կարողանում է պատրաստել միայն չորսին:

Անգամ եթե չվերականգվեն Արզնիի կամ Կապանի օդանավակայանները ու առաջին 4 մեքենաները կայանվեն «Էրեբունի» ավիաբազայում (երևի միակ տարբերակը) ռուսական օդուժի հետ համատեղ, անհրաժեշտ կլինի ստեղծել նոր ենթակառուցվածք՝ արդեն 2020 թվականին ներմուծել և պահեստավորել լրացուցիչ 3000-4000 տոննա վառելիք, պահեստամասեր, զինամթերք և այլն: Անհրաժեշտ է պատրաստել տեխնիկական սպասարկող անձնակազմեր:

Վերոգրյալից հետևում է, որ Հայաստանը պետք է հայթայթի մեծ գումարներ: Անգամ եթե դիտարկենք միայն 4 մեքենաների գնման հարցը, մեզ մոտակա ժամանակ պետք է մոտ 200 միլիոն դոլար և 2020 թվականից ևս ամենաքիչը տարեկան 20 միլիոն շահագործման ծախսեր: Վերջերս հայտարարվեց, որ Ռուսաստանը տրամադրելու է նոր՝ 100 միլիոն դոլարի վարկ: Ինչպես ցույց էինք տվել 100 մլն. դոլարը բավարար չէ 4 Սու-30ՍՄ կործանիչ-ռմբակոծիչ ձեռք բերելու համար: ՀՀ ռազմական բյուջեն ավելացել է, բայց այդ ավելացումն էլ բավարար չէ գնումն իրականացնելու համար: Այսինքն՝ Սու-30ՍՄ գնման համար նախատեսում են օգտագործել նախկինում տրված $100 միլիոնանոց վարկը: Բայց այդ վարկով զինված ուժերի զարգացման յոթամյա ծրագրով պատվերները տրված էին: 2018 թվականի մայիսի սկզբին տեղեկություն տարածվեց, որ զինված ուժերի զարգացման յոթամյա ծրագրով, 100 միլիոնանոց վարկի հաշվին, մեկ ամսվա ընթացքում մատակարարվելու են ՏՈՌ-Մ2 (ТОР-М2) զենիթա-հրթիռային համակարգեր: Սու-30ՍՄ գնման պատճառով այս և մյուս պատվերները չեղարկելը մեծ հարված կլինի մեր պաշտպանունակությանը, ինչն անընդունելի է: Այժմ պարզ չէ՝ կասեցվե՞լ են, արդյոք, զինված ուժերի զարգացման յոթամյա ծրագրով նախատեսված մյուս ծրագրերը:

Լիարժեք չտիրապետելով վերոհիշյալ յոթամյա ծրագրին, այնուամենայնիվ, նշենք մի քանի, ըստ մեզ՝ կարևոր, ծրագիր, որոնք կարելի է իրականացնել Սու-30ՍՄ գնման փոխարեն:

1. Շարունակել ՀՕՊ-ի զարգացումը պարտադիր գնելով ՏՈՌ-Մ2 (ТОР-М2) ԶՀՀ և «Պանցիր-С1» (Панцирь-С1) ԶՀՀ (Ալժիրին Ռուսաստանը այդ զինատեսակը վաճառում է 15 մլն դոլարով): Բացի այդ մոտենում է Ս-300ՊՏ (С-300ПТ) ԶՀՀ մի մասի շահագործման ժամկետի ավարտը: Այժմ Ռուսաստանը վերազինում է ՀՕՊ-ը Ս-300 համակարգերը փոխարինելով Ս-400-ով և հնարավորություն կա մատչելի գներով ստանալ Ս-300ՊՄ կամ նույնիսկ Ս-300ՊՄ2:

2. Շարունակել ձեռք բերել ժամանակակից ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) և ռադիոտեխնիկական միջոցներ: Օրինակ՝ շատ էֆեկտիվ և միաժամանակ մատչելի են (6 մլն. դոլար) «Կրասուխա» («Красуха») ու «Ռտուտ-ԲՄ» (1Л262 «Ртуть-БМ») ՌԷՊ համակարգերը:

3. Ավելի զարգացնել արդեն թափ առած տեղական ռազմարդյունաբերությունը, մասնավորապես՝

ա) ռազմամթերքի տեղական արտադրությունը, ինչը կտնտեսի զգալի միջոցներ, կթուլացնի լոգիստիկ և այլ կախվածությունները

բ) հեռակառավարվող միջոցների արտադրությունը ոչ միայն մոդայիկ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), այլև հրաձգային զենքի ստացիոնար և մոբիլ հեռակառավարվող համակարգերի ստեղծումն ու արդիականացումը: Այդ ոլորտում հաջողություններ կան, սակայն հատկապես երկրորդ մասով հետաքրքրվածությունը և աջակցությունը բավարար չէ: Առաջնագծի համալրումը նման զենքով, անգամ թշնամու ուժեղ կրակի պայմաններում, էֆեկտիվ միջոց է անսպասելի հարձակումները խափանելու համար

գ) լազերային, ռադիոտեխնիկական, և այլ գիտահեն զինատեսակների ստեղծումը և զարգացումը, զրահաբաճկոնների արտադրությունը

դ) զինված ուժերի ամբողջական և բավարար համալրումը գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքերով

ե) վերջ ի վերջո, լուծել բոլոր զորամասերի և դիրքերի ինժեներական ապահովման, ջրամատակարարման և սանիտարա-հիգիենիկ պայմանների բարելավման հարցերը

 

4. Արդիականացնել ՀՀ զինված ուժերում գտնվող Սու-25Կ (Су-25К) գրոհիչները: Ռուսական մամուլի տվյալներով, Սիրիայում ռազմական գործողությունների փորձը ցույց է տվել, որ արդիականացված Սու-25ՄԿ3 էֆեկտիվությունը բարձրացել է երեք անգամ: Նույն աղբյուրից հետևում է, որ Սու-25Կ գրոհիչի արդիականացումը մինչև Սու-25ՄԿ3 տարբերակը, կպահանջի 6 մլն. դոլար մեկ մեքենայի համար: Տարեկան շահագործման ծախսերն այս դեպքում չեն ավելանա:

 

5. Արդիականացման կարիք ունեն Մի-24 հարվածային ուղղաթիռները: Ռուսաստանը մշակել է Մի-24 ուղղաթիռների մինչև Մի-35Պ տարբերակ արդիականացման մատչելի ծրագիր։  Ամբողջ ծրագիրը կարժենա մոտ 30 մլն. դոլար: Շահագործման ծախսերը չեն ավելանա:

Վերը նշված բոլոր ծրագրերով սպառազինության ձեռքբերման և արդիականացման ծախսերը կազմում են մոտ 400-450 մլն. դոլար, այն դեպքում, երբ միայն 12 Սու-30ՍՄ ձեռքբերման ծախսը կազմում է առնվազն 600 մլն. դոլար: Նշված բոլոր ծրագրերով մարտական պատրաստվածության և շահագործման ծախսերը գրեթե չեն ավելանա, իսկ բոլորովին նոր կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի Սու-30ՍՄ լրացուցիչ շահագործման ծախսերը միայն 2020 թվականին կկազմեն 20 մլն. դոլար, հետագայում ավելանալով տարեկան մինչև 60 մլն. դոլար, չհաշված օդաչուների պատրատման, կառուցվացքային և լոգիստիկ ծախսերը: Ամենամտահոգիչը լրացուցիչ տարեկան շահագործման ծախսերն են:

Մտավախություն ունենք, որ Սու-30ՍՄ գնման ամբիցիոզ «հարձակողական» ծրագիրը իրականացվելու է վերը նշված իբր «պաշտպանողական» ծրագրերի հաշվին: Կասկած ունենք, որ առաջինը կտուժեն տեղական ռազմարդյունաբերության ծրագրերը: Եթե որդեգրվի ավելի ընդունելի մոտեցում, այն է՝ Սու-30ՍՄ գնման ծրագիրը իրականացվի ի լրումն նշված և նախատեսված ծրագրերի, ապա լուրջ վտանգ կառաջանա՝ կդիմանա՞, արդյոք, Հայաստանի տնտեսությունը այս մեր իսկ կողմից սկսած սպառազինության մրցավազքին: Այս ամենը կարող էր իրականանալ, եթե լիներ թռիչքաձև տնտեսական աճ, սակայն կարծես թե դա չի իրականանալու, կախարդական փայտիկն էլ ոնց որ թե չկա: Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ մարտունակությունը պահպանելու համար կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի անձնակազմը պետք է տարեկան առնվազն 100 թռիչքային ժամ ունենա: Հակառակ դեպքում, մարտունակությունը կնվազի ու կվերանա, և Սու-30ՍՄ-ը կվերածվի թանկարժեք մետաղաջարդոնի: Չենք ուզում շահարկել, բայց մի պատկերավոր օրինակ՝ մեկ Սու-30ՍՄ-ի 2-3 ժամվա ընթացքում շահագործելու գումարը բավարար կլինի առաջնագծի բոլոր դիրքերը ջրատար խողովակաշարերով ապահովելու համար:

Եզրակացություն երկրորդ

Սու-30ՍՄ կործանիչ-ռմբակոծիչների ձեռքբերումը ներքաշում է մեզ անհեռանկար սպառազինության մրցավազքի մեջ, ինչը կարող է բերել տնտեսության քայքայմանը և կարևոր ռազմական և ռազմարդյնաբերական ծրագրերի տապալմանը:

Վերը նշված մտահոգությունները դեռ բոլոր ռիսկերը չեն։ Անդրադառնանք առավել մեծ վտանգներին և ռիսկերին:

Անվտանգության ապահովման ռիսկեր

Մենք սիրում ենք ասել «իրավիճակ է փոխվել»: Իրոք իրավիճակ է փոխվել, ապրիլյան պատերազմում պարտություն կրելուց հետո, Ադրբեջանը որոշակի հետևություններ է արել: Ադրբեջանի վերջին տարիների սպառազինության ձեռքբերումներից հետևում է, որ նա նախապատվություն է տալիս մեծ հեռահարության, ճշգրիտ հրթիռային համակարգերին:

Առաջինը՝ Ադրբեջանը 2017 թվականին պատվիրել և ստացել է նախկինում ձեռքբերված 9 Իսրայելական «ԼԻՆՔՍ» (LYNX) համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) նոր հեռահար «ԷՔՍՏՐԱ» (EXTRA - Extended Range Artillery tactical-range artillery missile) հրթիռները, ինչը որակապես փոխել է այդ համակարգի հնարավորությունները: Ռուսական topwar.ru կայքի տվյալներով, այժմ համակարգի հրթիռի հեռահարությունը կազմում է 150 կմ, ճշգրտությունը՝ 10 մետր (Ռուսական «Սմերչի» հեռահարությունը՝ 90 կմ, թուրքական «Քասըրգայինը»՝ 110 կմ):

Երկրորդը՝ 2018 մայիսին Ա. Լուկաշենկոյի ու Նիկոլ Փաշինյանի ջերմ հանդիպումից մեկ ամիս հետո Ադրբեջանը Բելառուսից ստացավ «Պոլոնեզ» ՀԿՌՀ: Ռուսական regnum կայքի տվյալներով, Ադրբեջանը ստացել է 10 համակարգ՝ յուրաքանչյուրի վրա 8-ական հրթիռ, համակարգի հրթիռի հեռահարությունը՝ 200 կմ, ճշգրտությունը՝ 30-50 մետր, մարտագլխիկը՝ 100 կգ:

Երրորդը՝ Ադրբեջանը 2017 թվականին պատվիրել և 2018 թ. ստացել է թուրքական ժամանակակից ՍՈՄ-Բ1 (SOM-B1) ավիացիոն օպերատիվ-մարտավարական օդ-մակերես հրթիռներ: Հրթիռի արձակման հեռահարությունը կազմում է 250 կմ, մարտագլխիկի զանգվածը՝ 230 կգ: Իդեպ, հրթիռի Microturbo TRI 40 տուրբոռեակտիվ շարժիչը ֆրանսիական է, այսինքն՝ Ֆրանսիայի թույլտվությունը անհրաժեշտ էր: Պետք է նշել, որ դեռ հայտնի չէ հրթիռը կրող ինքնաթիռը (Միգ-29 դժվար է ադապտացնել հրթիռին): Հավանաբար, դա կլինի թուրքական արտադրության, ամերիկյան Ֆ-16Դ (F-16 Fighting Falcon) կործանիչը: Կարծում ենք, գործարքը արգելող ԱՄՆ Կոնգրեսի 907 բանաձևը կշրջանցվի, ինչպես շրջանցվեց 2018 թվականին, ՄԴ-530Ֆ (MD-530F «Cayuse Warrior») հարվածային ուղղաթիռի դեպքում:

Չորորդը՝ ամենավտանգավորը, 2018 թվականին Ադրբեջանը ստացել է չորս ԼՕՌԱ (LORA) իսրայելական օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ: Յուրաքանչյուր համակարգը ունի չորս հրթիռ: ԼՕՌԱ համակարգի տեխնիկական բնութագրերը մոտ են «Իսկանդեր» համակարգի բնութագրերին. հեռահարությունը 300կմ, մարտագլխիկի զանգվածը 240կգ, ճշգրտությունը՝ 5 մետր: Գլխավոր տարբերությունը այն է, որ «Իսկանդեր»-ի հրթիռը անխոցելի է, իսկ ԼՕՌԱ-ի հրթիռը ոչ: Մասնավորապես, 2017 թվականին Սիրիայում սիրիական «Պանցիր-С1» ԶՀՀ խոցել է ԼՕՌԱ համակարգի հրթիռը

Վերը նշված զինատեսակների բնութագրերից հետևում է, որ առաջին երկու զինատեսակը հնարավորություն են տալիս Ադրբեջանին իր տարածքի 20-30 կմ խորությունից հարված հասցնել Ստեփանակերտին և մեր սահմանամերձ բոլոր զորամասերին: Իսկ մյուս երկու զինատեսակը հնարավորություն են տալիս հարվածել Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր ռազմավարական օբյեկտներին: Կարծում ենք, Ադրբեջանը պլանավորում է այդպիսի հարված:

Վերոգրյալից հետևում է, որ սպառազինությունների վերջին ձեռքբերումներով Ադրբեջանը ստեղծել է մեզ համար լուրջ վտանգներ, որոնք անհրաժեշտ է չեզոքացնել, և դա հնարավոր է անել առաջին հերթին վերը նշված ՀՕՊ (Ս-300, ՏՈՌ-Մ2 ու «Պանցիր-С1» ԶՀՀ) և ՌԵՊ («Կրասուխա» ու «Ռտուտ-ԲՄ») համակարգերի միջոցով: Բացի այդ, ինչպես նշեցինք, զսպող զենք կարող է հանդիսանալ միայն անխոցելի «Իսկանդեր» համալիրը, որը ցանկալի է լրացուցիչ պաշտպանել: Այս պարագայում ի՞նչ է տալիս մեզ կործանիչ-ռմբակոծիչ ավիացիան, իչպե՞ս է այն չեզոքացնում նշված վտանգները: Ըստ մեզ, Սու-30ՍՄ կործանիչները դառնալու են խոցելի թիրախներ, որոնց պետք է պաշտպանել նույն ՀՕՊ համակարգերով: Գուցե պարոն Տոնոյանը նախատեսում է պաշտպանել Սու-30ՍՄ կործանիչները տեղադրելով դրանք ռուսական ՄԻԳ-29 կործանիչների շարքի մե՞ջ: Իսկ գուցե պարոն Տոնոյանի «հարձակողական» ռազմավարությունը նախատեսում է թշմամու ուժերի ցանկացած կուտակմանը պատասխանել «ճկուն» Սու-30ՍՄ կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի նախահարձակ հարվածո՞վ: Պատկերացնու՞մ է արդյոք ՀՀ ռազմա-քաղաքական ղեկավարությունը նման հարվածի հետևանքները, անգամ եթե հաշվի չառնենք նման հարվածի կասկածելի արդյունավետությունը:

 

Եզրակացություն երրորդ

Կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի ձեռքբերումը չի չեզոքացնում վերը նշված նոր վտանգները, ավելին՝ այն բերում է երկրի պաշտպանունակության նվազմանը, քանի որ գրեթե անհնարին է դարձնում այդ վտանգները չեզոքացնող ՏՈՌ-Մ2 ու «Պանցիր-С1» ՀՕՊ և «Կրասուխա» ու «Ռտուտ-ԲՄ» ՌԷՊ համակարգերի ձեռքբերումը:

Այս նյութը գրեթե պատրաստ էր, երբ սույն թվականի փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում մի շարք, մեղմ ասած՝ վիճելի հայտարարություններ արեց: «Սպառազինության մրցավազքի» ու «արդյունավետ լուծումների» վերաբերյալ ընթերցողը կարող է համեմատել այստեղ բերված հիմնավորումները նախարարի պնդումների հետ: Մեջբերում անենք Դավիթ Տոնոյանի այդ հայտարարությունից. «Փոխվում է հոգեբանությունը, փոխվում է մոտեցումը, քանի որ պաշտպանության մեջ գտնվող բանակները միշտ պարտություն են կրում: Դրա համար մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում։ Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը՝ մենք չենք հապաղելու»:

Պատմական էքսկուրսներ անել չենք ուզում, միայն մեր տարածաշրջանում ուսանելի դեպքերը շատ են։ Միայն ասենք, որ ՀՀ պաշտպանողական դոկտրինը չի նախատեսում անընդհատ «գտնվել պաշտպանության մեջ»: Հայկական զինված ուժերի հոգեբանությունը միշտ տեղն է եղել, ինչը բազմիցս ապացուցվել է և՛ Արցախյան, և՛ Ապրիլյան պատերազմներում: Հայկական զինված ուժերը հաջողությամբ իրականացրել են և՛ պաշտպանողական, և՛ հակահարձակողական, և՛ հարձակողական գործողություններ և պարտություն չեն կրել:

Մտահոգում է նախարարի վերջին նախադասությունը՝ եթե նախկին նախագահ Ս. Սարգսյանը իր 17.03.2017 թ. ելույթում «Իսկանդեր» համակարգի կիրառումը նախատեսում էր Ադրբեջանի հարձակման դեպքում՝ այսպիսով կանխարգելելով և զսպելով ագրեսիան, ապա Դավիթ Տոնոյանի բառերից պարզ չէ, թե որտե՞ղ է «չհապաղելու» «կարմիր գիծը»: Ավելին, նախարարի բառերից հետևում է, որ նախատեսվում է անգամ նախահարձակ հարված, հենց այդպես էին հասկացել և ոգևորված բարձրաձայնել որոշ փորձագետներ: Բայց նախահարձակ չլինելը մեր դոկրինի սզբունքներից է: Պաշտպանության նախարարը՝ քաղաքական պաշտոն է, հարց է առաջանում համաձա՞յն է արդյոք Նիկոլ Փաշինյանը պարոն Տոնոյանի այդ հայտարարության հետ:

Ինչևէ, համարում ենք, որ Սու-30ՍՄ կործանիչների ձեռքբերման ծրագիրը առնվազն մոտակա հինգ տարիների ընթացքում սխալ է և նույնիսկ կարող է վնաս հասցնել երկրի անվտանգությանը ու տնտեսության զարգացմանը:

Առաջարկում ենք առաջին հերթին ձեռք բերել ՏՈՌ-Մ2 ու «Պանցիր-С1» ՀՕՊ և «Կրասուխա» ու «Ռտուտ-ԲՄ» ՌԷՊ համակարգերը:

Առաջարկում ենք նաև պաշտպանության նախարարության աջակցությամբ կազմակերպել քննարկումներ՝ ներգրավելով տարբեր կարծիքներ ունեցող փորձագետներին: Քննարկումների երկրորդ փուլում ներգրավել տեղական ռազմարդյունաբերության և ֆինանսա-տնտեսական բլոկի մասնագետների: Եթե պարզվի, որ Սու-30ՍՄ գնման որոշումը սխալ է, կամ ժամանակավրեպ, ապա վերադառնալ նախկին նախագծերին, իհարկե՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը:

Լևոն Պողոսյան

Ինժեներ-ֆիզիկոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ