05 06 2018

«Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրենի հայտարարությունը

«Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրենի հայտարարությունը

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է ընկերության աշխատանքների խոչնդոտմանը.

«Արդեն երկրորդ օրը մոտ քսան մարդ փակել են Ամուլսարի հանքի շինհրապարակ տանող ճանապարհները՝ ավելի քան 1450 աշխատակցի զրկելով իրենց օրինական աշխատանքով զբաղվելու հնարավորությունից և խոչընդոտելով երկրի ամենախոշոր ներդրումային ծրագրի աշխատանքը: Նման սադրանքն ուղղված է ոչ միայն մեր ընկերության, այլև երկրի դեմ՝ խոչընդոտելով օրական մի քանի հարյուր հազար դոլարի ներդրումների մուտքը երկիր:  

Ամուլսարի ծրագիրը բնապահպանական տեսանկյունից Հայաստանում երբևէ նախագծված լավագույն ծրագիրն է: Ծրագիրն, ի դեպ, դեռևս չի շահագործվում և գտնվում է շինարարության փուլում, այդուհանդերձ, ընկերության նկատմամբ արդեն մի քանի տարի շարունակ իրականացվում է նպատակաուղղված և ֆինանսավորված հակաքարոզչություն՝  բնապահպանական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող և կոռուպցիոն գործարքների մեջ չներգրավված միջազգային թափանցիկ ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակով:

«Լիդիան Արմենիան» պատրաստ է ցանկացած ստուգման՝ բնապահպանական չափանիշների, սոցիալական կառավարման, ֆինանսական հոսքերի, բաժնետերերի կազմի, հարկային մուտքերի թափանցիկության և ցանկացած այլ չափանիշներով: Ընկերությունը վստահ է, որ օբյեկտիվ և պրոֆեսիոնալ չափանիշներով ցանկացած աուդիտ կապացուցի, որ Ամուլսարում կիրառվում են Հայաստանի համար աննախադեպ և միջազգային լավագույն չափանիշները: Ընկերության աշխատանքների ապօրինի խոչընդոտումն ուղղակի հարվածում է երկրի տնտեսությանը և հեղինակությանը: Ընկերությունն ակնկալում է խնդրի իրավաչափ և շուտափույթ լուծում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ