Եվ այսպես, վերադարձել ենք կառավարության դիմաց ամենօրյա ցույցերի, տարաբնույթ բողոքի ակցիաների «հին ու բարի» ժամանակներին: Չնայած, ոչ միայն կառավարության դիմաց. բողոքի բազում այլ վայրեր եւս ունենք, թեեւ դրանք, ի վերջո, գալիս-հասնում են կառավարություն: Բացառություն չէր անցած հինգշաբթին` կառավարության հերթական նիստի օրը: Նիստի ժամանակ շենքի դիմաց միանգամից մի 4-5 բողոքի ակցիաներ էին, որոնց շարքերում, իհարկե, աչքի ընկնողը պետական տուրքի 6000 տոկոսանոց բարձրացման հեռանկարի առաջ հայտնված գրավատների եւ փոխանակման կետերի ներկայացուցիչներն էին: Բողոքի ոչ պակաս տպավորիչ ակցիա էլ վերջին օրերին անց է կացվում Օպերայի հարակից տարածքներում: Քաղաքապետարանն այն բանից հետո, երբ «բարեհաջող» կերպով գործազուրկ դարձնելով բազում փողոցային առեւտրականների, հիմա էլ մի կտոր հացից է զրկում Օպերայի հրապարակին հարակից սրճարանների մոտ 300-400 աշխատողներին` ձեռքի հետ էլ փողոց փակող ապագա գործազուրկների գլուխները ջարդելով. բա հո չեն թողնի, որ փողոց փակելու նիկոլական մոնոպոլիան նրա ձեռքից խլեն:
Սկսում ենք մտնել «փակ օղակ». Տնտեսական վիճակը վատթարանում է, եւ արդյունքում պետության փողերը չեն հերիքում, ուրեմն պետք է հարկերն ավելացնել: Հարկերն են որոշում ավելացնել, եւ հերիք չէ, օրինակ, գրավատների եւ գազավորված ըմպելիք արտադրողների տեսքով բողոքավորներ են ի հայտ գալիս, սակայն մեկ է` խնդիրը լուծման չի գնում. հարկի ավելացումը բերելու է տնտեսական ծավալների նվազեցման, այստեղից էլ` հարկատուների, ապա` հարկահավաքման, ու էլի փողերը չեն հերիքելու: Մնում է նոր հարկեր դնել, եւ այդպես շարունակ: Եվ դրան զուգահեռ. Օրինակ` Օպերայի սրճարանատերերի այս աղմկոտ բողոքները տեսնող ո՞ր մի խելքը գլխին ներդրողը կմտածի Հայաստանում ներդրումների մասին: Պոտենցիալ ներդնողին մնում է թքել ու հեռանալ:
Ընդ որում, այս լարումները, որոնք անցած տարվանից աստիճանաբար կուտակվում էին, արդեն իսկ սկսել են կամաց-կամաց իրենց ողջ ծավալով զգացնել է տալ:
Այսպես, այս տարվա առաջին ամսին հավաքագրվել է մոտ 94.5 միլիարդ դրամի հարկ ու տուրք: Իհարկե, անցած տարվա հունվարի 89.6 միլիարդի համեմատ ավելի շատ` մոտ 5 միլիարդով կամ մոտ 5.5 տոկոսով: Բայց ահա հետեւյալ երկու փաստը հաշվի առնենք: Նախ` անցած տարվա նույն հունվարին ունեինք 11.6 տոկոս աճ, այսինքն` ներկայումս կա հարկահավաքման տեմպերի ավելացման կտրուկ անկում: Այն դեպքում, երբ հակառակը պետք է լիներ. Փաշինյանն առավոտից գիշեր խոսում է կոռուպցիայի, մենաշնորհների եւ նման նեգատիվ բաների մասին, որոնք պետք է բերեին «նախահեղափոխական» ժամանակների համեմատ հարկային թռիչքի:
Երկրորդը. անցած տարի ունեցել ենք ՀՆԱ-ի 5.2 տոկոս աճ, այս տարվա ընթացքում էլ գնաճի բավականին բարձր տեմպեր. Հունվարին` նախորդ հունվարի համեմատ 0.8 եւ փետրվարին` 1.9 տոկոս: Այս ամենը առանց որեւէ կոռուպցիայի դեմ պայքարի էլ պետք է հանգեցներ հարկահավաքման մոտավորապես այնքան աճի, ինչը որ ունենք: Իսկ դա նշանակում է, որ կա´մ կոռուպցիայի դեմ պայքար ասվածը իրականում բացարձակապես գոյություն չունի կա´մ էլ, որ ունենք այնպիսի տնտեսական անկումներ, որ արդյունքում տակը հարկային ավելացում գրեթե չի մնում:
Եվ եթե հաշվի առնենք, որ 2018թ.-ի համեմատ այս տարվա պետբյուջեի ծախսերն ավելացել են մոտ 185 միլիարդով, ապա պետք է ամսական միջինը 15 միլիարդով ավել հավաքագրել` հունվարի 5 միլիարդի փոխարեն: Հասկանալի է, հունվարը պասիվ ամիս է, եւ տարվա պիկային ամիսներին մուտքերը կարող են մինչեւ իսկ կրկնապատկվել, որը կարող է բերել անցած տարվա տվյալ ամսվա համեմատ մոտքերի աճի կրկնապատկման: Սակայն այս տեմպերով 5-ի փոխարեն կունենանք 10 միլիարդ ավելացում, որը էլի բավարար չէ` տարեկան սահմանված եկամուտները եւ ծախսերն ապահովելու համար, ինչը տարվա մոտավորապես կեսերից իրեն ծայրահող սրությամբ է զգացնել տալու: Կարճ ասած, փողը պարզապես չի հերիքելու, եւ առկա թվերը հուշում են, որ այդ դինամիկան արդեն իսկ ունենք: Մնում է` հարկերն ավելացնել, ու հիշատակված «փակ օղակը» դառնում է իրողություն:
Քերոբ Սարգսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը