Համաձայն պաշտոնական տվյալների, 2018-ին Հայաստանում, 2017-ի համեմատ, 67 հազարով պակասել է ոչխարի գլխաքանակը, խոշոր եղջերավոր անասուններինը` 65 հազարով, պակասել է նաեւ խոզերի գլխաքանակը:
Հիշատակված անկումներին դեռ կվերադառնանք: Մինչ այդ նկատենք, որ առհասարակ գյուղատնտեսությունում նախորդ տարի արձանագրվել է միանգամայն վտանգավոր դինամիկա: Այսպես, եթե վիճակագրական կոմիտեի տվյալներով` նախորդ տարվա առաջին եռամսյակում` 2017թ. առաջին եռամսյակի համեմատ, գյուղատնտեսությունում ունեցել ենք 2.2 տոկոս աճ, որն իներցիայով երկրորդ եռամսյակում հասել է 6.7 տոկոսի, ապա դրանից հետո միայն խորը անկումներ են. երրորդ եռամսյակում` 12.7 տոկոս եւ չորրորդում` 14.2: Այսինքն, անասնագլխաքանակի անկումը միանգամայն համահունչ է ընդհանուր գյուղատնտեսության տրամաբանությանը:
Ինչի՞ կհանգեցնի այս իրավիճակը․ եթե խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի նվազումը նշանակում է, որ այս տարի ունենալու ենք մսի արտադրության լուրջ անկումներ, եւ արդյունքում` մսի եւ մսամթերքի թանկացումներ: Եվ դա այն դեպքում, երբ նույն վիճակագրական տվյալներով, այս տարվա հունվարին` նախորդ հունվարի համեմատ, մսամթերքի ապրանքախմբում արդեն իսկ ունենք 4.8% գնաճ:
Իհարկե, այդ թանկացումն էապես ավելի մեծ կլիներ, սակայն զգալիորեն ավելացել է մսի ներմուծումը, որը որոշակիորեն մեղմել է թռիչքային գնաճը: Սակայն սա ավելի վտանգավոր գործընթաց է: Այն, որ ներկա թանկացումներն արդեն շատերին ստիպել է տեղական մսից անցնել ներմուծվածին, փաստ է: Ընդ որում, տեղական անասնագլխաքանակի հիշատակված անկումները եւ դրանից ակնկալվող տեղական միս-մսամթերքի հետագա թանկացումը պարզապես ավելի է ակտիվացնելու ներմուծումը: Դա նշանակում է, որ գները թանկացնելով, տեղական արտադրողը պարզապես նկատելիորեն կորցնելու է դիրքերը ներքին շուկայում: Իսկ չթանկացնելը հարվածելու է մսի արտադրության ծավալների անկումից թուլացող գյուղացիությանը: Այսինքն, ցանկացած սցենարով տուժողը գյուղացիությունն է:
Սակայն ասվածը չի նշանակում, որ ներմուծման հաշվին կարելի է կանխել միս-մսամթերքի գնաճը: Ներմուծված միսը եւս նախորդ տարվա ընթացքում որոշակիորեն թանկացել է, եւ եթե այն մեծացնի ծավալները մեր ներքին շուկայում, տեղականին դուրս մղի մրցակցությունից, ապա դա հետագա թանկացումների ամենաուղիղ ճանապարհն է:
Նույն վիճակն է կաթի մասով. կովերի գլխաքանակը նվազել է մոտ 30 հազարով, այսինքն` կաթի արտադրությունը նվազելու է` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Սակայն այստեղ կան որոշ առանձնահատկություններ. Ներկրված կաթը գնային առումով տեղականի համեմատ քիչ մրցունակ է: Իսկ դա նշանակում է, որ այն տեղական կաթի թանկացումներին խանգարող էական գործոն չէ: Այսինքն, կովերի գլխաքանակի անկումը միանգաամից կբերի կաթի թանկացման: Գումարած դրան, կովերի գլխաքանակի անկումը խնդիր է առաջացնելու նաեւ անասնագլխաքանակի վերարտադրության հետ կապված: Այսինքն` այս բոլոր խնդիրները երկարաժամկետ կտրվածքով են սպասելի:
Սրանք` դեռ պաշտոնական տվյալներով: Իրականում, ըստ փորձագետների, անասնագլխաքանակի անկումը նկատելիորեն ավելի մեծ ծավալներով է տեղի ունեցել: Դա նշանակում է, որ հիշատակված բոլոր խնդիրները պետք է բազմապատկել:
Այսպիսով, ի՞նչ են մտածում մասնագետներն այս մասին։ «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Բնականաբար, առաջին հերթին մսի գների բարձրացման մասին են հուշում վիճակարական տվյալները: Առհասարակ, վերջին երեք տարում ՀՀ-ում արձանագրվում է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի անկում: Դրա պատճառը նախարարության սխալ քաղաքականությունն է։ Գյուղատնտեսության նախարարությունը բարձիթողի վիճակում է թողել բնագավառը: Իսկ դրա պատճառն այն է, որ փողոցից բռնում-բերում, նախարար են նշանակում, հետո ասում են` Գյուղնախարարությունը վատ է աշխատում: Հիմա էլ ասում են, թե գյուղնախարարությունը գյուղմթերք արտադրողին պետք չէ: Ո՞վ ասաց, որ պետք չի: Պարոն Փաշինյանը, ով ժողովրդի ընտրյալն է, պետք է էդ հարցը քննարկեր ժողովրդի հետ»:
Այսպիսով, մասնագետը, ըստ էության, խնդիրը տարավ այն հարթություն, որ առկա այս ծանրագույն վիճակով հանդերձ, լուծարվում է Գյուղատնտեսության նախարարությունը: Ասել, թե այդ կառույցն իր բարձունքին է գտնվել, բնականաբար, միամտություն կլիներ: Բայց նաեւ հիշեցնենք` նախորդ տարվա առաջին կեսին ոչ թե խորը անկումներ, այլ` բավականին բարձր աճի տեմպեր ունեինք: Իսկ դա նշանակում է մեկ պարզ բան` անկումների մեղավորը ոչ թե Գյուղատնտեսության նախարարությունն է` որպես կառույց, այլ այդ կառույցը գործունեության մեջ դնողները: Իսկ այդ դեպքում պետք է ոչ թե անհրաժեշտ պետական կառույցը ոչնչացնել, այլ պարզապես այն կարգի բերել: Հակառակ դեպքում, ամենակարեւոր ապրանքատեսակների` սննդամքերքի գերթանկացումներից հաստատ չենք խուսափի:
Քերոբ Սարգսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը