05 09 2024

«Կարճ ասած»․ Հայտնում է միայն ասֆալտ անելու մասին, հող հանձնելու որոշումները թաքուն են



 

Այս կառավարության ու նրա ղեկավարի՝ ուշագրավ գծերից մեկն այն է, որ չնայած բացասական, վատ ազդեցություն, հետևանք ունեցող որոշումներն անգամներով գերազանցում են փոքրիկ դրականին, բայց հանրությանը ներկայացնում են միայն այդ փոքրիկ դրականը․ դրականն էլ միանշանակ չէ։ Ասենք կայացնում են 10 որոշում, որոնցից 9-ը դեմ է պետության ու հանրության շահերին, էն մեկը կողմ, այ էդ մեկին կնվիրեն կառավարության ամբողջ նիստը։ Վերցնեմ էսօրվա կառավարության նիստը։ 43 որոշում էր, որոնցից մեկը վերաբերում էր ռազմական հիմնարկի լուծարմանը։ Վարչապետի պաշտոնում Փաշինյանի առաջին որոշումներից մեկը եղել է Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելը։ Փողեր են ծախսել, որ հայրենական արտադրության սպառազինության՝ արտաքին շուկա դուրս գալու նախադրյալներ ստեղծի, փորձարկում-վերլուծություն անի և այլն։ Հիմա փակում են։ Դե որ բանակը քանդել են, ռազմատեխնիկական ինստիտուտը ինչ են անում, կասեք։ 

Այս լուծարումը թաքուն էր։

Երկու օր առաջ անդրադարձել էի նրան, որ կառավարությունը, որ խոստացել էր 300 դպրոց սարքել-նորոգել, 10 տոկոսը հազիվ արել է․ փոխարենը փակել է ավելի շատ դպրոց։ Նիկոլը պատասխանում է, թե՝ մենք դպրոց չենք փակում։ Կառավարության այսօրվա նիստում որոշվեց փակել Արարատ քաղաքի N3 հիմնական դպրոցը։ Փակում են, ուսուցիչների են թողնում անգործ, որ 45 մլն դրամ տնտեսեն։ Սա էլ էր թաքուն։

Այսօրվա նիստի ամենակարևոր որոշումը գիտե՞ք որն էր․ իմ կարծիքով՝ հենց առաջին որոշումը՝ համաձայնություն տվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու նույն հարցով պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգին և ուղարկեց ՍԴ։ Սա ևս թաքուն էր, չզեկուցվեց։ Դրա փոխարեն կես ժամ Փաշինյանը կարդաց, թե որ փողոցներն են ասֆալտելու։ Հատ հատ կարդում է 25-րդ հարցում ներառված նախագծով փողոցներն ու մայրուղիները, որոնք վերանորոգելու են։ Դա, վստահաբար, անում էր նրա համար, որ ասֆալտը Նիկոլի կառավարության միակ քիչ թե շատ հաջողություն համարողներն ասեն՝ տեսե՞ք, ասֆալտը․․․ Բայց էդ 25-րդ նախագծից առաջ 24 հարցի բովանդակությունը չի կարդում, որովհետև էդ ժամանակ, կարծում եմ, շատ լսողներ հայհոյանքներ էին շռայլելու։ Էդ սկզբի 24 հարցերից մեկով դպրոց է փակել, մյուսով ռազմական հիմնարկ է փակել, մյուսով Հայաստանից սահմանազատման, հողերը թշնամուն հանփնձնող հանձնաժողովի կանոնակարգ է վավերացրել։ Նիոլը այսօր հայտարարում է Երևան-Երասխ, Տաթև-Կապան, Գնդեվազ-Ջերմուկ հատվածների նրոգման մասին, բայց որ նույն հատվածներում թշնամուն տվել է հողեր ու դեռ տալու է, այ էդ նվիրող հանձնաժողովի վերաբերյալ հարցը չի քննարկում։

Թաքցնում է հանձնելու մասին, փակելու մասին, վարկ վերցնելու մասին, լուծարելու մասին նախագծերը, զեկուցում է ասֆալտ անելու մասին նախագիծը, հարկային ինչ-որ արտոնության մասին նախագիծը ու հայտարարում՝ «Հայաստանը դուրս ենք բերել տնտեսական զարգացման նոր ուղեծիր»։ Դու դպրոց ես փակում, ուսուցիչ ես գործից հանում, որ 45 մլն դրամ տնտեսես բյուջեում, ի՞նչ զարգացման ուղեծրից ես խոսում։ Կառավարությունը 6 միլիոն դոլար չի խնայում որ հատկացնի համերգի վրա, որը չի կայանում, 6 մլն դոլար, բայց 100 հազար դոլար խնայում է դպրոցի վրա, կրթության վրա։

Գնում ա Վայոց ձորի մարզ, Ջերմուկ, հետ ա գալիս, ճամփից գրառում է անում, թե՝ հասկացա, որ միանաշանակ՝ ՀՀ-ն զարգանում է շոշափելի տեմպերով: Վայոց ձորի մարզում Ադրբեջանին է հանձնել 100 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք, օկուպացվել է, հետ չեն տալիս, ասում է՝ զենքով էլ չենք բերելու։ Շոշափելին դա է։ Էդ արագ քանդվող ասֆալտները շոշափելի զարգացում չեն, մանավանդ որ տարին երկու անգամ քանդվում են․ էդ նորակառույց դպրոցները շոշափելի զարգացում չեն ձեր պարագայում, քանի որ դուք պայման չեք ստեղծում, որ աշակերտները մնան, ու մեկ-երկու տարի հետո կես են ընկնում արտագաղթի պատճառով․ բայց երկրից 200 քառակուսի կիլոմետր հանձնելը շոշափելի ողբերգություն է։ Այ էս հանձնումները, տապալումները, լուծարումները չեն կարդում կառավարության նիստում։ Ռազմատեխնիկական ինստիտուտը դու բացել ես, դու լուծարում ես՝ դրանով ընդունելով, որ տապալել ես, դրանից առաջ էլ քո բացած ներդրումային կռույցը լուծարեցիր՝ էլի տապալելու, հարկատուների փողերը քամուն տալու, կոռուպցիայի արդյունքում․ էս բաները չեք ասում, չզեկուցվող հարցերի տակ սղացնում եք։ Չէ, ինչի՞ ձախորդությունները մարդկանց ներկայացնի։ Ոնցոր ընտանիքի հերը մի հատ կավից փոքր ծաղկաման բերի տուն ու ասի՝ մեբել եմ առել, զարգանում ենք․ բայց չասի, որ տան երկրորդ հարկը ինքնագլուխ ծախել է, փողերը կազինոյում կրվել , գործից էլ հանել գցել են դուրս։

Կառավարության նիստի այսօրվա թիվ 1 որոշումը, որը չզեկուցվող էր, համաձայնություն տալուց հետո ուղարկվել է ՍԴ, որ Բարձր դատարանը որոշի կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հան­րա­­­պետության Սահմանադրությանը համապատասխանությունը։ Գիտե՞ք, երբ 2019 թվականից Նիկոլ Փաշինյանն ընկավ ՍԴ հետևից, անդամներ փոխեց ոչ իրավաբան պատգամավոր Վահագն Հովակիմյանի օրենսդրական նախաձեռնությամբ (իսկ Հովակիմյանը իր թերթի լրագրողն էր եղել ընդամենը), այդ ժմանակ շատերս էինք ասում, որ Նիկոլ Փաշինյանին նոր կազմով ՍԴ է պետք, որովհետև առաջիկայում այդ կառույց են գնալու հակապետական փաստաղթեր, որոնք պետք է վավերացնել։ Ու Նիկոլին պետք չէ, որ ՍԴ-ում լինի, օրինակ, Ալվինա Գյուլումյանի նման դատավոր, Նիկոլին պետք են կամակատարներ։ Ումի՞ց է կազմված այդ կառույցը հիմա․ փաստաբաններ, որոնք առնչություն են ունեցել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ քրգործերի հետ, իրեն տարբեր փուլերում աջակցություն են հայտնել, հիմա, կարելի է ասել, իր աշխատողներն են։

Կարծում եմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ունի էն ՍԴ-ն, որ ցանկացած հակապետական փաստաթուղթ, որ ինքն է ներկայացնում, իրեն պետք է, կստանա իր ուզած որոշումը։ Սա առաջինն է, վաղը մի շարք պայմանագրեր են մտնելու ՍԴ հանձնումների մասին։ Ու Նիոլ Փաշինյանի ճաշակով ՍԴ-ն պետք է որոշի Նիկոլ Փաշինյանի հանձնումները սահմանադրական են, թե չէ։ Էս կանոնակարգը հանձնումների փաստաթուղթ չէ, բայց հանձնող հանձնաժողովի մասին փաստաթուղթ է։ Հա, ֆորմալ ռումով ներկայացրել են ՍԴ, ընթացակարգով անցնում է, բայց դա մի հիմնարկ է, որտեղ, իմ գնահատմամբ, որոշում է կայացնում Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության նիստում հարցը չի զեկուցում, ասում է՝ հենա ՍԴ-ն կընդունի, ԱԺ-ում կզեկուցեմ, կծանոթանան։ Արդեն գիտի ինչ է լինելու։

Ու շատ կարևոր է, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը հաստատվում է Հայաստանից տարածքներ հանձնելուց հետո․ այդ հանձնաժողովը քննարկում է, որոշում է, հանձնում են, բայց էդ հանձնաժողովի կանոնակարգը Հայաստանը դեռ չի վավերացրել։

Կարճ ասած՝ թե ինչ վտանգավոր փաստաթղթեր են դեռ մեր գլխին գալու, այդ մասին, ըստ երևույթին, գիտեն Նիկոլն ու իր «կիրթ, կուլտուրական, կառուցողական» ընկերը։ Ժողովուրդը կիմանա, երբ արդեն գա հանձնելու պահը։ Իսկ այս պահին ժողովուրդը տեղեկանում է իր աչքին որպես փառ քաշվող մի քանի բաներից, հիմնականում՝ ասֆալտից։ Էս մարդը կարող է մի տեղ ասֆալտ անի, բայց մի ռայոն հանձնի։

Ժողովուրդ ջան ձեզ խաբում է ասֆալտով։ Ինչպես որ խաբել է, շարունակում է խաբել։ Ժողովուրդը, բայց, ավելի շատ ոչ թե խաբվում է, այլ, կարծում եմ, անտարբեր է։ Գիտի, որ ստում են, գիտի որ հանձնում են, բայց անտարբեր է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ