25 10 2022

Փաշինյանի թշնամական ակցիան Կրեմլի դեմ և Ալիևի առջև հերթական խոնարհումը

Փաշինյանի թշնամական ակցիան Կրեմլի դեմ և Ալիևի առջև հերթական խոնարհումը

Ռուսաստանի գործող իշխանության կազմում նվազած, եթե ոչ՝ հատուկենտ հայամետ գործիչներից մեկի՝ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Սա ոչ միայն անձնավորված ու մանրախնդիր քինախնդրության դրսևորում է Նիկոլ Փաշինյանի կողմից անձամբ Կոնստանտին Զատուլինի դեմ, այլև թշնամության ընդգծված ցուցադրություն է Ռուսաստանի Դաշնության և այդ երկրի ղեկավար Պուտինի դեմ:

Տեղեկությունը, որ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է, այսօր տարածեց Նիկոլ Փաշինյանի հողատու ընտանեկան կայքը: Ըստ այդ հրապարակման, ՌԴ Պետդումայի պատգամավոր, Դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ճանաչվել է Հայաստանում «անցանկալի անձ» («պերսոնա նոն գրատա»): Ի դեպ, Նիկոլի ընտանեկան թերթը, առանց սեթևեթումների, միանգամայն բաց տեքստով նշում է, որ Կոնստանտին Զատուլինին «անցանկալի անձ» ճանաչելը պայմանավորված է այն իրողությամբ, որ նա բազմիցս ու սուր քննադատական հայտարարություններ ու բնորոշումներ է արել Նիկոլ Փաշինյանի հասցեին:

Մեր մեջ ասած՝ շատ էլ լավ է արել Կոնստանտին Զատուլինը, իսկ որոշ դեպքերում, նույնիսկ մեղմ է արտահայտվել: Իսկ ի՞նչ կարող էր ասել, ինչպիսի՞ բնորոշումներ կարող էր տալ Նիկոլ Փաշինյանին Կոնստանտին Զատուլինը, ով վերջին տասնամյակներում բավականին սերտորեն համագործեկցել է Հայաստանի ու Արցախի հետ, Ռուսաստանի քաղաքական վերնախավում, ազդեցիկ շրջանակներում հնարավորինս հայամետ դիրքերից է հանդես եկել:

Ավելի՛ն, հենց այդ իրողությունները նկատի ունենալով է, որ դեռ 10-12 տարի առաջ ադրբեջանական իշխանությունները, կոնկրետ՝ Նիկոլի այժմյան սիրելի գործընկեր Իլհամ Ալիևը հայտարարել էին նույն Կոնստանտին Զատուլինի ու ՌԴ Պետդումայի մի քանի այլ պատգամավորների մուտքը Ադրբեջան արգելելու մասին: Այն ժամանակ Կոնստանտին Զատուլինը, բավականին դիվանագիտական արտահայտություններով, իհարկե, Ալիևին ու նրա արգելքի հայտարարությունը գրողի ծոցն էր ուղարկել, նշելով, որ ինքը Հայաստան կամ Արցախ մուտք գործելու համար ինչ-ինչ, բայց Ալիևի թույլտվության կարիքը չունի:

Դե, դա 2010 թվականին էր, այն ժամանակ դեռ Նիկոլ Փաշինյանը մեղադրյալ-բանտարկյալ էր՝ 10 մարդու կյանք խլած արկածախնդրական խառնակչությանհետ կապված:

Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը համարվում է ՀՀ վարչապետ. Արցախը հանձնել է թշնամու հոշոտմանը, ավելի քան 10 հազար քառակուսի կիլոմետր է տվել Ալիևին, առոք-փառոք մարսել է Հայաստանի ու Արցախի դեմ այդ ոճրագործությունը, դրանից հետո մի հատ էլ վերընտրվել է, դրանից հետո արդեն Հայաստանն է կտոր-կտոր տալիս թշնամուն, արդեն ավելի քան 100 քառակուսի կիլոմետրից ավելի է տվել, արևմտյան ու արևելյան թուրքերի հետ սիլի-բիլիների մեջ է: Ալիևի ու Էրդողանի հետ «ջան-ջիգյար» հարաբերությունների մեջ...

Կարող է թվալ, որ Նիկոլ Փաշինյանը, Կոնստանտին Զատուլինին Հայաստանում «անցանկալի անձ» հայտարարելով, սոսկ իր անձնական քինախնդրությունն է դրսևորում, որպես մանրապճեղ, ծաղրանկարային «ֆյուրեր» կամ՝ արյունոտ ծաղրաբռնապետ: Դա կա, իհարկե, բայց միայն դա չէ: Կոնստանտին Զատուլինը, ի լրումն ամենի, Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչ է: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի այդ քայլի մյուս սլաքը կոնկրետ Ռուսաստանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ուղղված թշնամանքի ցուցադրություն է: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը այդպիսով նաև սիրաշահում է Ալիևին՝ ցույց տալով, որ պատրաստ է կատարել նրա որոշումները, օրինակ, Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու մասով:

Վաղը-մյուս օրը, կարող եք չկասկածել, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի զավթած պահել ՀՀ վարչապետի աթոռը, նա և իր կինը մեծագույն հաճույքով Ալիևին կհանձնեն նաև Արցախյան պատերազմներին մասնակցած առավել նկատելի հայերին:

 

Արմեն Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ