Օրերս Նիկոլ Փաշինյանը հերթական «ցնցող» գրառումը կատարեց, ազդարարելով, որ Հայաստանում գնաճը 2018 թ․-ին կազմել է 1,8 տոկոս՝ «ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3,5-4 տոկոս գնաճ»։ Սա գրառման առաջին մասն էր։ Այնուհետև, վարչապետի պաշտոնակատարը շարունակել է․ «Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը և ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպմանը»:
Գնաճի ցուցանիշին ըստ էության անդրադառանալուց առաջ, նախ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անտեղյակ է Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունից՝ կապված գնաճի նպատակային ցուցանիշի հետ։ Այլապես տեղյակ կլիներ, որ 4 տոկոս գնաճը Կենտրոնական բանկի նպատակային ցուցանիշն է, որ այդ ցուցանիշը հենց այնպես չի ընդունվում և առավել ևս «ի հեճուկս» չի կանխատեսվում։ Նպատակային այդ ցուցանիշը սահմանվում է մի կողմից բարձր գնաճ թույլ չտալու և դրա սոցիալական հետևանքները կանխելու համար, մյուս կողմից՝ որպեսզի գնաճը շատ ցածր չլինի և դրանով սահամանափակի տնտեսական աճը։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի խմբագրած օրաթերթը տարիներ շարունակ քննադատում էր Կենտրոնական բանկին վերաֆինանսավորման տոկոսադրույքները բարձր պահելու միջոցով գնաճը զսպելու համար։ Սա թերևս առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինայնը հակասում է իր նախկին մոտեցումներին, եթե չասենք, որ դա արդեն նրա համար սովորություն է դարձել։
Վարչապետի պաշտոնում հայտնված մարդուն բնորոշ մյուս գործելաոճը տնտեսական աղետալի հետընթացի պայմաններում «գյուտ» անել և առանձնացնելով մի ցուցանիշ, հպարտորեն դա որպես նվաճում ներկայացնել։ Երբեմն դա արվում է մինչ վիճակագրական ծառայության կողմից այդ ցուցանիշը հրապարակելը և իրեն ձեռնտու ժամանակային հատված վերցնելով՝ ինչպես օրինակ իբր թե արձանագրվող ներգաղթի դեպքում։ Տարին դեռ չամփոփած, անհամադրելի ժամանակային հատվածի մասին Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարվեց մի ցուցանիշ, որի վերաբերյալ տվյալները վիճակագրական ծառայությունը հրապարակելու է առնվազն մեկ ամիս անց։ Հաշվարկը պարզ է, այդ ժամանակ մարդիկ մոռացած կլինեն Նիկոլ Փաշինյանի նախորդ հայտարարությունը, եթե պարզվի որ ամեն ինչ այլ է, քան նա ասել էր, իսկ այդ ընթացքում վարչապետի պաշտոնակատարը կհասցի հանդես գալ նոր՝ աղավաղված կամ իրականությանը չհամապատասխանող «փաստերով»։
Գնաճի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումը վատ վիճակը որպես լավ ներկայացնելու անհաջող փորձ էր։ Բանն այն է, որ ցածր գնաճը ցածր տնտեսական աճի ցուցիչներից մեկն է։ Այլապես, Հովիկ Աբրահամյանը պետք է հպարտանար 2015-ին 0,1 գնանկման (ոչ թե գնաճի), իսկ Կարեն Կարապետյանը՝ 2016-ին 1,1 տոկոս գնանկման համար։ Նրանք դա չարեցին, քանի որ հասկանում էին, որ դա ցածր տնտեսական աճի վկայությունն է։ Նիկոլ Փաշինյանը դա արեց իրեն հավատացող զանգվածին դուր գալու համար, փոխարենը ըստ էության խոստովանեց, որ տնտեսական աճը աղետալիորեն նվազել է, ինչը շեշտեցին նաև տնտեսագետները։ Մյուս կողմից էլ քաղաքացիներից շատերը, որոնք տեսել էին ամռանը, ապա նաև դեկտեմբեր ամսին մրգերի ու բանջարեղենի, մսի, ձվի և մթերային այլ ապրանքների բարձր գնաճը, չհավատացին հրապարակված ցուցանիշին։
Բանն այն է, որ գնաճը հաշվարկվում է մոտ 500 ապրանքների և ծառայությունների գների փոփոխությունից։ Դրանց մի մասի գները կարող են աճել, իսկ մյուսներինը՝ մնալ նույնը կամ նվազել, բայց մարդկանց համար առաջին հերթին նկատելի կլինի գների բարձրացումը, ինչն էլ հիմք կդառնա, որ նրանք չհավատան գնաճի հրապարակված ցուցանիշին։ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է 12 ամսյա գնաճի ցուցանիշը, որի մեջ ներառված են բոլոր 500 ապրանքների և ծառայությունների գները և որը մշտապես հրապարակվում է։ Այստեղ կա մեկ այլ նրբություն ևս՝ նախորդ տարի կտրուկ բարձրացան այն ապրանքների գները, որոնք ավելի մեծ տեղ են զբաղեցնում մարդկանց առօրյա ծախսերի մեջ՝ այսինքն սննդամթերքը։ Եթե ոչ պարենային ապրանքներից շատերը կարող ենք գնել ամիսը կամ անգամ տարին մեկ անգամ, ապա սննդամթերք գնում ենք ամեն օր և այստեղ արձանագրվող գնաճն առավել ցավալի է անդրադառնում մարդկանց վրա։ Մի խոսքով, թեև կառավարությունը գներ չի որոշում, բայց կարող է իր գործողություններով ազդել գնաճի վրա։
Այստեղ էլ գալիս ենք Նիկոլ Փաշինյանի գրառման երկրորդ մասին, որ գնաճը հնարավոր եղավ ԿԲ-ի և կառավարության ջանքերով և մի պահ եղավ, երբ գնաճի ցուցանիշը մտահոգիչ էր։ Գնաճի զսպման ԿԲ քաղաքականության մասին արդեն ասվեց։ Ավելացնենք միայն, որ ԿԲ-ն հավանաբար նույնպես չի ցանկանում հայտնվել «տնտեսական հեղափոխությանը» խանգարողների մեջ և ձգտում է վայելել վարչապետի բարեհաճությունը՝ հնարավորինս ցածր գնաճ պահպանելով, բայց դրանով տնտեսական հետընթացում իր մեղքն ունենալով։
Ինչ մնում է կառավարությանը, ապա այո՛, նրա գործողությունների պատճառով իսկապես մի պահը գնաճը մտահոգիչ էր դարձել։ Հիշեցնենք Նիկոլ Փաշինյանին և նրան հավատացող «հպարտ» քաղաքացիներին, որ կառավարությունը բավականին ուշ թույլատրեց Սևանից լրացուցիչ ջրառ կատարել։ Այդ մասին գրառման հեղինակը «մոռացել է» նշել և բնականաբար «մոռացել» է նաև նշել, որ հենց այդ պատճառով բերքի մեծ կորուստ և բարձր գնաճ ունեցանք։ Նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսությունում կորուստը կազմեց շուրջ 16 մլրդ դրամ և դրա մեղավորը անձամբ Նիկոլ Փաշինյանն էր։ Այդքան գումար կորցրեցին գյուղացիական տնտեսությունները, իսկ թե որքա՞ն գումար հավելյալ վճարեցին վարչապետի կամայական մոտեցման պատճառով քաղաքային բնակչությունը՝ գնային թռիչք ունեցած գյուղմթերքներ գնելիս, պետք է հաշվարկել։ Հուսանք, որ հաջորդ գրառման մեջ Նիկոլ Փաշինյանն կանդրադառնա նաև այս ամենին և չի մոռանա նշել իր անձնական պատասխանատվությունը։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը