10 01 2019

Խուզարկությունների հետքերով կամ «բռնել-բաց թողնելու օպերացիան»

Խուզարկությունների հետքերով կամ «բռնել-բաց թողնելու օպերացիան»

Կոռուպցիայի մասին ելույթներ, հարցազրույցներ, մեղադրանքներ, հայտարարություններ շատ եղան նախահեղափողական Հայաստանում: Հետհեղափոխական շրջանում էլ բոլոր հնարավոր պատկան մարմիններն ահազանգում էին կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների, բացահայտումների մասին: Շատ էին նաև աղմկոտ խուզարկություններն ու ձերբակալությունները: Մեղմ ասած՝ ամենօրյա ռեժիմով ականտես էինք լինում «մասկի շոուների» ԱԱԾ, Ոստիկանություն հիմնական գլխավոր դերակատարումներով: Իսկ թե ինչ արժեք ուներ աղմուկը, փորձենք ի մի բերել: Ստորև ներկայացնում ենք մեծ աղմուկ հանած խուզարկությունները, քրեական գործերն ու դրանց հետևանքները:

1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, 2018թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում իրականացրեցին խուզարկություններ Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի առանձնատանը: Հայտնաբերվեց զենք, զինամթերք: Արթուր Ասատրյանը ձերբակալվեց: Իսկ ահա սեպտեբերի 20-ին դատարանի որոշմամամբ նա ազատ արձակվեց: Պարզվեց, որ տուժող է։

2. Հունիսի 21-ին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս» ընկերություններում իրականացված հատուկ գործողություններից հետո ոստիկանությունը հայտարարեց, որ կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ընկերությունների տնօրինությունը շուրջ գործողություններ է իրականացնում «Էլլիպս» ընկերությունում:

Ընկերությունների տնօրենը հանդես եկավ հայտարարություններով, որ ոչ մի չարաշահում չկա, ոստիկանությունը շտապել է հայտարարություններ անելիս: Մի քանի օր հետո՝ հունիսի 25-ին, ոստիկանությունը նորից հայտարարություն տարածեց, որ գործողություններ է իրականացնում «Էլլիպս» ընկերությունում: Բայց միայն այդքանը․ այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչ են հայտնաբերել: Ընկերությունում, ի դեպ, դեռ սպասում են պաշտոնական հայտարարության՝ այն է՝ նախկին հայտարարությունների հիմնավորումներին, կամ հերքմանը։

3. Հունիսի 25-ին ԱԱԾ-ն բերման ենթարկեց Պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին:  Նրան մեղադրանք առաջադրվեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար և նա կալանավորվեց: Մեկ ամիս անց նա ազատ արձակվեց 1 մլրդ դրամ գրավով, նոյեմբերին կրկին կալանավորվեցդեկտեմբերի 30-ին ազատ արձակվեց, այս անգամ, արդեն, 50 միլիոն դրամ գրավի դիմաց: Փաստաբանի կողմից հնչեց հայտարարություն, որ մինչև 2018թ․ ապրիլի 9-ը Վաչագան Ղազարյանն այն պաշտոնյաների թվին էր պատկանում, որոնք պետք է չներկայացնեին հայտարարագիր։

4. 2018 թվականի հուլիսի 3-ին Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն իրականացրեց «Սպայկա» ՍՊԸ-ում: Այնուհետև հաղորդվեց, որ «Սպայկա» ընկերությունը, որը խոշորագույններից է միրգ-բանջարեղենի արտահանման ոլորտում, իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր է ներկայացրել, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել շուրջ 2 միլիարդ 45 միլիոն դրամ գումար: Դեպքի առթիվ 2018 թվականի հուլիսի 13-ին ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: «Սպայկա» ընկերությունը հայտարարեց, որ մամուլից է իմացել չարաշահումների մասին ու չգիտի՝ ինչի մասին է խոսքը։ 

Մի քանի օր անց ՊԵԿ-ը հայտարարեց․ «Գյուղմթերք արտահանող «Սպայկա» ընկերության կողմից հարկային պարտավորությունների պակաս հաշվարկման դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործով որոշում է կայացվել ընկերության նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել»:

5. Հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ ինը ժամ խուզարկել էր Սարգսյանների բնակարանը, որը գտնվում է Երևանի Թումանյան 11 հասցեում, ինչից հետո՝ ուշ երեկոյան, Ալեքսանդր Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի եղբայրը, բերման էր ենթարկվել ԱԱԾ: Հաջորդ օրն անմիջապես նա ազատ էր արձակվել․ ի դեպ՝ դա երկրորդ դեպքն էր: Առաջին անգամ Սարգսյանին բերման էր ենթարկել Ոստիկանությունը՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով, իսկ ժամեր անց նույն կերպ ազատ արձակել: Գործի շարունակությունից այլ տեղեկություն չհաղորդվեց։

6. Հաջորդ խուզարկությունը մեծ աղմուկ բարձրացրեց, որովհետև այն վերաբերում էր գեներալ-լեյտենենտ, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանին: Հուլիսի 13-ին խուզարկություն կատարվեց նրա՝ Մեծ Թաղեր գյուղում գտնվող հայրական առանձնատանը,  նրա հարակից շինություններում, Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հիմնադրված «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում՝ նպատակ ունենալով հայտնաբերելու 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր: Դրան հաջորդեց հաղորդագրություն այն մասին, որ 54 մլն դրամի հափշտակություն է կատարվել «Մարտիկ» հիմնադրամից, և մեղադրանք առաջադրվեց Արթուր Աղաբեկյանին։ Նա մեղադրանքը չընդունեց: Գործն այդպես էլ սառեցվեց, իսկ Արցախից հայտարարություն տարածեցին, որ պատրաստակամ են դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել մեղադրանքում նշված գումարը՝ անկախ ամեն ինչից։

7. Դեռ օգոստոսի 9-ին Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն ստուգումներ էին իրականացրել «Վեոլիա ջուր» ընկերությունում:  Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ ընկերության մի շարք աշխատակիցներ մեղադրվում են հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, ինչպես նաև ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք պաշտոնատար անձանց կաշառք տալու դիտավորության մեջ՝ 2018թ. մատուցվող ծառայությունների սակագները բարձրացնելու նպատակով: Դրան հետևեց ընկերության հայտարարությունը, որտեղ «Վեոլիա ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն հնչեցված մեղադրանքները որակեց անհիմն:

«Վեոլիա ջուր» ընկերությունում ստուգումներից, հայտարարություններից և կոշտ արձագանքից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Ֆրանսիա, ունեցավ մի շարք հանդիպումներ, որոնցում, ըստ տարբեր տեղեկությունների, անդրադարձ է կատարվել նաև այս թեմային՝ դրսի ներդրումներն անպաշտպան լինելու և հեղինակազրկվելու համատեքստում։

Իսկ այն, ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր:

Տևական անորոշությունից հետո նոյեմբերի 27-ին Փաշինյանը նախընտրական քարոզչության շրջանակներում հայտարարեց․ «Կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Այս հենքի վրա ՀՀ կառավարությունը, Հայաստանի հանրությունը նոր հարաբերություններ կկառուցեն ֆրանսիական կազմակերպությունների հետ։ Սա «Վեոլիա ջրի» ու մեր կառավարության համագործակցության առաջին լուրջ օրինակն է»:

Այս հայտարարությանը հետևեցին ՀՀ վարչապետի և փոխվարչապետ Ավինյանի գովասանքի խոսքերը՝ ուղղված «Վեոլիա» ընկերությանը: Իսկ թե նրանց հետ համակարծի՞ք են, արդյոք, իրավապահ մարմինները, դեռ պարզ չէ:

8. Օգոստոսի 8-ին ԱԱԾ-ն հատուկ գործողություններ իրականացրեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղում գտնվող տանը և իրեն պատկանող այլ տարածքներում։ Այնուհետև խուզարկվեցին նաև նրա եղբոր բնակարանն ու գործարանը, դստեր Երևանում գտնվող բնակարանը: Արդյունքում առգրավվեցին զենք-զինամթերք, հետո պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարեցին, որ այդ զենքերը «հնարավոր է» օգտագործվել են 2008-ի մարտի 1-ին։ Եվ արդյունքում ձերբակալեցին երկու անձի, այդ թվում՝ եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին: Որոշ ժամանակ անց Հովիկ Աբրահամյանի եղբայրն ազատ արձակվեց, իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ լրագրողների հետ զրույցում հերքեց իրենց իսկ տարածած հաղորդագրությունը՝ մարտի 1-ի վերաբերյալ:

9. Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, որոշ մասը նաև դիմակավորված, խուզարկություն անցկացրեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակում։ Առգրավեցին փաստաթղթեր, նախնական տեղեկություններով՝ խուզարկությունը կատարվել էր շուրջ 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այդ գործողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին: Իսկ ահա մի քանի օր անց «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարեց, որ «Ռուսական երկաթուղիների» 100 տոկոսանոց «դուստր» հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում հայտնաբերվել է 60 միլիոն դոլարի չարաշահում: Նա տեղեկացրեց, որ այս մասին խոսել են ՌԴ նախագահի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: Փաշինյանը պատմել էր ռուսաստանցի իր գործընկերոջը, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է պատահել այդպես և հավաստիացրեց, որ ՌԴ նախագահը ևս շատ է շահագրգռված կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:

Աղմկոտ խուզարկությանը հաջորդող ամիսները բավականին լուռ էին: ՊԵԿ-ը ևս մի քանի ստուգումներ իրականացրեց, բայց նորից պարզ չէր՝ ինչ նպատակով և ինչ էին փնտրում: Տևական լռությունից հետո, երբ կրկին խոսվեց խախտումների մասին, տարեվերջին ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր. «ՀՀ Քննչական կոմիտեն պարբերաբար չճշտված տեղեկատվություն է տարածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցնող ստուգումների վերաբերյալ: Քննչական մարմինների գործառույթների իրականացման տեսանկյունից նման գործողություններն անհասկանալի են: Նրանք միայն նեգատիվ զգացմունքային ֆոն են ձևավորում Հայաստանի հասարակության շրջանում և չեն կարող այլ խնդիրներ լուծել: Նման հրապարակումները թույլ են տալիս պնդել քննչական մարմինների կողմնակալության մասին: Ընդհանուր առմամբ, գործընթացը չի նպաստում արդյունավետ համագործակցությանը: Իհարկե, մենք չենք կարող բացառել Ընկերության գործունեությանը վերաբերվող որոշ դիտարկումներ: Սակայն քննության նման սկզբունքներն ոչ կոռեկտ են և ՀԿԵ-ի գործունեության կողմնակալ գնահատականների հիմք են հանդիսանում»:

10. Հոկտեմբերի 9–ին մեղադրանք առաջադրվեց գործարար, Հ2 հեռուստաալիքի սեփականատեր և տնօրեն Սամվել Մայրապետյանին: Երկար ժամանակ քննչական մարմինները չէին բացահայտում, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրված: Ապա Մայրապետյանը կալանավորվեց կաշառքի օժանդակության մեղադրանքով: Հետո պարզ դարձավ, որ ոմն Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա է նա կալանավորվել, որը սկսեց ասուլիսներ տալ և հայտարարել թե կաշառք տալու չեմպիոն է: Հետևեցին անվանի գործիչների անձանական երաշխավորությամբ միջնորդություններ, Մայրապետյանի առողջական վիճակի մասին ահազանգեր, քննչական մարմինը, դատախազությունը և դատարանը մնացին անդրդվելի և դա այն դեպքում, երբ ողջ կալանքի ընթացքում Մայրապետյանի նկատմամբ որևէ քննչական գործողություն այդպես ել չիրականացվեց: Արդյուքում առաջ եկան վարկածներ, թե Մայրապետյանին պատանդ են պահում, որ ցուցմունք տա այլ անձի վերաբերյալ։

Դեկտեմբերի 27-ին Սամվել Մայրապետյանը 30 մլն դրամ գրավով ազատ արձակվեց  կալանքից: Այնուհետև Սամվել Մայրապետյանի բուժումը Գերմանիայում շարունակելու նպատակով փաստաբանները դիմեցին ՀՔԾ, բայց ՀՔԾ-ն մերժեց անձնագիրը վերադարձնել:

Մայրապետյանի փաստաբանները հունվարի 2-ին դիմեցին ՄԻԵԴ։ Զարմանալիորեն, մեկ օր անց եվրադատարանն արձագանքեց դիմումին՝ հարցում ուղարկելով ՀՀ արդարադատության նախարարություն։ Հատուկ քննչական ծառայությունը մնաց իր ոճի մեջ, ինքն իրեն հավատարիմ, վերադարձրեց գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը, բայց արգելեց մեկնել Հայաստանից՝ Մայրապետյանին զրկելով անհետաձգելի բուժում ստանալու իրավունքից:

Աղմկահարույց, բայց սին դեպքերն այսքանը չեն, կատարվեցին այլ՝ «հեղափոխական» խուզարկություններ, ձերբակալումներ ևս, որոնք կանգնեցին փակուղու առաջ, ինչպես, օրինակ, Սամվել Ալեքսանյանին պատկանող Ալեքս գրուպի գործը, Մանվել Գրիգորյանի գործը, մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի գործը, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Միքայել Հարությունյանի և այլ գործեր։ Չմոռանանք, իհարկե, գործերի գործը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու կալանքը, որը հենց քննչական մարմիններն են հայտարարել՝ «գործը ջուր է»։

Դժվար է ասել՝ 2019-ին կշարունակվի՞ այս իրավական ֆարսը, թե՞, ի վերջո, կանգ կառնեն և կսկսեն սթափ կառավարել՝ հասկանալով պետության նկատմամբ պատասխանատվության աստիճանը։

Այստեղ կարևոր է մեկ այլ հանգամանք՝ 2019-ը խոզի տարի է։ Անունն ասում է ամեն ինչ։

 

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ