Ստամբուլյան փաստաթուղթ, Արցախի՝ բանակցություններից դուրս թողնում, Մադրիդյան սկզբունքներ․ այս երեքն այն թեմաների շարքում են, որոնք Նիկոլ Փաշինյանը մշտապես մանիպուլացնում է։ Փաստերը զորեղ են, փաստերն են, որ միշտ մնում են, ցավոք՝ այժմ իրավիճակում ենք, որ բարձր ամբիոնից փաստերի փոխարեն հնչում է սուտը։
Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում դարձյալ ստել է՝ հայտարարելով, թե Ռոբերտ Քոչարյանը ստամբուլյան խարտիայով Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։
Այս ստին մի շարք անդրադարձեր են եղել, չոր փաստերով, սակայն նա շարունակում է ստել՝ սովորության համաձայն։ Կարող ենք, իհարկե, ասել՝ «դե Նիկոլն է, խոսում է, թող խոսի», բայց, ցավոք, մշտական մանիպուլյացիաների այս շրջանում կարող են դեռևս գտնվել հատ ու կենտ մարդիկ, որոնք կհավատան նրան։ Ուստի վերստին հրապարակում ենք ստամբուլյան փաստաթղթի վերաբերյալ կոնկրետ փաստերը։
Ընթացիկ տարեսկզբին Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ստել էր Ստամբուլյան խարտիայի մասով։ 2022թ․ փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինքը անդրադարձ կատարեց 1999թ․ նոյեմբերի 9-ին Ստամբուլում ստորագրված ԵԱՀԿ գագաթաժողովի փաստաթղթին՝ ասելով․
«Ստամբուլյան փաստաթուղթը որեւէ մեկը կարդացե՞լ է, թե՝ ոչ։ Իսկապես, սա թեմա է, որը Հայաստանում քննարկվում է ավելի քան երկու ամիս։ Մի մարդ, որը դեռ մեկ ճիշտ խոսք ասած չկա, արել է հայտարարություն, եւ ոչ մեկը չի փորձել կարդալ այդ փաստաթուղթը հասկանալու համար՝ այս մարդը հերթական անգամ ստում է, թե՝ գոնե մեկ անգամ իր ամբողջ կյանքում ճշտմարտությունն է ասել։ Ես այդ փաստաթուղթը ստորագրողն եմ եղել, այդ մարդը ստում է։ Ստամբուլյան փաստաթղթի ստորագրումը մեր դիվանագիտական ամենից լուրջ հաղթանակներից մեկն է եղել այդ տարիների ընթացքում։ Մարդկանց, որոնք հետաքրքվում են Արցախի հարցի կարգավորմամբ, ես կառաջարկեի կարդալ այդ փաստաթղթի առաջին 48 էջը։
Փաստաթղթում կա անդրադարձ հետսովետական տարածքներում կոնֆլիկտների վերաբերյալ։ Մոլոդվա, Վրաստան, Ռուսաստան, Կոսովո, Չեչնիայի հարցը․ բոլոր կոնֆլիկտների վերաբերյալ այդ փաստաթղթի մեջ գրված է՝ մենք հարգում ենք, վերահաստատում ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը, եւ որ հարցը պետք է կարգավորվի այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանականներում։ Վերահաստատվում է Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի տարածքային ամբողջականությունը, եւ միայն Արցախի հարցի կարգավորման պարբերության մեջ չկա ոչինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Պատկերացրեք՝ ինչ աստիճանի էր հասել մեր դիվանագիտությունը, որ Լիսաբոնից հետո հենց Ստամբուլում մենք ստացանք այն փաստաթուղթը, որում, ի տարբերություն այլ կոնֆլիկտների, որեւէ բառ ասված չէ։ Կապ չունի, թե դու որքան ազնիվ ես քո բացատրությունների մեջ, մեկ է՝ հավատում են նրան, ով վարժորեն ստում է։ Եթե դու վարժված ես ստելուն, անում ես առանց ամոթի՝ մարդկանց աչքերի մեջ նայելով, քեզ հավատում են»։
Նույն օրը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը կարևոր մանրամասներ հրապարակեց Ստամբուլյան խարտիայից․
Կոսովո
Երկար տարիների բռնաճնշումներից, անհանդուրժողականությունից եւ բռնություններից հետո Կոսովոյում խնդիր է դրված զգալի ինքնավարության վրա հիմնված բազմաէթնիկ հասարակություն կառուցել՝ Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգմամբ՝ մինչեւ ՄԱԿ ԱԽ-ի 1244 բանաձեւի համաձայն վերջնական կարգավորումը:
Վրաստան
Վերահաստատելով մեր իր վճռական աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը՝ մենք ընդգծում ենք Ցխինվալի տարածաշրջանի/Հարավային Օսիայի եւ Աբխազիայի, Վրաստանի հետ կապված կանֆլիկտների լուծման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Վրաստանի կազմում այդ շրջանների քաղաքական կարգավիճակի որոշման ճանապարհով։
Մոլդովա
Մենք ողջունում ենք վերջին շրջանում ձեռնարկված հուսադրող քայլերը
Մերձդնեստրյան խնդրի կարգավորման գործընթացում։ Այս առումով կարեւոր իրադարձություն դարձավ բարձր մակարդակի հանդիպումը Կիեւում (1999թ. հուլիս): Սակայն գլխավոր՝ Մերձդնեստրի տարածաշրջանի կարգավիճակի որոշման հարցով շոշափելի տեղաշարժեր առայժմ տեղի չեն ունեցել: Մենք վերահաստատում ենք, որ այս խնդրի լուծման դեպքում պետք է ապահովվեն Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Ղարաբաղ
Մենք ստացել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ներկայիս իրավիճակի եւ վերջին զարգացումների մասին եւ գնահատում ենք նրանց ջանքերը։ Մեզ հատկապես ուրախացնում է ակտիվացած երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, որոնց հերթական հանդիպումները պայմաններ ստեղծեցին դրա տեւական ու համապարփակ լուծման որոնման գործընթացին դինամիկա հաղորդելու համար: Մենք վճռականորեն աջակցում ենք այս երկխոսությանը եւ կոչ ենք անում շարունակել այն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման հույսով։ Միեւնույն ժամանակ, մենք վերահաստատում ենք, որ ԵԱՀԿ-ն եւ դրա Մինսկի խումբը, որը կարգավորում փնտրելու ամենահարմար ձեւաչափն է մնում, պատրաստ են աջակցել հետագա խաղաղ գործընթացի առաջխաղացմանը եւ դրա հետագա իրականացմանը, այդ թվում՝ կողմերին բոլոր անհրաժեշտ օգնության տրամադրման միջոցով:
Ռուսաստան
Հյուսիսային Կովկասում վերջին իրադարձությունների կապակցությամբ եւս մեկ անգամ վճռականորեն վերահաստատում ենք, որ մենք լիովին ճանաչում ենք Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը եւ դատապարտում ենք ահաբեկչությունը՝ դրա ցանկացած դրսեւորմամբ»:
Ահա փաստերը սրանք են, որոնք որքան էլ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնի՝ չեն փոխվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը