21 02 2019

275 մլրդ դրամ կամ 570 մլն դոլար կորցրեցինք մեր պետությունն ու մենք բոլորս

275 մլրդ դրամ կամ 570 մլն դոլար կորցրեցինք մեր պետությունն ու մենք բոլորս

Ազգային վիճակագրական ծառայությունը ծանր օրեր է ապրում։ Նոր սկսված տարվա մեջ երկրորդ անգամ ուշանում է սոցիալ-տնտեսական ցուցանիշների հրապարակումը։ Առաջինը հունվարին էր, երբ 2018թ․-ի տարեկան ցուցանիշների հրապարակումը ուշացավ մեկ շաբաթով։ Հրապարակվելուց հետո պարզվեց ուշացման պատճառը՝ ծառայություն ամեն ինչ արել էր Նիկոլ Փաշինյանին գոհացնելու համար՝ տարեկան տնտեսական աճի ցուցանիշը գոնե 0,1 տոկոսով ավելի ցույց տալու 11 ամիսների ցուցանիշից։ Այդ մասին անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակմամբ։ 

Եվ ահա վիճծառայությունը կրկին ուշացնում է հունվար ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների հրապարակումը, որ պետք է տեղի ունենար փետրվարի 20-ին։ Պատճառը նույնն է՝ ժամանակ է պետք Նիկոլ Փաշինյանի տնտեսական ձախողումները գլխիվայր շուռ տալու կամ գոնե մեղմացնելու համար։ Բանն այն է, որ անցյալ տարվա հունվարին արձանագրվել էր բարձր՝ 10,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Այս տարվա հունվարին պատկերն այլ է՝ տնտեսական համատարած վատթարացում, տնտեսության ճյուղերում անկում և ծավալների նվազում։ Բնական է, որ նման կացության մեջ գտնվող տնտեսությունը չի կարող գերազանցել նախորդ տարվա հունվարի բարձր տնտեսական աճի ցուցանիշը։ Սակայն Նիկոլ Փաշինյանի՝ պետության թիվ 1 գերակայություն դարձած վարկանիշը չվտանգելը թույլ չի տալիս այդ իրականությունը արտացոլել վիճակագրական ցուցանիշներում։ Պատկերացնո՞ւմ եք, եթե վիճծառայությունն արձանագրի, որ հունվարի գրանցվել է տնտեսական անկում, ի՞նչ վիճակում կհայտնվի տնտեսական հեղափոխության մասին պաթետիկ հայտարարություններ անող վարչապետը։ Անգամ նրա պարբերաբար ստելու և կեղծ տեղեկություններ հայտնելու ունակությունը այս անգամ կարող է չաշխատել։ Բնական է, որ այդ իրավիճակում այլ բան չի մնում, քան պատվիրել վիճծառայությանը «ցույց տալ» թեկուզ փոքր, բայց տնտեսական աճ։ Ինչևէ։

Այդուհանդերձ, ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մեկ այլ ուշագրավ տեղեկատվություն՝ 2018 թ․-ի համախառն ներքին արդյունքի տարեկան ցուցանիշը։ Ավելի պարզս ասած, թե որքանո՞վ է աճել մեր ամբողջ տնտեսությունը փոթորկահույզ 2018թ․-ին։

Այսպիսով, անցյալ տարի Հայաստանի տնտեսական աճը կազմել է 5,2 տոկոս, իսկ համախառն ներքին արդյունքը (տնտեսության ամբողջ ծավալը) կազմել է 6 տրլն 2 մլրդ դրամ։ Վերջին թիվը ընթացիկ գներով է հաշվարկված, այսինքն դրա մեջ ներառված է նաև 2018 թ․-ին գրանցված 2,5 տոկոս գնաճը։ Շա՞տ է սա, թե՝ քիչ, լա՞վ է, թե՞՝ վատ։ Այս հարցերին պատասխանելու համար պետք է հետ գնանք և դիտարկենք, թե ինչպիսի՞ տնտեսական աճ էր արձանագրվում անցած տարվա ընթացքում և, ի վերջո, ի՞նչ մնաց այդ տնտեսական աճից տարեվերջում։

Վերստին հիշեցնենք, որ տարին սկսվեց բարձր տնտեսական աճով՝ հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվությունն է աճել էր 10,6 տոկոսով։ Ապրիլ-մայիս ամիսների այսպես կոչված «թավշյա» հեղափոխության ալիքները ծանր, գուցե և առաջիկա տարիների համար անվերականգնելի հարված հասցրեցին բարձր տնտեսական աճին։ Երկիրը ենթարկելով ներքին շրջափակման, փակելով ոչ միայն փողոցներ քաղաքակներում, այլև միջպետական ճանապարհներ, երկաթուղի, անգամ շրջափակելով օդանավակայանն ու որոշ դեպքերում՝ արգելելով զինվորական տեխնիկայի տեղաշարժերը, մարդկանց դրդելով գործադուլների, Նիկոլ Փաշինյանն ու նրա շրջապատը կաթավածահար էին արել երկրի տնտեսությունը։ Իրավիճակը ավելի վատթարացավ, երբ երկրի ղեկին հայտնվեց ինքը՝ «հրապարակի» վարչապետը։ Վերջինս և կառավարման անընդունակ ու աշխատելու ցանկություն չունեցող թիմը պարզապես տապալեցին մինչ այդ վարվող տնտեսական քաղաքականությունը և սեփական ոչինչ չառաջարկեցին։ Ավելին, նրանց անմիջական մասնակցությամբ փակվեց Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, դադարեց Ամուլսարի ներդրումային ծրագիրը, կասեցվեցին մի քանի խոշոր՝ Երևանի ՋԷԿ-ի, Շնողի ՀԷԿ-ի, Գյումրու զբոսաշրջային կենտրոնի ներդրումային ծրագրերը, հսկայական՝ մոտ 17 մլրդ դրամի վնաս հասցվեց գյուղատնտեսությանը։ Գյուղատնտեսության ծավալները 2017 թ․-ի համեմատ այդքանով նվազեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մեղավորության պատճառով, քանի որ նա հուլիս-օգոստոս ամիսներին թույլ չտվեց լրացուցիչ ջրառ կատարել Սևանա լճից, ինչի պատճառով հիմնականում Արարատյան դաշտի հազարավոր գյուղացիական տնտեսությունների բերքը ոչնչացավ շոգից։ Սակայն սա «թավշյա» հեղափոխության պատճառով մեր բոլորիս կրած ամենամեծ կորուստը չէր։

Տնտեսական աճի տեմպի շեշտակի նվազման պատճառով Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, այսինքն մենք բոլորս կորցրեցինք 275 մլրդ դրամ կամ 570 մլն դոլար։ Պարզաբանենք։

2017 թ․-ին Հայաստանի համախառն ներքին արդյունքը կազմել էր 5 տրիլիոն 568 մլն դրամ, որի համեմատ 2018 թ․-ին 5,2 տոկոս տնտեսական աճից հետո, ինչպես արդեն նշեցինք, անցյալ տարի ՀՆԱ-ն կազմեց 6 տրլն 2 մլրդ դրամ։ Եթե չլիներ ապրիլ-մայիսյան հեղաշրջումը, Հայաստանի տնտեսական աճը կպահպանվեր առնվազն 10 տոկոսի սահմանում։ Այսինքն, մեր համախառն ներքին արդյունքը ընթացիկ գներով կկազմեր 6 տրլն 277 մլրդ դրամ՝ 275 մլրդ դրամով (մոտ 570 մլն դոլարով) ավելի 6 տրլն 2 մլրդ դրամից։ Այդ մենք բոլորս՝ ոչ միայն «հպատներն» ու նրանց առաջնորդը, այդքան վճարեցինք Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար՝ դատարկ խոստումներին կուլ գնալով։ Եվ դա դեռ միայն անցյալ տարվա կորուստն է։

Այս տարի, տնտեսական աճը, եթե լինի իհարկե, ապա, դատելով տեղի ունեցող գործընթացներից, կլինի ավելի ցածր՝ քան 2018 թ․-ին։ Թե ե՞րբ մենք կսկսենք վերակագնել այս և սպասվելիք կորուստները և որքա՞ն ժամանակ կպահանջվի դրա և տնտեսական աճի բարձր ցուցանիշի վերականգնման համար, մի քանի անհայտներով հավասարում է։ Համենայնդեպս, դրա առաջին պայմանը գործող իշխանության և նրա ղեկավարի իշխանությունից հեռացնելն է։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ