Ամուլսարի հարակից համայնքների մոտ 200 կանանց անունից բաց նամակ է հղվել Մարդու իրավունքների պաշտպանին, ոստիկանությունը և կանանց իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություններին:
Նամակում նշված է, որ Ամուլսարի ծրագիրը հարակից համայնքերում բազմաթիվ կանանց համար ոչ միայն արժանապատիվ աշխատանքի, այլև սահմանափակ հնարավորություններով գյուղական համայնքերում նոր մասնագիտություն սովորելու, նոր կյանք սկսելու, ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, շատերի համար՝ փոքր բիզնես նախաձեռնելու և եղածը ընդլայնելու հնարավորություն է:
«Մեզանից շատերը «Լիդիան»-ում աշխատելու ընթացքում ձեռք են բերել նոր հմտություններ, շատերը ստացել են նոր մասնագիտություն, վերաորակավորում: «Լիդիանը» Հայաստանում այն բացառիկ կազմակերպություններից է, որ խթանում է կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորություններ, աշխատանքային հավասար պայմաններ, և մենք հպարտ ենք, որ ունենք արժանապատիվ աշխատանքի և զարգացման հնարավորություն:
Վերջին երկու տարում ընկերությունն աջակցել է ավելի քան 50 փորքր բիզնեսների, որոնցից մեծ մասը վարում են կանայք – մենք անցել ենք բիզնես դասընթացներ, ստացել աջակցություն, վարել մեր բիզնեսները՝ սատարելու մեր ընտանիքներին և նրանց բարեկեցությանը»:
Նամակի տակ ստորագրած կանայք նշում են, որ աշխատելով «Լիդիան»-ում՝ բոլորից լավ են պատկերացնում, թե ինչ բարձր բնապահպանական չափանիշներ են կիրառվում Ամուլսարում: «Թող որևէ մեկը չասի, որ մեզանից շատ է սիրում իր համայնքը, իր ընտանիքն ու երեխաներին: Համայնքի հանդեպ սերը առաջին հերթին ամենօրյա ազնիվ աշխատանքն է: Մենք բոլորից շատ ենք շահագրգրռված մեր ընտանիքների բարեկեցությամբ և բնապահապանությամբ»,- ասված է նամակում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը