02 09 2024

Կոնստանտին Զատուլինը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ

Կոնստանտին Զատուլինը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ

Աղոթում եմ Աստծուն, որ գերության մեջ գտնվող Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի և մյուսների հետ ոչինչ չպատահի: Այս մասին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ իր ուղերձում ասել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Աղոթում եմ, որ նրանք հնարավորինս շուտ վերադառնան իրենց ընտանիքները, վերադառնան Հայաստան, որովհետև դժվար թե նրանք համաձայնեն մնալ այն Լեռնային Ղարաբաղում, որտեղ այլևս հայ չի մնացել:

Սա, անշուշտ, մեծ ողբերգություն է: Եվ անկախ նրանից, թե ով ինչ ասի այս մասին, ես վստահ եմ, որ մենք՝ Ռուսաստանում, չենք կարող չհայտնել մեր ցանկությունը՝ օգնելու ձեզ այսօրվա իրավիճակում: Ես հիմա չեմ ուզում խոսել քաղաքական խնդիրների մասին, մեղավորների անուններ տալ, թեև նրանք, իհարկե, կան։ Ուղղակի ուզում եմ ասել, որ նման պահին ռուսները, եթե իսկապես ռուս են, չեն կարող չզգալ կարեկցելու և օգնելու ցանկություն մեր հավատակիցների՝ հայերի նկատմամբ: Նրանք թողել են իրենց տները, հարազատ վայրերը, եկեղեցիները, վանքերը և, ինչպես գիտենք, շատ կարճ ժամանակում ստիպված են եղել փախստական դառնալ»,- նշել է նա:

Զատուլինը վստահություն է հայտնել, որ ապագայում կգտնվեն լուծումներ, որոնք թույլ կտան, առանց բռնության դիմելու, վերականգնել արդարությունը և Արցախի բնիկ բնակիչները կրկին վերադարձնել:

«Սա իմ ցանկությունն է։ Սա իմ հույսն է»,- ընդգծել է նա։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ