01 02 2019

Վիճակագրության ծառայության ամանորյա նվերը՝ Նիկոլ Փաշինյանին

Վիճակագրության ծառայության ամանորյա նվերը՝ Նիկոլ Փաշինյանին

Սովորաբար ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանի նախորդող ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշները հրապարակում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա 20-ին։ Տարեկան ցուցանիշները հրապարկվում են հունվարի 25-ին՝ պայմանավորված ոչ աշխատանքային ամանորյա ժամանակաշրջանով։ Այս անգամ, 2018 թ․-ի նախնական սոցիալ-տնտեսական տարեկան ցուցանիշները հրապարակվեցին հունվարի 31-ին։ Թե ինչո՞ւ ևս մեկ շաբաթով ձգձգվեց տվյալներին հրապարակումը, ոչ ոք ոչ մի բացատրություն չտվեց, բայց պարզ դարձավ դրանց հրապարակումից հետո։

Մինչ այդ մեր երկրի տնտեսական աճի անփառունակ նվազման մասին խոսելով, տարեկան ցուցանիշի մասին տվյալներ էին ներկայացրել պատասխանատու կառույցների ներկայացուցիչները։ Մասնավորապես, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ անցյալ տարվա տնտեսական ակտիվության աճը կլինի 5,3 տոկոս, իսկ Կենտրոնական բանկն իր հաղորդագրության մեջ ավելի հոռետեսական էր գտնվել՝ կանխատեսելով, որ աճը կլինի 5 տոկոսի շրջակայքում, քանի որ «2018 թ․ վերջին տնտեսական ակտիվությունը շարունակում է թույլ մնալ»։ Եվ ահա այս ամենից հետո, մեկ շաբաթ ուշացումով հրապարակվում են 2018 թ․-ի հունվար-դեկտեմբերի տվյալները, որից տեղեկանում ենք, որ տնտեսական ակտիվության աճը կազմել է 5,8 տոկոս, որից էլ պարզ է դառնում, թե ինչո՞ւ էր «ոտքը կախ գցել» ազգային վիճակագրական ծառայությունը։

Կարևոր չէ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և ԿԲ-ին ոչ հավաստի տեղեկություններ են տրամադրել, թե՞ ազգային վիճակագրական ծառայության խորհուրդն ու նախագահն են երկար-բարակ մտորելուց հետո որոշել ամանորյա անակնկալ մատուցել վարչապետին՝ շուրջ մեկ շաբաթ ջանասիրաբար «աշխատել» ստանալու համար 5,8 տոկոս աճի պատկերը։ Բանն այն է, որ հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշով տնտեսական ակտիվության աճը կազմել էր 5,7 տոկոս և անհրաժեշտ էր Նիկոլ Փաշինյանի տնտեսական ձախողումները գլխիվայր շուռ տալով՝ ներկայացնել որպես հաջողություն։ Դրա համար այլ տարբերակ չգտնվեց, քան տարեկան աճի ցուցանիշը 11 ամսվա ցուցանիշից 0,1 տոկոսով ավելի ցույց տալը։ Սակայն, փաստը, որ տարվա առաջին երեք ամիսներին 10,6 տոկոս տնտեսական ակտիվության աճը տարվա արդյունքներով անգամ եթե 5,8 տոկոս է դարձել, խոսում է կառավարության և նրա ղեկավարի կողմից տնտեսական ձախողումների մասին։

Ըստ տնտեսության ճյուղերի վիճծառայության ներկայացրած պատկերը հետևյալն է՝ արդյունաբերությունում աճը կազմել է 4,3 տոկոս, շինարարությունում՝ 4,5 տոկոս, առևտրում՝ 8,7 տոկոս, ծառայություններում՝ 18,8 տոկոս, գյուղատնտեսությունում անկում է արձանագրվել՝ 7,6 տոկոսով։ Եթե նկատի ունենանք, որ ծառայությունների ճյուղն իր ծավալով երկրորդն է առևտրից հետո, ապա ընդհանուր աճի առնվազն կեսը կամ մոտ 3 տոկոսն արձանագրվել է այս ճյուղի շնորհիվ։ Հիշեցնենք, որ այդ աճն էլ արձանագրվել է շնորհիվ հունիս ամսին ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ բուքմեյքերական գրասենյակներում կատարված խաղադրույքների՝ այսինքն, բացարձակ ոչ մի արժեք չի ստեղծվել։ Ինչն էլ նշանակում է, որ իրական տնտեսական աճը 2-3 տոկոսի սահմաններում է։ Մինչդեռ այլ էր պատկերը տարեսկզբին։

Թարմացնենք հիշողությունը․ 2018 թ․-ի հունվար-մարտին արդյունաբերությունն աճել էր 8,2 տոկոսով, շինարարությունը՝ 23 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 2,2 տոկոսով, ծառայությունները՝ 16,5 տոկոսով, առևտուրը՝ 12,9 տոկոսով։ Ընդ որում, այդ ժամանակ ծառայությունների ոլորտի աճի մեջ չկար վերոնշյալ՝ խաղադրույքների գործոնը։ Համադրությունները կարող է անել յուրաքանչյուրը՝ լայվեր լսելուց առաջ և թույլ չտալու համար, որ իրեն հիմարեցնեն։ Չնայած, տնտեսության բոլոր ոլորտներում ընդգրկված մարդիկ արդեն զգում են տնտեսական ակտիվության նվազումն ու ծավալների անկումը, շատերն էլ սկսել են գիտակցել, որ դա «թավշյա» հեղափոխության ուղղակի հետևանքն է։

Արտաքին առևտրի ցուցանիշը ևս հիասթափեցնող է, եթե համեմատում ենք նախորդ տարվա տարեկան աճի ցուցանիշի կամ առավել ևս 2018 թ․-ի առաջին երեք ամիսների աճի ցուցանիշի հետ։ Այսպես, հունվար-դեկտեմբերին արտահանումն աճել է 7,8 տոկոսով, իսկ հուվար-մարտին աճը 34,4 տոկոս էր։ Ներմուծումը, որով օրերս հպարտանում էր կառավարության լոբբինգով անթաքույց զբաղվող մի կառույց, հունվար-դեկտեմբերին աճել է 21,1 տոկոսով, իսկ հունվար-մարտին դա 39 տոկոս էր։

Այժմ միջին ամսական աշխատավարձի մասին։ Այն գրեթե անփոփոխ է։ Ավելի կոնկրետ՝ աճել է 3,8 տոկոսով, որը հիմնականում պայմանավորված է մասնավոր ոլորտում միջին աշխատավարձի 4 տոկոս աճով։ Իսկ ահա պետական ոլորտում միջին աշխատավարձն աճել է 1,6 տոկոսով, ինչը քաղծառայության դասային աստիճանների բարձրացում ունեցողների, աշխատանքային ստաժի ավելացման և դրա հետ կապված օրենքով նախատեսված բարձրացումներն են։ Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում 2018 թ․-ի արդյունքներով կազմել է 172 հազար դրամ, որի մեջ ներառված է եկամտային հարկը։ Այսինքն, այսպես կոչված «մաքուր» միջին աշխատավարձը մոտ 130 հազար դրամ է։

Այսպիսի տնտեսական կացությամբ մուտք ենք գործել 2019 թվական։ Դժվար է ենթադրել, թե այս տարվա հատկապես առաջին երեք ամիսներին ինչպես է պաշտոնական վիճակագրությունը փորձելու սևը սպիտակ ներկայացնել և ցույց տալ թեկուզ չնչին աճ։ Բանն այն է, որ անցյալ տարվա առաջին եռամսյակի բարձր տնտեսական աճի ֆոնին պարզապես անհնար է, որ հետընթաց ապրող տնտեսության թվային արտացոլումը լինի աճի տեսքով։ Մնում է միայն հուսալ, որ վիճծառայությունը կսահմանափակվի Նիկոլ Փաշինյանին մատուցած այս անգամվա ամանորյա անկնկալով և ինքն իրեն հիմար վիճակի մեջ չի գցի։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ