«Լիդիան Արմենիա» ընկերությունից կրճատված և կրճատման ծանուցումներ ստացած տեղաբնակ աշխատակիցների շահերը ներկայացնող աշխատակիցների խումբը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Վայոց ձոր մարզի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին։
Հանդիպման ընթացքում աշխատակիցները մարզպետին ներկայացրել են Ամուլսարի հանքի ծրագրի տեխնիկատնտեսական մի շարք մանրամասներ։ Մանրամասն ներկայացվել է նաև Ամուլսարի ծրագրում կիրառվելիք հանքաքարի արդյունահանման, ոսկու կորզման, շրջակա միջավայրի վրա ազդեցությունների կանխարգելման, էներգախնայողության, ինչպես նաև աշխատանքային անվտանգության միջազգային լավագույն փորձի վրա հիմնված ժամանակակից մեթոդները, որոնք, ըստ էության, առաջին անգամ են կիրառվում Հայաստանում։
Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Ծրագրի բնապահպանական և սոցիալական բաղադրիչներին։ Ներկայացվել են ընկերության կողմից որդեգրված բնապահպանական միջազգային չափորոշիչները, որոնք ևս ըստ էության առաջին անգամ են կիրառվում Հայաստնում։ Ներկայացվել են նաև ամփոփ տեղեկատվություն Լիդիան Արմենիա ընկերության կողմից վերջին 10 տարիների ընթացքում իրականացված սոցալիական ծրագրերի վերաբերյալ։
Համայնքների բնակիչներ հանդիսացող Ընկերության աշխատակիցները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց պահանջները Ամուլսարի Ծրագրի ճանապարհների ապօրինի շրջափակման արդյունքում օրեցօր ավելացող շուրջ 1500 գործազուրկների խնդիրը լուծելու վերաբերյալ՝ պահանջելով մարզպետից խնդրի լուծմանն ուղղված գործնական քայլեր։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել աշխատանքից ազատվող աշխատակիցների վարկային պարտավորությունների կատարման ժամանակավոր կասեցման ուղղությամբ, ինչպես նաև խնդրին վերջնական լուծում տալու ժամանակացույցի հստակեցման վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը