Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դեմ պատերազմում պարտության համար ամբողջ պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա: Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նա այսպես է մեկնաբանել Փաշինյանի երեկվա մեղադրանքները ՀԱՊԿ անդամ երկու երկրի հասցեին՝ 2020 թվականին Բաքվին օգնություն ցուցաբերելու համար։
«Իմ դիրքորոշումը վաղուց հայտնի է. Փաշինյանը ստախոս է և սրիկա, որը փորձում է հայ ժողովրդի զայրույթն ուղղել դեպի Ռուսաստան՝ ձախողվելով և կորցնելով այն ամենը, ինչի համար երկար տարիներ պայքարել են իր նախորդները և ողջ հայ ժողովուրդը»,- ասել է Զատուլինը։
Պետդումայի անդամը պարզաբանել է, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության որ երկու երկրի մասին էր խոսում Փաշինյանը։
«Կարելի է համարել Ռուսաստանը և Բելառուսը: Իմ կարծիքով՝ դրա համար պետք չէ ենթադրություններ անել»,- հայտարարել է Զատուլինը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը