13 03 2019

Ո՞վ է կանգնել փաստի առաջ՝ կառավարությո՞ւնը, «Լիդիա՞ն»-ը, թե՞՝ երկիրը

Ո՞վ է կանգնել փաստի առաջ՝ կառավարությո՞ւնը, «Լիդիա՞ն»-ը, թե՞՝ երկիրը

«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը հայտարարել է Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ ՀՀ կառավարության հետ վեճերի առկայության մասին: Ընկերությունը կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան: Եթե ընկերությունը դիմում է դատարան, վստահ է, որ չի խախտել օրենսդրությունը, իր գործունեության պայմաններն ու պարտավորությունները և ընդհակառակը, դրանք խախտել է մյուս կողմը։

Մի շարք տնտեսագետներ, իրավաբաններ, հանքարդյունաբերության ոլորտի մասնագետներ ամիսներ շարունակ մտահոգություն են հայտնում, որ վիճակը շարունակվելու դեպքում Լիդանը դիմելու է դատարան, և տնտեսական մեծ կորուստներ կկրի Հայաստանը։

Հայաստանի կառավարությունը, որ «Լիդիանի» հետ կապված զարգացումներին արձագանքում է բավավականին անհաջող ու անհավես, այս անգամ արագ արձագանքեց։ «Հրապարակ»-ի հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասել է, թե սրանով «Լիդիանը» կառավարությանը փաստի առաջ է կանգնեցնում։ «Ընդհանուր կարելի է մտահոգվել, այո, հասկանալ, թե առաջին հերթին ինչ պիտի լինի «Լիդիանի» եւ Ամուլսարի հետ։ Այսինքն՝ հիմա արդեն մի տեսակ մեզ փաստի առաջ են կանգնեցնում, պետք է արդեն կշեռքի վրա դնենք եւ այդ կշեռքի բալանսի հիման վրա հասկանանք, թե որ ուղղությամբ պետք է գնանք»։

Սիսեռյանը նաեւ նշել է, որ փորձաքննություններն ընթանում են, այսինքն՝ «Լիդիանը» չի սպասել փորձաքննության եզրակացությանը։

Նախ ուշագրավ է «փաստի առաջ կանգնեցնել» ձևակերպումը։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը չի աշխատում արդեն 10 ամիս։ Հունիսի 4-ին մոտ երկու տասնյակ անձինք փակեցին ճանապարհը։ Հունիսի 5-ին ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ 1450 աշխատակից զրկված է աշխատանքից, և ամենախոշոր ներդրումային ծրագիրը տապալվում է։

Հետո մի քանի օր շրջափակումն ավարտվեց, ու վերջնականապես վերսկսվեց հունիսի 22-ից։ Ընկերությունը քանիցս հայտարարությամբ դիմեց իրավապահներին՝ պահանջելով կատարել իրենց աշխատանքը և ազատել մուտքը։ Հավելենք՝ Լիդիանի աշխատանքները դադարեցնելու որոշումը չէր կայացրել կառավարությունը, այլ՝ երկու տասնյակ քաղաքացիներ։ Բայց կառավարությունը մատը մատին չխփեց՝ վիճակը փրկելու համար։ Միայն մենք հիշում ենք 8 հայտարարություն, որ արել է Լիդիանը՝ պահանջելով իրավապահներից կատարել իրենց աշխատանքը։

2018թ․ հուլիսի 6-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր վարչապետ և աշխատանքի տպավորություն էր ստեղծում, հանդիխպեց «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների, բնապահպանների և քաղաքացիների հետ: Այդ ժամանակ ընկերության տնօրեն Ժոաո Կարելոն հայտարարեց, որ Լիդիանը մեկ ամսում 14 միլիոն դոլար է կորցրել:

Եվ հիմա ո՞վ է փաստի առաջ կանգնեցնում՝ Լիդիա՞նը, որ 8 ամսում առնվազն 8 անգամ հայտարարել է նման շարունակության դեպքում հնարավոր քայլերի մասին, թե՞ կառավարությունը, որ այլ ելք չի թողել։

Վարագ Սիսեռյանը նշել է, որ փորձաքննությունները հիմա ընթանում են, այսինքն՝ Լիդիանը չի սպասել փորձաքննության եզրակացությանը։

Սա ևս, պարզվում է, խեղաթյուրված հայտարարություն է։ Հուլիս ամսին տեսչական մարմինը ստուգում արեց և ասաց, որ տարածքում գտել են կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակ» և «Ապոլոն» անունով թիթեռ։ Այնուհետև բնապահպանության նախարարը հերքեց դա։ Քանի որ տեղական փորձաքննությունը ոչինչ չհայտնաբերեց, բայց, ըստ երևույթին, անհրաժեշտ էր, որ ընկերությանը վնասող ինչ-որ բան, այնուամենայնիվ, հայտնաբերել, սեպտեմբերի սկզբին հայտարարվեց միջազգային փորձաքննության մասին։

7 ամիսը լրանում է, բայց կառավարության ներկայացուցիչները մինչ այս պահը ցույց չեն տվել անգամ փորձաքննության պայմանագիրը։ Ավելին, կառավարությունը միայն մեկ ամիս առաջ է հատկացրել 400 հազար դոլար՝ բազմաթիվ փորձաքննություններ անցած Ամուլսարում կրկին փորձաքննություն անցկացնելու համար։

Ընդ որում, որքանով որ տեղյակ ենք, Լիդիանը չի հայտարարել, որ սպասելու է փորձաքննության պատասխանին, այլ մշտապես պահանջել է բացել ճանապարհը, քանի որ հայաստանյան օրենսդրությամբ, այնտեղ աշխատելու իրավունք ուներ և ունի այժմ։ Եվ ինչո՞ւ բողոքի ցույց անողներին կառավարությունը չասաց, որ սպսասեն փորձաքննության արդյունքներին։

Եվ վերջապես, ամենակարևորը` պետությունը ունի իր լիազորությունները և իր պարտականությունը՝ ապահովելու օրենքների դաշտում աշխատող տնտեսվարողների և քաղաքացիների իրավունքների իրացումը։ Այլապես ստացվում է, որ պետությունն իր անելիքը կամ չի անում՝ միտումնավոր, կամ չի կարողանում անել՝ անկարող է։ Երկու դեպքում էլ դա շատ վատ է և դատապարտելի։

Հիմա որևէ կազմակերպություն՝ լինի Լիդիան, թե մեկ այլը, ի՞նչ վստահություն ունենա կառավարության նկատմամբ, երբ տված խոստումներն ու կատարած աշխատանքները բոլորովին տարբեր են, օրենքներն էլ չեն գործում։

Լիդիանի աշխատողները մի քանի անգամ բողոքի ցույցեր են արել՝ հանքի մոտ, կառավարության դիմաց, հանդիպել են մարզպետին

նամակներ են փոխանցել օմբուդսմենին, ոստիկանությանը, կարծեմ երեք անգամ՝ վարչապետին։

2018թ․ հուլիսի 2-ին ընկերության աշխատողները բողոքի ցույց էին իրականացնում կառավարության դիմաց։ Օգոստոսի 13-ին ևս հավաքվել էին նույն հասցեում և պահանջում էին բացել տալ Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը, ապահովել իրենց աշխատանքի իրավունքը։

Ցուցարարներին ընդունեց նույն Վարագ Սիսեռյանը և խնդրեց սպասել մինչև կառավարության ստեղծած աշխատանքային խումբն ավարտի իր ուսումնասիրություններն Ամուլսարում ու եզրակացություն տա: Մինչև հիմա Սիսեռյանի պատասխանին են սպասում։

2018թ․ նոյեմբերի 20-ի մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ակնկալում է՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի հարցում հնարավոր կլինի մինչև գարուն փաստերի վրա հիմնված որոշում կայացնել: Գարունն արդեն սկսել է, իսկ փորձաքննությունը՝ ոչ։

Ոչ վարչապետի ձայնն է լսվում, ոչ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի, ու մեկ էլ հանկարծ՝ «Լիդիանը մեզ փաստի առաջ է կանգնեցրել»։ Իրականում կառավարությունը չէ, որ կանգնել է փաստի առաջ։ Եթե կուզեք՝ Լիդիանը չէ անգամ, որ կանգնել է փաստի առաջ։ Փաստի առաջ կանգնել է երկիրը՝ դիլետանտ ու անկարող իշխանության պատճառով։ Ներդրողները, որ պետք է «թավշյա հեղափոխությունից» հետո լցվեին Հայաստան և ամեն քար ու թուփի վրա դրախտ կերտեին, ուշադիր նայում են, թե ինչպես է կառավարությունը անգործություն ցուցաբերում և փաստացի խոչընդոտում Լիդիանի աշխատանքին, դիմակավորված մտնում Հարավկովկասյան երկաթուղիներ, Վիոլիա ջուր ու այսպես շարունակ։

Կառավարությունը Լիդիանի հարցով իրականում ունի մեկ փրկություն․ Լիդիանը հայտնում է, որ կառավարության համար բաց են Լիդիանի հետ առկա վեճերը քննարկելու և արագ լուծումներ տալու հնարավորությունները: Պետությունը պարտավոր է՝ ապահովել տնտեսվարողի անարգել գործունեությունը, իսկ ցուցարարների հետ բանակցելով՝ այլ լուծում գտնել։ Այլապես ամբոխահաճո կառավարումը բերելու է լրջագույն հետևանքների, որոնք եթե լուրջ չէն անձնապես Նիկոլ Փաշինյանի կամ Վարագ Սիսեռյանի համար, ապա երկրի համար նույնը չես ասի։

Պետության քայքայումը պոզով ու պոչով չի լինում։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ